Նրանց մասին մտահոգվել են միջազգային կազմակերպությունները
Գոհար Խաչատրյան, 40 տարեկան, 3 երեխաների մայր. ազատազրկման է դատապարտվել խարդախության համար: Փողոցային առեւտրական է եղել, հիմա ուզում է խոհարարություն սովորել: Արդեն մի տարի ազատության մեջ է, բայց աշխատանք փնտրելու անօգուտ փորձերը այնքան են հուսահատեցրել, որ ասում է. «Ավելի լավ է բանտ վերադառնամ, քան թե մնամ այսպես, առանց ապրելու միջոցի»:
«Բանտում հայտնվելուց առաջ առաքիչ եմ աշխատել, մի ամիս է, ինչ դուրս եմ եկել, նույնիսկ անձնագիրը վերագրանցելու 1000 դրամը չունեմ: Գործ գտնելու հույսով եմ եկել այստեղ», սա էլ միջին տարիքն անցած մի տղամարդ է:
Թեքեյան մշակութային կենտրոնում երեկ անցկացված միջոցառման մասնակիցների կազմը տարբեր էր նմանատիպ միջոցառումներին հաճախակի ներկա նույնիսկ անզեն աչքի համար: Նյարդային ապրումների ու ծանր կենսակերպի դրոշմն էր դաջված դահլիճում տեղավորված մարդկանցից շատերի դեմքին: Նրանք նախկին ազատազրկվածներ էին, եւ առանց ազատազրկման պայմանական կալանքի ենթարկված անձինքՙ ճակատագրի ամենածանր հարվածը հանգամանքների թե այլ գործոնների պատճառով ապրած մարդիկ:
Հայ նախկին ազատազրկվածներն արժանացել են Բաց հասարակության ինստիտուտ օժանդակության հիմնադրամի եւ «Վորլդ վիժն» կազմակերպության ուշադրությանը: «Հանուն ժողովրդավարական բարեփոխումների ազգային լիգա» հասարակական կազմակերպությունը նրանց աջակցությամբ իրականացնում է նախկին ազատազրկվածների սոցիալ-վերականգնողական ծրագիր: Կենտրոնը ստեղծվել է 1 տարի առաջ եւ արդեն հասցրել է որոշ գործ իրականացնել:
Աշխատանքն այսօր ամենադժվար հայթայթվող կենսական ապրանքն է, որ տարիներ անմատչելի է մնում նույնիսկ ազատազրկման վայրերում չհայտնված հասարակության մյուս հատվածի համար: Ազատության մեջ հայտնվելուց հետո էլ այս մարդիկ երկար ժամանակ, հաճախ մինչեւ իրենց կյանքի վերջը դատապարտված են կրելու անցյալի խարանը, քողարկված կամ առերեւույթ կշտամբանքներ: Շատ քիչ են այն գործատուները, ովքեր համաձայնում են աշխատանք տալ ոչ անբիծ անցյալ ունեցողներին:
1 տարվա ընթացքում կենտրոնը հասցրել է մասնագիտություն ուսուցանել 80 նախկին դատապարտյալի, նրանցից 18-ը կարողացել է աշխատանք գտնել: Մասնագիտությունները բոլորն էլ սպասարկման ոլորտից են: Ուսուցանվում են 4` խոհարարություն, վարսահարդարում, ավտոնորոգում եւ համակարգչային օպերատոր մասնագիտությունները: Յուրաքանչյուր մասնագիտության գծով անցկացվում է 3-ամսյա անվճար ուսուցում:
Այս տարի մասնագիտության ուսուցման ծրագիրը մի փոքր այլ ուղղվածություն ունի: Այս տարի ընդգրկվել են նաեւ հատուկ դպրոցների երեխաների ընտանիքի անդամները: Նրանց մեծամասնությունը եւս աշխատանք չունի: Հիմնականում սոցիալական պայմաններն են պատճառը, որ նրանց երեխաները հայտնվում են հատուկ կամ գիշերօթիկ դպրոցներում:
Կենտրոնը համագործակցում է ոստիկանության, զբաղվածության ծառայությունների, սոցիալական ապահովության նախարարության հետ: Զբաղվածության կենտրոնը 3 ամիսը մեկ ներկայացնում է այն կազմակերպությունների, ֆիրմաների ցանկը, ուր ազատ աշխատատեղեր կան նշված մասնագիտությունների գծով: Կենտրոնի հնարավորությունները, սակայն, սահմանափակ են: Երեկ մասնագիտություն սովորելու համար ցուցակագրվել էր 40 մարդ, եւս 150 նախկին ազատազրկվածներ ցանկություն ունեն նոր մասնագիտություն ձեռք բերելու: Ծրագրի ղեկավարները վարդագույն հույսեր էին տալիս նախկին դատապարտյալներին, սակայն նրանք հո գիտեն, որ իրականությունն այլ է: Նրանց ավելի շատ մտահոգում էր ոչ թե նոր մասնագիտություն սովորելը, այլ սովորելուց հետո աշխատանք գտնելու անհույս հեռանկարը, առավել եւս իրենց կարգավիճակով:
Նրանց մի մասը հատել է 60 տարվա սահմանը, եւ աշխատանք գտնելը գրեթե անհավանական է համարում: Թերեւս առաջարկվող մասնագիտությունները ընտրվել են նաեւ տանը վարսավիրություն անելու, թխվածք թխելու եւ խանութ տանելու, համակարգչի հետ կապված պատվերներ կատարելու հաշվարկով:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ