Մելբուռնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության 2-րդ շրջանում անհաջողության մատնվեց Սարգիս Սարգսյանը: Նա 4 խաղափուլում զիջեց իսպանացի Լոպեսին (6-4, 3-6, 4-6, 6-7) եւ դուրս մնաց հետագա պայքարից: Տպավորիչ արդյունքի հասան Ռուսաստանի ներկայացուցիչները: Մեկնարկի դուրս եկած բոլոր 18 թենիսիստներն էլ հաջողությամբ հաղթահարեցին առաջին փուլի արգելքը: Իսկ ահա 2-րդ փուլում նրանք առաջին կորուստները կրեցին: Առաջինը պայքարից դուրս մնաց Դինարա Սաֆինանՙ զիջելով Ամելի Մորեսմոյին (6-2, 1-6, 0-6): Ալինա Ժիդկովան չկարողացավ դիմադրել Մագդալենա Մալեեւա-Բերբերյանին (4-6, 5-7): Մրցակցությանը չդիմացավ նաեւ Մարիա Կիրիլենկոնՙ պարտվելով սերբ թենիսիստուհի Աննա Իվանովիչից (1-6, 1-6): Իսկ Վերա Զվոնարյովան զիջեց իր հայրենակցուհունՙ Վերա Դուշեւինային (3-6, 3-6):
Ճիշտ է, Ռուսաստանի ուժեղագույն թենիսիստները հաջող հանդես եկան: 3-րդ փուլ մտավ անցյալ տարվա եզրափակիչի մասնակից Մարատ Սաֆինը, որն առավելության հասավ չեխ Բոգդան Ուլիրախի նկատմամբ (6-4, 6-1, 6-3): Հերթական հաղթանակները տոնեցին Սվետլանա Կուզնեցովան ու Մարիա Շարապովանՙ պարտության մատնելով համապատասխանաբար Բարտոլիին ու Ուոտերսին: Սերենա Ուիլյամսն էլ հանդես կգա 3-րդ փուլում:
Իր 2-րդ հաղթանակը տոնեց Անդրե Աղասինՙ պարտության մատնելով գերմանացի Ռայներ Շուտլերին (6-3, 6-1, 6-0): Ի դեպ, Աղասին նախկինում չորս անգամ (1995, 2000, 2001, 2003 թթ.) հաղթող է ճանաչվել Մելբուռնում եւ մեկնարկից առաջ նշել էր, որ չնայած տարիքին, կձգտի եւս մեկ անգամ նվաճել գլխավոր մրցանակը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ