Ըստ պարենային ապահովվածության քաղաքականության
Հայաստանն այսօր իր պարենային անկախությունն ապահովում է 55 տոկոսով: Ներկայացնելով երեկ կառավարության հաստատած ՀՀ պարենային ապահովվածության քաղաքականությունը, այդ ցուցանիշը հայտնեց գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության եւ գյուղի սոցիալական զարգացման ծրագրավորման վարչության պետ Հրաչյա Ծփնեցյանը: Նա նշեց, որ վերոնշյալ ցուցանիշն անցումային երկրների համար բարձր է համարվում: Իսկ երկրի լիարժեք ինքնաբավության մասին կարելի է խոսել, եթե այդ ցուցանիշը կազմում է 70-75 տոկոս: Ըստ հաստատված փաստաթղթի, նախատեսվում է 2010 թ. պարենային ապահովվածության ցուցանիշը հասցնել 65 տոկոսի, իսկ 2015թ.ՙ 72 տոկոսի:
Առանձին սննդատեսակների առումով պատկերն այսպիսին էՙ Հայաստանը լիարժեք ապահովված է կարտոֆիլով, կանաչեղենով, ձվով եւ անգամ արտահանում է այդ ապրանքները: Լիարժեք ապահովված ենք նաեւ կաթնամթերքով, բացառությամբ կարագի: Հացահատիկով ապահովվածությունը կազմում է մոտ 50 տոկոս: Ավելի կոնկրետ, վարչության պետը նշեց, որ 2003 թ. տեղական արտադրության ցորենը կազմել է ընդհանուր ծավալների 45 տոկոսը, 2004 թ. կկազմի ավելի քան 50 տոկոսը: Ամբողջությամբ ներկրվում են շաքարը եւ բուսական յուղի գրեթե 90 տոկոսը: Առաջիկայում այս սննդատեսակների գծով որոշակի միջոցառումներ պետք է իրականացնեն, որոնք ուղղված կլինեն տեղական արտադրության զարգացմանը: Մեր այն հարցին, թե դա նշանակո՞ւմ է, որ շաքարի տեղական արտադրություն կստեղծվի, Հրաչյա Ծփնեցյանը պատասխանեց, որ արտադրության ստեղծման ծրագրեր կան: Սակայն արտադրության մրցունակ լինելու հարցերը պետք է լուծվեն: Բուսական յուղի առումով նույնպես նախատեսվում է ավելացնել տեղական արտադրության ծավալները: Այս ապրանքը նախկինում նույնպես ամբողջությամբ ներմուծվում էր, սակայն վերջին 1-2 տարում դրա 12 տոկոսը սկսել է արտադրվել տեղում:
Մսի եւ մսամթերքի գծով լիարժեք ինքնաբավության առաջիկա 10 տարում չենք կարող հասնել: Տավարի մսի ապահովվածության մակարդակը պետք է հասցվի 85 տոկոսի, ապահովվածության որոշակի մակարդակ է ծրագրվում նաեւ խոզի եւ հավի մսի համար: Գյուղատնտեսության եւ գյուղի սոցիալական զարգացման ծրագրման վարչության պետը միաժամանակ նշեց, թե հնարավոր չէ ակնկալել, որ պարենային անկախության կարելի է հասնել ամբողջությամբ տեղական արտադրության հաշվին, քանի որ կան տնտեսական նպատակահարմարության հարցեր: Այնուհետեւ նա ավելացրեց, որ պարենային ապահովվածության քաղաքականության մշակելիս նկատի է առնվել ինչպես գյուղատնտեսության արտադրության, այնպես էլ բնակչության եկամուտների աճը:
Ղարաբաղի պարենային ապահովվածության մասին հարցին Հրաչյա Ծփնեցյանը պատասխանեց, որ մի շարք գյուղմթերքների առումով (հացահատիկ, մրգեր, բանջարեղեն եւ այլն) Ղարաբաղն ավելի լավ հնարավորություններ ունի ինքնաբավ լինելու:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ