ՄՈՍԿՎԱ, 25 ՀՈՒՆՎԱՐ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան «Ալ Մանար» թերթի տվյալներով, Իսրայելի վարչապետ Արիել Շարոնը եւ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը համաձայնություն են ձեռք բերել Իրանին ռազմական հարված հասցնելու վերաբերյալ: Հրատարակությունը պնդում է, որ 2005 թվականին Իրանին հարված հասցնելու համաձայնությունը Բուշի եւ Շարոնի միջեւ ձեռք է բերվել տակավին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից առաջ: «Ալ Մանարը» չի նշում իր աղբյուրները եւ լրացուցիչ մանրամասներ չի հաղորդում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկացի հայտնի լրագրող Սեյմուր Հերշը հոդված էր հրապարակել «Նյու Յորքեր»-ում, որում պնդել է, թե Իրանի տարածքում գործում են ԱՄՆ-ի հատուկ նշանակության ուժեր: Նրա ասելով, 2004 թվականի հուլիսից զինվորականները Իսլամական Հանրապետությունում զանգվածային բնաջնջման զենքի հայտնաբերման եւ ավիահարվածների համար թիրախներ ընտրելու գաղտնի առաքելություն են կատարում: Նա նաեւ Իրանը համարել է «ԱՄՆ-ի հաջորդ ռազմավարական թիրախը», եւ հայտարարել, որ Պենտագոնը ստացված հետախուզական տեղեկատվությունը հաղորդում է Իսրայելին: Այս հրապարակումից քիչ անց տրվել է Պենտագոնի պաշտոնական հերքումը: