ՄԱԿ-ի կենտրոնակայանում այս օրերին բացվել է Օսվենցիմի ազատագրման 60-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդես: Օսվենցիմ գերմանաֆաշիստական համակենտրոնացման ճամբարում ողջ մնացած սակավաթիվ բանտարկյալներին 1945 թվականի հունվարի 27-ին ազատագրեց խորհրդային բանակը: Ճամբարում մահվան են դատապարտվել Խորհրդային Միության, Լեհաստանի, Բելգիայի, Ֆրանսիայի, Հունգարիայի, Հարավսլավիայի, Ռումինիայի եւ այլ երկրների տարբեր ազգության ավելի քան 1.5 մլն քաղաքացիներ, հիմնականում հրեաներ:
Համակենտրոնացման ճամբարը, որի կառուցումը սկսվել էր 1940 թվականին, նվաճված Լեհաստանի Օսվենցիմ քաղաքի մոտ, զբաղեցրել է մոտ 500 հա տարածություն եւ պատմության մեջ մնացել է որպես նորագույն տեխնիկայով մարդկանց ոչնչացնելու վայր:
Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ամիսներին զոհվեցին ավելի քան 600 հազար հունգար հրեաներ, որոնց հիշատակին էր նվիրված Բուդապեշտի կենտրոնում գտնվող Արեւելյան Եվրոպայի ամենամեծ հրեական սինագոգում երեկ տեղի ունեցած արարողությունը, որ կազմակերպել էին Հունգարիայի եւ Ռուսաստանի կառավարությունները: Սինագոգում խոսվել է նաեւ հակահրեականության մասին, որի վերաբերյալ մտահոգություն է հայտնել հրեական համայնքի ռաբբինՙ հունգար ժողովրդին զգուշացնելով զերծ մնալ ազգայնականության եւ ռասիզմի գաղափարներից, որոնք, ըստ նրան, լայնորեն քարոզվում են ինտերնետի միջոցով:
Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերը երեքշաբթի հայտարարեց, որ ամոթ է զգում համակենտրոնացման ճամբարներում նացիստների դրսեւորած սոսկալի դաժանությունից, եւ գերմանացիներին կոչ արեց զգոն լինել հակահրեականության դեմ պայքարում: «Գերմանիայի հրեական համայնքը Եվրոպայի ամենամեծ համայնքներից է, կենսունակ է, աշխույժ եւ շարունակում է աճել, դառնալով մեր մշակույթի եւ հասարակության անբաժանելի մասը», ասել է նա: Նրա ելույթը աշխարհի տարբեր երկրներում այս շաբաթ անցկացվելիք միջոցառումների շարքից էր:
Հայաստանի հրեական եւ լեհական համայնքների նախաձեռնությամբ Օսվենցիմի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կանցկացվի փետրվարի 1-ին: Հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը երեկ մեր թերթին ասաց, որ համայնքների ներկայացուցիչների ելույթներից հետո ջութակահար Նիկոլայ Մադոյանի կատարմամբ կհնչեն Բախի մի քանի ստեղծագործությունները, կցուցադրվի հատված «Շինդլերի ցուցակները» ֆիլմից:
Տկն Վարժապետյանը ցավով նշեց, որ հակահրեականության նշույլով անգամ երբեւէ աչքի չընկած Հայաստանում վերջին ժամանակներս գլուխ են բարձրացրել մարդիկ, ովքեր չգիտես ու՞մ եւ ի՞նչ շահերից ելնելով փորձում են հակահրեական տրամադրություններ առաջացնել, դրա համար օգտագործելով նաեւ եթերը: «Հայաստանի հրեաներն ունեն խառը ամուսնություններ, հետեւաբար անմիջական կապ քրիստոնյաների հետ, սակայն առանձին մարդիկ, հեռուստակայաններից մեկով ստահոդ լուրեր են տարածում, զրպարտում, թե մեր համայնքի գրասենյակի պատին փակցված է եղել պաստառ հետեւյալ գրությամբՙ «Կարելի՞ է շփվել քրիստոնյաների հետՙ ոչ»: Դա առնվազն խուլիգանություն է, ինչպե՞ս կարելի է այդպիսի բան ասել», ասաց նա:
Նա համոզված է, որ «Արիական միաբանությունն» իր թերթով որեւէ ազդեցություն չի ունենա հասարակության վրա, եթե հեռուստատեսությամբ չհնչեն հակահրեական տրամադրություն առաջացնող նման արտահայտություններ:
Թե ներկա պահին ինչո՞ւ է ոմանց ձեռնտու Հայաստանը աշխարհին ներկայացնել որպես հակահրեական երկիր, ինչը դուրս է իրականությունից, առանձին ուսումնասիրության հարց է:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ