Երեկ ձերբակալվել է «Հայ արիներ» միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանըՙ ազգամիջյան (հրեաների նկատմամբ) թշնամանք հրահրելու մեղադրանքով: Խնդիրը բարձրացրել է Հայաստանի հրեական համայնքը, դատախազությունն էլ ընթացք է տվել փութաջանությամբ:
«Ազգին» հեռախոսով տված մեկնաբանության մեջ Արմեն Ավետիսյանը փաստորեն չհրաժարվեց այդ մեղադրանքից, միաժամանակ ընդգծելով, որ «Ակնհայտ է, որ ստվերում, սեռական այլ ուղղվածություններով մարդիկ եւս նպաստել են ձերբակալմանը: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցը ոնց որ պատվեր լիներ, այս բոլորը մի տեղ է կուտակված ու մի տեղից է գալիս: Ես պատրաստ եմ դատավարությանը եւ ուրախ եմ, որ պիտի հիմնավորեմ ջհուդա-մասոնական ուժերի համակարգված ճնշումները, այդ թվում հրեականության վտանգը»:
Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ պետդեպարտամենտի հակասեմականության մասին զեկույցում Հայաստանից հիշատակվել էր 2 անուն` «ԱԼՄ» հեռուստատեսության տնօրեն Տիգրան Կարապետյանը, որ հակահրեական հայտարարություն է արել եթերով, եւ «Հայ արիներ» միաբանության ղեկավարը, որ կոչ է արել երկիրը մաքրել հրեաներից:
Գործը Երեւանի քաղաքային դատախազությունում է:
Շաբաթ օրը իբրեւ վկա դատարան է հրավիրվել նաեւ լրագրող, պատմաբան, մեր թերթի հեղինակներից Գեւորգ Յազըճյանը: Քննիչ Հրանտ Չախոյանը ներկայացրել է «Հայ արիների» պաշտոնաթերթից Բեյրութի «Սփյուռք» հանդեսում արտատպված նրա հոդվածը` «Ռուսական մասոնության հայազգի դերակատարները» վերտառությամբ: Այս թեմատիկայով, Գեւորգ Յազըճյանը հեղինակած եւ թարգմանած տասնյակ հոդվածներ ու մեկնաբանություններ ունի նաեւ տեղական եւ արտասահմանյան այլ պարբերականներում եւս: Նրա հոդվածները դարձել են Արմեն Ավետիսյանի դեմ հանցակազմի հիմնական բաղադրիչներից:
Գեւորգ Յազըճյանը մի ուշագրավ դիտողություն արեց քննիչների եւ ընդհանրապես գործով զբաղված իրավապահների մասին, որ նրանք շատ տկար պատկերացումներ ունեն իրենց հանձնարարված գործի բովանդակության վերաբերյալ:
Առայժմ հայտնի չէ ե՛ւ մեղադրանքի, ե՛ւ դատավարության ճակատագիրը: Քննիչները շարունակում են նյութեր հավաքել, իսկ հրեական համայնքի ներկայացուցիչները պահանջում են վերացնել հակահրեականություն քարոզող կազմակերպությունը:
Ուշ երեկոյան «Հայ-արիական միաբանության» գերագույն խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է. «Ապազգային տարրերն ու նրանց արտասահմանյան տերերը բացահայտ պատերազմ են հայտարարել Հայ-արիական միաբանությանը, ավելի որոշակիՙ ՀԱՄ-ի առաջնորդ Արմեն Ավետիսյանին: Նրա բացահայտումները ՀՀ իշխանության վերին էշելոններում համասեռականների, հրեա-մասոնական ամենատարբեր դավադրությունների, սոց. քարտերի «կամավոր» պարտադրման ու նման ակտիվ եւ անզիջում գործունեությունն ուղղակի շարժման մեջ է դրել հայության նժդեհյան բնութագրումով տականքին»:
«Հայոց հայրենիքի ազատ մնացած այս փոքրիկ հատվածում պատերազմ է հայտարարվել հայ ազգայնականությանը, իսկ դրա գործիքն ապազգային տականքն է, որն իր ներկայացուցիչներն ունի ՀՀ իշխանական տարբեր օղակներում: ՀՀ-ում առայժմ ոչ մի քր. գործ չի հարուցվել անգամ այն դեպքերում, երբ որոշ ապազգային թափթփուկներ կոպտորեն պղծել են մեր ազգային արժեքներն ու սրբությունները: Ավելինՙ անգամ քաջալերվել են ամենատարբեր մակարդակներով, սակայն ազգային արժեքների պահպանման ու պաշտպանության այսպիսի «գործ» է հարուցվում», ասվում է հայտարարության մեջ:
Վերջում ՀԱՄ գերագույն խորհուրդը զգուշացնում է. «Զգուշացնում ենք, որ ՀԱՄ-ի առաջնորդի նկատմամբ բռնության եւ քաղաքական հետապնդման շարունակումը դարձնելու ենք ոմանց քաղաքական գործունեության կարապի երգը»:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ