«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2005-01-19 | #8, 2005-01-20 | #9, 2005-01-21


ՋԵՌՈՒՑՄԱՆ ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՎԵԼԻ ԱՆՎՏԱՆԳ Է ՈՒ ՇԱՀԱՎԵՏ

Սակայն մեր արեւոտ երկրում դեռ չի կիրառվում

Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը համոզված է, որ այս տարվանից ջեռուցման լոկալ համակարգի անցնող մեր երկիրը լայն հեռանկարներ ունի նաեւ անցնելու ջեռուցման արեւային համակարգի, ինչը նա տեխնիկապես համարում է լուծված: Նրա ղեկավարած «Տեխնոստանդարտ» ընկերությունն արդեն ստեղծել է 10,12, 4, 2 եւ 1,5 կվտ հզորության արեւային տաքացուցիչներ, միաժամանակ նախատեսել է 100 եւ 180 կվտ հզորության ջրատաքացուցիչների նախագծումը: Ծրագրի իրականացումը, ինչպես ենթադրելի է, կախված է ֆինանսական բարդ խնդիրներից: Պրն Համազասպյանը նշում է, որ Հայաստանի կառավարությունը ցանկության դեպքում կարող է նկատելի աջակցություն ցույց տալ, սակայն, որքան էլ ցավալի է, առ այսօր հետաքրքրության ոչ մի նշույլ չի ցուցաբերել, ինչը նրան խիստ տարօրինակ ու անհասկանալի է թվում, որովհետեւ արեւային տաքացուցիչների ինքնարժեքը բավականին ցածր է, իսկ օգտագործման ժամկետը երկարՙ ավելի քան 50 տարի:

«Հայաստանում ջեռուցման խնդիրները լուծելու առումով արեւային տեխնիկան անփոխարինելի է, նաեւ անվտանգ, մանավանդ եթե նկատի ունենանք վերջին մի քանի ամիսներին գրանցված գազի թունավորումներն ու դժբախտ դեպքերը: Կենցաղի համար գազը չափազանց վտանգավոր է, այդ իմաստով արեւային տեխնիկան համազորը չունի, որովհետեւ բացի անվտանգ լինելուց ունի մեկ այլՙ շատ կարեւոր առավելություն, կարիք չունի կոմունիկացիոն խողովակների: Մեր ծրագրով Հայաստանի էներգիայի 50 տոկոսը հնարավոր կլինի ստանալ արեւից, որն ավելի շահավետ կլինի մեր բնակչության համար, ինչպես նաեւ զգալի չափով կվերանա էներգետիկ կախվածությունն այլ երկրներից: Հելիոֆիկացիայի ծրագրին տեր չկանգնելու պատճառն, իմ կարծիքով, ամենից առաջ դրա կարեւորությունը չգիտակցելն է, հակառակ դեպքում կառավարությունը միջոցներ կգտներ գոնե դպրոցներում կամ մի քանի գյուղերում կիրառելու համար», ասում է նա:

«Տեխնոստանդարտ» ընկերության մշակած մեկ այլ ծրագրով նախատեսվում է հելիոֆիկացնել Հայաստանի գյուղերը. մեկ գյուղի համար անհրաժեշտ գումարը կազմում է մոտ 300 հազար դոլար, ինչը թանկ չի համարվում, որովհետեւ ստացված էներգիայի հետգնման ժամկետը շատ կարճ է, մոտ 1-1,5 տարի: «Կենցաղում Էներգիայի 97,5 տոկոսը ծախսվում է տաք ջրի եւ ջեռուցման համար, իսկ կենցաղային տեխնիկայի համարՙ ընդամենը 2-3 տոկոսը: Գազի կտրուկ թանկացման, մատակարարման ընդհատման եւ անցանկալի այլ դեպքերում գյուղացին խուճապի չի մատնվի, քանի որ իր տան բակում կունենա էներգիայի սեփական աղբյուր: Եթե վարկային ծրագրով գյուղացուն հնարավորություն տրվի մի քանի տարվա ընթացքում 1500 դոլար վճարելով այդ համակարգն ունենալու, նա մոտ 50 տարի կազատվի էներգիայի վարձից: Չպետք է մոռանալ, որ առաջիկա տարիներին սպասվում է գազի խիստ թանկացում, կապված աշխարհում վառելիքի պաշարների նվազման հետ, ավելացնում է նա:

Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի համար կան բոլոր նախադրյալներըՙ հզոր արեւ, գիտատեխնիկական բավարար ներուժ, արտադրական կարողություններ: Առաջարկվում է ծրագիրն իրականացնել 2 փուլովՙ առաջինում լուծել գիտական, արտադրական եւ կազմակերպական հարցերը, նախագծել ժամանակակից անհատական հելիոհամակարգերն ու կազմակերպել դրանց արտադրությունը հայկական ընկերություններում, իսկ Հայաստանի տարբեր շրջաններում, Արցախում եւ Երեւանում ստեղծել 12 արեւային փորձարարներՙ արեւային տեխնիկայի կլիմայական եւ շահագործողական փորձարկումների համար: Երկրորդ փուլում նախատեսվում է կազմակերպել 80-100 դոլար 1 կվտ հզորության համար ցածր ինքնարժեքով անհատական հելիոհամակարգերի խոշոր սերիական արտադրություն, արեւային սարքերի եւ տեխնոլոգիաների արտահանում եւ այլն:

Այս ծրագիրն, ըստ պրն Համազասպյանի, թույլ կտա լուծել 3 կարեւորագույն խնդիր. դառնալ արեւային տեխնիկային եւ տեխնոլոգիաներին տիրապետող երկիր, որն իր կայուն տեղը կգրավի 4-5 տրիլիոն դոլարի սահմաններում գնահատվող արեւային տեխնիկայի միջազգային շուկայում, մասամբ լուծել էներգետիկայի եւ բնապահպանության բնագավառի հիմնախնդիրները, բարձրացնել երկրի էներգետիկ անկախությունն ու կենսունակությունը: Ծրագրի հաշվարկներով գյուղական վայրերում օգտագործվող էներգիայի առնվազն կեսը կստացվի էներգիայի այլընտրանքային աղբյուրներից, 10 անհատական հելիոհամակարգերի ներդրումը թույլ կտա տարեկան խնայել 10 մլն կվտ ջերմային հզորություն, հայկական շուկայում իրացնել 400 մլն դոլարի արեւային տեխնիկա, ստեղծել 20 հազար աշխատատեղ, թեթեւացնել էկոլոգիական խնդիրները, եւ վերջապես արեւային տեխնոլոգիաներով արտադրել եւ արտահանել էկոլոգիապես մաքուր սնունդ:

Կառավարությունից այլեւս աջակցության ակնկալիք չունենալովՙ «Տեխնոստանդարտ» ընկերության ղեկավարն այժմ մտադիր է համատեղ ձեռնարկություն ստեղծել ֆրանսահայ մի գործարարի հետ, ինչպես նաեւ համագործակցել Հարավային Կորեայի հետՙ արեւային տեխնիկայի համար անհրաժեշտ էլեկտրոնիկա ձեռք բերելու հեռանկարով:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4