«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2005-01-22 | #11, 2005-01-25 | #12, 2005-01-26


ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ

IPC-ն կդադարի խորհրդատվական ծառայություններ մատուցել նրանց

Հայկական 4 բանկեր երեկ Կենտրոնական բանկում համաձայնագրեր ստորագրեցին Գերմանա-հայկական հիմնադրամի փոքր եւ միջին ձեռներեցության աջակցման վարկային ծրագրից IPC խորհրդատվական ընկերության դուրս գալու եւ վարկավորման գործընթացն ամբողջովին իրենց հանձնելու մասին: Դա նշանակում է, որ «Կոնվերս բանկը», «Անելիք բանկը», «Հայգյուղփոխբանկը» եւ «Հայէկոնոմբանկը» այսուհետեւ ինքնուրույն են իրականացնելու միկրովարկային ծրագիրը եւ արդեն տիրապետում են դրա համար անհրաժեշտ տեխնոլոգիաներին: Վերոնշյալ ընկերությունը շարունակելու է խորհրդատվական ծառայություններ մատուցել միայն «Ինեկո» բանկին, որը 2004 թ. է ընդգրկվել այդ ծրագրում:

1999 թ. գերմանական KfW բանկի կողմից միջազգային մրցույթի արդյունքներով IPC-ն ճանաչվել է հաղթող եւ Կենտրոնական բանկի հանձնարարությամբ ստանձնել փոքր եւ միջին ձեռներեցության վարկավորման ծրագրի խորհրդատվության ծառայությունների մատուցումը: Այդ ծրագրի համար ԳՀՀ-ն անցած 5 տարիների ընթացքում տրամադրել է 16 մլն 771 հազար եվրո: Կենտրոնական բանկի տրամադրած վարկերի ընդհանուր գումարը կազմել է 11 մլրդ 700 մլն դրամ: Բանկերի կողմից փոքր եւ միջին ձեռնարկություններին տրամադրվել է 13895 վարկՙ մոտ 56 մլրդ դրամ արժողությամբ: Վարկերի վերադարձվելիությունը շատ բարձր էՙ 98,8 տոկոս: Ինչ վերաբերում է մնացած 1,2 տոկոսին, ապա դրանք, բանկերի ղեկավարների հավաստմամբ, նույնպես կվերադարձվեն:

IPC ներկայացուցիչ Քրիստոֆ Ֆայտագը շատ հաջող եւ արդյունավետ համարեց այդ նախագիծը: Նա հայտնեց, որ իր ներկայացրած ընկերությունը գործում է 23 երկրներում: KfW ներկայացնող Կարապետ Գեւորգյանը կարեւորեց ծրագրի սոցիալական կողմը, քանի որ դրա շնորհիվ բազմաթիվ աշխատատեղեր են բացվել: Նա նաեւ նշեց, որ առաջիկայում KfW-ն կշարունակի աջակցել այլՙ հիպոթեկային վարկավորման, ավանդների երաշխավորման հիմնադրամի ստեղծման նախագծերին:

Գերմանական կողմի ներկայացուցիչներից հետո, իրենց երախտագիտությունը KfW-ին եւ IPC-ին, ինչպես նաեւ վարկային ծրագրի եւ խորհրդատվական ծառայությունների մասին տեսակետները հայտնեցին հայկական բանկերի ղեկավարները: «Անելիք» բանկի նախագահ Սամվել Ճզմաչյանը ծրագրի ամենամեծ ձեռքբերումը համարեց բանկերի կողմից վարկային տեխնոլոգիաներին տիրապետելը: «Հայգյուղփոխբանկի» ղեկավար Ստեփան Գիշյանը հայտնեց, որ այդ վարկային միջոցների գրեթե կեսը տեղաբաշխել է իր ղեկավարած բանկը: Նա ծրագիրը կարեւորեց նոր աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից: Վարկային տեխնոլոգիաներին տիրապետելը կարեւորելով, «Հայէկոնոմբանկի» գլխավոր տնօրեն Աշոտ Օսիպյանը ավելացրեց, որ շնորհիվ այս ծրագրի հարյուրավոր ձեռնարկություններ դուրս եկան ստվերից եւ մտան օրինական գործունեության դաշտ: «Կոնվերս բանկի» ղեկավար Սմբատ Նասիբյանն էլ տեղեկացրեց, որ այդ ծրագրի շրջանակներում «Կոնվերս բանկի» վարկային ներդրումները եղել են մոտ 2,5 մլրդ դրամ: Դրանք, բացի Երեւանից, տեղաբաշխվել են Վանաձորում եւ Արտաշատում: «Դա իսկապես հաջողված ծրագիր էր», իր խոսքը եզրափակեց «Կոնվերս բանկի» գլխավոր տնօրենը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4