«Արմենիալիբերտի» ինտերնետային էջը տեղեկացնում է, որ Թուրքիայի ճնշմամբ Գերմանիայի դպրոցների ուսումնական ծրագրերից հանվել է Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը: Ըստ Die Welt թերթի, մի թուրք դիվանագետ բողոքի նամակ է ուղարկել Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի վարչապետ Մաթիաս Պլացեկին, որի արդյունքում 9-10-րդ դասարանների գրքից հանվել է «օրինակ, Անատոլիայի հայ բնակչության ցեղասպանությունը» նախադասությունը: Պլացեկի մեկնաբանմամբ, «ցեղասպանությունը չափազանց կարեւոր հարց է կես նախադասությամբ հիշատակելու համար»:
Թերթը նշում է, որ Բրանդենբուրգի երկրամասը միակն էր Գերմանիայում, որտեղ ուսումնական ծրագրերում հիշատակվում էր հայերի զանգվածային սպանությունների մասին: Հայկական կազմակերպություն կենտրոնական կոմիտեի նախագահ Շավարշ Հովասափյանը թերթին ասել է, որ կատարվածը «սկանդալ» է: «Ցավալի է, որ Անկարայի թելադրանքով են որոշվում, թե ինչպիսին պիտի լինեն դասագրքերը Բրանդենբուրգում», ասել է նա: Այդ երկրամասի վարչապետն անդամակցում է Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը, որը կողմնակից է Թուրքիայի Եվրոմիությանն անդամակցելուն: Գերմանիայում այսօր բնակվում է գրեթե 2 մլն թուրք, այսինքնՙ թուրքական ամենամեծ գաղութն ապրում է այստեղ:
Ռ. Պ.