«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2005-01-20 | #9, 2005-01-21 | #10, 2005-01-22


ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽ ՀԱՐԿ Է «ՄԱՔՐԵԼ» ԴՐԱՆՔ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ

Տնտեսության ստվերի համար շատ հաճախ հենց նրանց ենք պարտական

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հարկային եւ մաքսային ծառայություններում նախագահի հանդիպումներից հետո, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, հիշյալ կառույցների աշխատակիցները իրենց ավելի ազատ են զգում կամայական գործողությունների համար: Հարկ ենք համարում հիշեցնել վերոնշյալ կառույցների ղեկավարներին եւ աշխատակիցներին, որ ստվերային տնտեսության հսկայական ծավալների համար առաջին հերթին մեղավոր են հենց նրանք, այլ ոչ թե գործարարները: Իսկ նախագահի հետ հանդիպման ժամանակ էլ քննարկվել են ոչ թե կամայականություններին նոր թափ հաղորդելու, այլ բյուջեի մուտքերն ավելացնելու եւ միաժամանակ ստուգումները կանոնակարգելու եւ ձեռներեցությունը խրախուսելու քայլերը:

Վերստին կցանկանայինք ընդգծել, որ հարկային եւ մաքսային պարտավորությունները ձեւականորեն կատարող արտոնյալ գործարարների գոյությամբ երբեւէ հնարավոր չի լինի արդյունավետ պայքարել ստվերային տնտեսության դեմ, ավելացնել բյուջեի մուտքերը եւ ապահովել բարենպաստ գործարար մթնոլորտ: Իսկ անհավասար մրցակցային դաշտն այսօր շարունակում է գոյատեւելՙ ի դեմս «տանիքով» ձեռնարկությունների եւ հարկման դաշտից դուրս ամբողջ ոլորտի (տոնավաճառներ): Բացի այդ, հարկային, մաքսային համակարգերի, ինչպես նաեւ հարկային համակարգ տեղափոխված սոցիալական հիմնադրամի աշխատակիցներին ենք շատ բանով «պարտական» տնտեսվարողների մեծ մասի ստվերում գործելու համար:

Հարկային ծառայությունների աշխատակիցներն են մշտապես շանտաժի ենթարկում գլխավորապես փոքր առեւտրային օբյեկտների տերերինՙ խոշոր տուգանքով սպառնալով հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) կտրոն չտպելու համար: Բնականաբար, առաջարկվում է նաեւ տուգանքից ավելի փոքր գումար իրենց «մուծելով» հարցը լուծելու տարբերակը: Ի՞նչ է մնում այդ դեպքում ձեռներեցին, քան նման տարբերակին համաձայնելը: Իհարկե, կա նաեւ այլ տարբերակ: Գործել օրինական եւ բոլորին տրամադրել ՀԴՄ-ի կտրոնը, ինչը սակայն անհնար է: Այդ դեպքում «անտեր» խանութներն ուղղակի կսնանկանան, քանի որ հարեւան ավելի խոշոր խանութը կամ «տանիքի» շնորհիվ, կամ «լեզու գտնելու» տարբերակներով ավելի քիչ հարկեր կվճարի եւ իր ապրանքներն ավելի էժան կվաճառի:

Ստվերային զբաղվածության հարցում համանման «ներդրում» ունեն սոցիալական հիմնադրամի աշխատակիցները: Հենց նրանց անմիջական աջակցությամբ են գործարարների հաշվետվությունների մեջ համատարած երեւույթ դարձել աշխատակիցների թվի եւ նրանց աշխատավարձերի չափերի նվազեցված տվյալները: Պարզ է, որ իրականում 15 աշխատակից ունեցող, բայց հաշվետվության մեջ 5 ներկայացնող խանութի կամ իրականում 40 հազար դրամ ստացող, բայց հաշվետվության մեջ 13 հազար դրամ ցույց տրված աշխատավարձի չափի տարբերությունները ցանկության դեպքում դժվար չէր լինի հայտնաբերելը: Իսկ չէին հայտնաբերվում, որովհետեւ այդ տարբերությունների շնորհիվ ավելի քիչ գումար էր մուտք գործում սոցհիմնադրամ եւ ավելի շատ հիշյալ աշխատակիցների ու նրանց վերադասների գրպանը: Սակայն հաշվետվությունների հետ կապված այս աղմուկի օրերին ոչ ոք չի հիշում եւ առավել եւս պատժվում նախկինում նման հաշվետվություններ ընդունելու համար:

Կամայականությունների դրսեւորմամբ առանձնապես աչքի են ընկնում մաքսայինները: Այս ոլորտում կոռուպցիայի առկայության մասին հավաստիանալու համար բավական է տեսնել, թե ինչ թանկարժեք ավտոմեքենաներ են կանգնած մաքսային կոմիտեի կամ ստորաբաժանումների շենքերի առջեւ: Չմոռանանք «Ռոյալ Արմենիա» ընկերության հետ կապված միջադեպը, որը երեւան հանեց մաքսային կոմիտեում առկա կոռուպցիան: Հիշեցնենք, որ այդ ընկերությունը դատարանի միջոցով ապացուցեց իր իրավացիությունը եւ մաքսային համակարգի աշխատակիցների պահանջի ապօրինությունըՙ դրանով իսկ ապացուցելով ընկերության ներկայացուցիչների հրապարակայնորեն ներկայացրած այն մեղադրանքը, որ ցածր մաքսային արժեք սահմանելու համար իրենցից կաշառք է պահանջվել: Հիշյալ մեղադրանքն ապացուցեցին նաեւ մաքսային կոմիտեի ղեկավարները, հրաժարվելով պատասխանատվության կանչել իրենց դեմ նման լուրջ մեղադրանք ներկայացնողներին: Սակայն, դժբախտաբար, կոմիտեի ղեկավար այդ մարդիկ նույնպես չպատժվեցին եւ անգամ իրենց պաշտոններից չհեռացվեցին:

Այս օրերին մաքսայինները նույնպես փորձում են ձեւացնել, թե ջանք ու եռանդ չեն խնայում բյուջեի մուտքերն ավելացնելու համար, դարձյալ մոռանալով, որ իրենց նախաձեռնությամբ են ներկրվող ապրանքի մեծ կամ փոքր մասը գործարարները թաքցրել, որ այդ թաքցրածի մի մասի շնորհիվ իրենք ունեն թանկարժեք մեքենաներ: Ընդ որում, մաքսային համակարգի աշխատակիցներն իրենց «հաբռգած» կեցվածքով բավականին հետ են թողել հարկայիններին: Աստված մի արասցե, եթե որեւէ «անտեր» ներկրող փորձի լրացուցիչ պարզաբանումներ ստանալ իր ներկրած ապրանքի համար պահանջվող մաքսատուրքի չափից: Այդ եւ նմանատիպ այլ դեպքերում նա կարող է գործ ունենալ մաքսայիններիՙ ոստիկաններից փոխառած մարդկանց հետ «շփվելու» գործելակերպի հետ:

Վերոնշյալին մնում է միայն ավելացնել, որ մինչ գործարարներին բյուջեի նկատմամբ պարտավորությունների կատարման մտքին սովորեցնելը, հարկ է նախեւառաջ հարկային եւ մաքսային մուտքերն ապահովող կառույցները մաքրել դրանցում աշխատող հին ու նոր «գայլերից», զուգահեռաբար կոռուպցիոն ռիսկերը նվազեցնող մեխանիզմներ ներդնելով: Հակառակ դեպքում, բյուջեի մուտքերն ապահովելու նպատակով պարբերաբար երկրի նախագահի հետ հանդիպումների եւ դրան հետեւող արտակարգ միջոցառումների անհրաժեշտություն կծագի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4