Ամերիկացիները չեն հարձակվի Իրանի վրա, քանի որ արտերկրում նրանց մյուս ռազմարշավները հաջողություն չբերեցին: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամին:
«Չեմ կարծում, թե ամերիկացիներն այնքան հիմար լինեն, որ պատերազմ սկսեն Իրանի դեմ: Մենք նման հարձակման հավանականությունն անչափ փոքր ենք համարում, եւ դա վերաբերում է նաեւ մյուս երկրներին», հայտարարել է նախագահը Ուգանդա կատարած այցելության ժամանակ:
Ռոյթեր գործակալությունը մեջբերում է Խաթամիի հետեւյալ խոսքերը. «ԱՄՆ-ը քանիցս ցուցադրել է, որ ինքը բավականաչափ խելացի չէ իր գործողությունների հետեւանքների մասին մտածելու համար»:
Սա Խաթամիի մեկնաբանությունն է «Նյու Յորքեր» հանդեսի «Ապագա պատերազմներ» հրապարակման կապակցությամբ, որտեղ պնդվում է, թե 2004 թ. ամռանից Իրանի տարածք են թափանցել ամերիկյան հատուկ ջոկատներ, որոնք թիրախներ են ընտրում ամերիկյան օդուժի ապագա հարվածների համար:
Թեեւ Պենտագոնը հայտարարեց, թե հրապարակումը լի է «անճշտություններով», նախագահ Ջորջ Բուշը հունվարի 18-ին ասաց, որ ինքը չի բացառում Իրանի դեմ ուժ գործադրելու հնարավորությունը, եթե այդ երկիրը չհրաժարվի «միջուկային զենք ստեղծելու փորձերից»:
Մինչդեռ իրանցիները նշում են, որ իրենց միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում եւ ուղղված է երկրի էներգետիկ կարիքների բավարարմանը:
ՄԱԳԱՏԷ-ն տեսչական մի քանի խումբ է գործուղել Իրան: Տեսուչների խոսքերով, միջուկային այն նյութերը, որոնց հետքերը հայտնաբերվել են իրանական միջուկային օբյեկտներում, կարող են օգտագործվել ինչպես ռազմական ուրանի արտադրությունում, այնպես էլ խաղաղ նպատակներով:
Պ. Ք.