«Կարելի՞ է արդյոք կատակել կորսիկացիների առնչությամբ: Այո, եթե դա զգուշորեն անում են իրենքՙ կորսիկացիները, եւ ծիծաղում են ուրիշները»: Սա է Պետիյոնի նկարած պատկերապատումի (կոմիքսի) հիմնական գաղափարը, որից ներշնչվել է ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեն Բերբերյանն իր «Կորսիկական քննություն» ֆիլմը նկարահանելիս:
Կորսիկացիների խնդիրներն արծարծելիս հիրավի մեծ ճարտարություն է անհրաժեշտ, քանզի Ֆրանսիային պատկանող Կորսիկա կղզում կան ինչպես ֆրանսամետ ուժեր, այնպես էլ ազգայնականներ: Փարիզի «Աշխարհ» թերթը գրում է, որ Ալեն Բերբերյանի նկարահանած կատակերգությունը կարելի է հաջողված համարել թեկուզ այն իմաստով, որ Ժան Ռենոյի մարմնավորած մաֆիական կերպարը որեւէ դժգոհության պատճառ չի դարձել:
Հաջողված են թե՛ դերասանական խաղը, թե՛ սցենարը, թե՛ Կորսիկայի բնության ու գյուղերի տեսարանները եւ թե՛ Ալեքսանդր Դեպլայի երաժշտությունը, որն ընդմիջարկվում է կորսիկական բազմաձայն երգեցողությամբ: Գլխավոր դերակատարներ Քրիստիան Կլավինի եւ Ժան Ռենոյի համոզիչ խաղն արդեն իսկ հաջողության գրավական է:
Բերբերյանի ֆիլմի հերոսները չեն փիլիսոփայում եւ ոչինչ չեն դատապարտում: Բայց ֆիլմում կան զվարճախոսություններ, ծաղրաբանություն եւ մի շարք իրավիճակներ, որոնք դիտելիս հանդիսականը ժպտում է, քանզի ծանոթ են իրեն: Սա իրոք ժողովրդական կատակերգություն է:
Պ. Ք.