«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2005-01-25 | #12, 2005-01-26 | #13, 2005-01-27


ՆՈՎՈՌՈՍԻՅՍԿՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 25-ին Նովոռոսիյսկում պաշտոնապես բացվեց ՌԴ հարավային դաշնային օկրուգում Թուրքիայի գլխավոր հյուպատոսություն: Ավելի վաղ այստեղ գործում էր ժամանակավոր առեւտրական ներկայացուցչություն:

Գլխավոր հյուպատոսության բացման առթիվ կտրուկ բացասական վերաբերմունք դրսեւորեց Կրասնոդարի քրդական համայնքի առաջնորդ Իշխան Անկոսին: Նրա խոսքերով, Թուրքիան եղել եւ մնում է քրդերի թշնամին: Անկոսին կարծում է, որ գլխավոր հյուպատոսությունը Ռուսաստանում որպես քող կծառայի թուրքական հատուկ ծառայությունների համար:

Մինչդեռ Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասային բաժանմունքի նախագահ Նաիրի Հովհաննիսյանը Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության բացումը համարում է բնականոն երեւույթ, որը պայմանավորված է տնտեսական նկատառումներով (գազամուղ եւ այլն), Ռուսաստանի եւ Թուրքիայի ապրանքաշրջանառության մեծ ծավալով:

Միեւնույն ժամանակ չպետք է մոռանալ Ռուսաստանի համար Նովոռոսիյսկի ռազմավարական կարեւորությունը: Անվտանգության դաշնային ծառայությունները տվյալ տարածաշրջանում քանիցս բացահայտել եւ կասեցրել են Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալների քայլերը, որոնք իրենց հիմնական «աշխատանքը» քողարկում են առեւտրական, կրոնական եւ հասարակական զանազան կազմակերպությունների եւ ներկայացուցչությունների գործունեությամբ:

ՎԻԿՏՈՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ, Կրասնոդար


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4