Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 60-ամյակի առթիվ կազմակերպված ՄԱԿ-ի ընդհանուր ժողովի հատուկ նստաշրջանում կազմակերպության գլխավոր քարտուղար Կոֆի Անանը հայտարարել է, որ նացիստական մահվան ճամբարների չարիքը չպետք է կրկնվի:
Նա հիշեցրել է, որ 2-րդ աշխարհամարտի տարիներին բնաջնջվեցին եվրոպացի հրեաների 2/3-ը, ճամբարներում հայտնված գնչուներ, լեհեր, սլավոնական մյուս ազգությունների ներկայացուցիչներ, խորհրդային ռազմագերիներ, ինչպես նաեւ մտավոր ու ֆիզիկական առումներով թերզարգացած անձինք:
«Մենք ասում ենք. դա այլեւս չպետք է կրկնվի: Բայց կյանքն անհամեմատ բարդ է», ասել է գլխավոր քարտուղարը, հիշեցնելով, որ 2-րդ աշխարհամարտից հետո սպանվել են միլիոնավոր մարդիկ, չի հաջողվել կանխել ցեղասպանությունները Կամբոջայում, Ռուանդայում, նախկին Հարավսլավիայում, Սուդանում եւ այլուր:
Կոֆի Անանի խոսքերով, ՄԱԿ-ի ստեղծումը հրեաների ողջակիզմանՙ Հոլոքոսթի «անմիջական պատասխանը» դարձավ:
ՄԱԿ-ի ընդհանուր ժողովն առաջին անգամ է անցկացնում նմանօրինակ նստաշրջան, որին մասնակցում են բազմաթիվ երկրների արտգործնախարարներ, դիվանագետներ, նշում է BBC-ն: