Կառավարության հաստատած նոր օրենքի նախագծի համաձայն
Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը հեղափոխական բնութագրեց երեկ կառավարության հաստատած «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման սակագների մասին» բավականաչափ երկար անվանումով օրենքի նախագիծը: Համաձայն այդ փաստաթղթի, բուսատեսակների եւ կենդանիների ապօրինի ոչնչացման համար սահմանված է հաշվարկված վնասի չափ: Նախարարի կարծիքով, դա հնարավորություն կտա նաեւ քրեական օրենսգրքում հստակ սահմանել բնությանը հասցված խոշոր եւ առավել խոշոր չափերի վնաս հասկացությունը: Օրենքի կենսագործմամբ, Վարդան Այվազյանի համոզմամբ, կլուծվեն անտառների, կարմիր գրքում գտնվող կենդանիների պահպանման խնդիրները:
Նախարարը լրագրողներին հայտնեց, որ սահմանված վնասի սակագները, ի տարբերություն ներկայումս գործող կարգի, լուրջ գումարներ են: Ամենաթանկ գնահատվող կենդանին, ըստ նոր օրենքի, բեզոարյան այծն է, որի ապօրինի որսը կարժենա 6 հազար դոլար: Ինչ վերաբերում է ծառերին, ապա դրանց համար փոխհատուցվող գումարը կազմում է 4 սմ տրամագծով ծառի համար 9 դոլար, մինչեւ 28-30 սմ տրամագծով ծառի համարՙ 135 դոլար: Դրանից ավելի յուրաքանչյուր սանտիմետրի համար գանձվող վնասի չափն ավելանում է 2,5 դոլարով:
«Ազգի» հարցին, թե ո՞ր կառույցն է հայտնաբերելու ապօրինությունները, եւ նրա աշխատակիցները մայրաքաղաքի՞ց են իրականացնելու հսկողությունը, թե՞ մեկնելու են մարզեր, Վարդան Այվազյանը պատասխանեց, որ բնությանը հասցված վնասի հայտնաբերմամբ պետք է զբաղվի նախարարության բնապահպանական տեսչությունը: Նա տեղեկացրեց, որ տեսչությունն ունի 240 աշխատակից, 11 մարզերում առկա են տեսչության մարզային կենտրոններ: Արդյունավետ վերահսկողության համար, նախարարի հավաստմամբ, կամ աշխատակիցների թիվը պետք է ավելացվի, կամ տեխնիկական զինվածության մակարդակը բարձրացվի:
Երեկ կառավարությունը հաստատել է եւս մեկ բնապահպանական փաստաթուղթՙ «Ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման, հոսքի ձեւավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, էկոտոնի եւ անօտարելի գոտիների տարածքների սահմանման չափորոշիչների մասին» որոշումը: Այդ որոշմամբ մասնավորապես ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման տարածքները սահմանվում են մինչեւ 90 մ շառավղով:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ