«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2005-01-22 | #11, 2005-01-25 | #12, 2005-01-26


ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ ԹՈՒՅԼ Է ՏՐՎԵԼ ԱՅՑԵԼԵԼ ԹԱՎՐԻԶ

«Իլհամ Ալիեւն այցելելու է Հարավային Ադրբեջանի մայրաքաղաք Թավրիզ: Ալիեւը դառնալու է Ադրբեջանի առաջին նախագահը, որն այցելելու է այս պատմական ադրբեջանական քաղաքը, որը Միացյալ Ադրբեջանի խորհրդանիշն է», հունվարի 25-ի համարում գրում է Բաքվի «Զերկալոն»:

Ադրբեջանի նախագահը Թավրիզ այցելելու է այսօր: Արեւելյան Ադրբեջանի նահանգապետ Մոհամմադ Ալի Սոբհանալլահին ԻՌՆԱ գործակալությանն ասել է, որ Իլհամ Ալիեւը մեկօրյա այցի ընթացքում նահանգի իշխանությունների հետ քննարկելու է տնտեսական հարաբերությունների, այդ թվում Թավրիզ-Բաքու օդային չվերթ բացելու հարցը: Անցյալ տարի, երկար քաշքշուկներից հետո, Իրանի իշխանությունները Ադրբեջանին թույլ տվեցին հյուպատոսություն բացել Թավրիզում:

Ալիեւը պաշտոնական այցով երկրորդ անգամ է իսլամական հանրապետությունում: Երեկ տեղի են ունեցել Ադրբեջանի նախագահի հանդիպումներն իր իրանցի գործընկերոջ, ինչպես նաեւ արտգործնախարար Քամալ Խարազիի, Մեջլիսի նախագահ Հադադ Ադիլի, Պահապան խորհրդի ղեկավար Ալի Աքբար Ռաֆսանջանիի, Իրանի կրոնապետ, ազգությամբ ազերի Ալի Խամենեիի հետ: Եռօրյա այցի վերջին օրը ստորագրվելու են ադրբեջանա-իրանական 10 համաձայնագրեր:

Բաքվի թերթերը նկատում են, որ վերջին ամիսներին հաճախակի են դարձել բարձր մակարդակով երկկողմ այցելությունները: Անցնող տարվա օգոստոսին պաշտոնական այցով Բաքվում էր նախագահ Մոհամմադ Խաթամին, դեկտեմբերին Ադրբեջան այցելեցին տեղեկատվության (հատուկ ծառայությունների) նախարար Ալի Յունեսին եւ պաշտպանության նախարար Ալի Շամխանին:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Մ. Նահանգները հոգեբանական պատերազմ է սկսել Իրանի նկատմամբ, եւ Ադրբեջանը, ըստ ամերիկյան մամուլում հայտնվող հրապարակումների, կարող է դառնալ իսլամական հանրապետության դեմ ամերիկյան ագրեսիայի գլխավոր հենակետ: Մասնավորապես, ամերիկյան «Atlantic Monthly» ամսագիրը մի ծավալուն հոդված է հրապարակել «Իրանի հետ պատերազմի սցենարը» վերնագրով, որի հեղինակն ԱՄՆ օդուժի պաշտոնաթող գնդապետ Սեմ Գարդիներն է: Նրա պատրաստած սցենարով առաջարկվում է Ադրբեջանի տարածքն օգտագործել Իրանի վրա օդային եւ հատուկ ուժերի գրոհների համար:

«Նյու Յորքեր» հանդեսի «Ապագա պատերազմներ» հրապարակման համաձայն, 2004 թ. ամռանից Իրանի տարածք են թափանցում ամերիկյան հատուկ ջոկատներ, որոնք թիրախներ են ընտրում ամերիկյան օդուժի ապագա հարվածների համար: Թեեւ Պենտագոնը հայտարարեց, որ հրապարակումը լի է անճշտություններով, Ջորջ Բուշը հունվարի 18-ին ասաց, որ ինքը չի բացառում Իրանի դեմ ուժ գործադրելու հնարավորությունը, եթե այդ երկիրը չհրաժարվի «միջուկային զենք ստեղծելու փորձերից»:

Երեկ Խաթամի-Ալիեւ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահն ասել է, որ Թեհրան-Բաքու հարաբերությունները ոչ միայն կարեւոր են տարածաշրջանային համագործակցությունն ընդլայնելու, այլեւ յուրահատուկ պատեհ առիթ են տարածաշրջանային կայունություն եւ խաղաղություն հաստատելու համար:

Դատապարտելով ահաբեկչությունը, պատերազմը եւ օկուպացիան, մասնավորապես մեր ժամանակներում, համաձայն ԻՌՆԱ-ի, Խաթամին ասել է. «Մենք հայտարարում ենք, որ Իրան-Ադրբեջան սահմանը եղբայրության ու գործընկերության սահման է, եւ մեր կապերը կարող են համագործակցության լավ օրինակ լինել այլ երկրների համար»:

Խաթամին ընդգծել է, որ երկու երկրների անվտանգության խնդիրները միմյանցից զատելի չեն. «Հարգելով Ադբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք անելու ենք հնարավորըՙ պահպանելու տարածաշրջանային անվտանգությունը»: Հունվարի 24-ի երեկոյան Ալիեւին դիմավորելու արարողությունից հետո Խաթամին ասել էր, որ Իրանն այն քիչ երկրներից է, որ պաշտպանում է Ադրբեջանի ազգային ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը:

Երկու նախագահները գոհունակություն են հայտնել վերելք ապրող երկկողմ հարաբերությունների մակարդակից, ինչպես նաեւ նկատել են, որ Թեհրանը եւ Բաքուն սերտորեն համագործակցում են Իսլամական կոնֆերանս կազմակերպության, ՄԱԿ-ի, Տարածաշրջանային համագործակցություն կազմակերպության շրջանակներում:

Այսօր առավոտյան Խաթամիին երկրորդ անգամ հանդիպելուց, ապա 10 միջպետական փաստաթղթեր ստորագրելուց հետո Իլհամ Ալիեւը Թեհրանից կուղեւորվի Թավրիզ: Ադրբեջանը, երբեմն պաշտոնական մակարդակով, չի թաքցնում հարեւան հանրապետության նկատմամբ տարածքային որոշակի հավակնությունները: Այսպես, Ադրբեջանի նախկին նախագահներից Աբուլֆազ Էլչիբեյը բացահայտ հայտարարում էր, որ ադրբեջանական դրոշը վաղ թե ուշ պետք է ծածանվի Միացյալ Ադրբեջանի մայրաքաղաք Թավրիզի վրա: Տարիներ շարունակ Թեհրանը ոչ միայն ձգձգում էր Թավրիզում ադրբեջանական հյուպատոսություն բացելու հարցը, այլեւ ամեն կերպ խոչընդոտում էր ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Իրանի հյուսիսային շրջաններ: Այնպես որ, ինչպես նկատում է Բաքվի «Զերկալոն», Ալիեւի այցը Թավրիզ իրոք պատմական է:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4