«Նա քաղաքական կալանավոր է», պնդում են արիականները
Երեկ իրենց առաջնորդին պաշտպանելու նպատակով մամուլի ասուլիս էին հրավիրել «Հայ արիական միաբանության» անդամները: Նրանց միացել էր նաեւ «Նժդեհական» ցեղակրոն կուսակցության նախագահ Գեւորգ Հովսեփյանը: Ներկայացվեցին մանրամասներ ձերբակալության պատմությունից:
Ըստ այդմ, Արմեն Ավետիսյանը կալանվել է առանց փաստաբանի ներկայության, դռնփակ նիստից հետո: Նրան կալանքից ազատելու առայժմ ապարդյուն փորձեր են արվում: Արիականները հայտարարեցին, որ իրենց առաջնորդին «արգելափակել են ինչպես վերջին ռեցիդիվիստի, որպեսզի նրա դրսում լինելը չխոչընդոտի քննության ընթացքին»: Միաբանության գերագույն խորհրդի անդամ Մառ Մարտիրոսյանը հայտարարեց, որ Արմեն Ավետիսյանը քաղաքական կալանավոր է եւ նրա դեմ հարուցված մեղադրանքն արհեստածին է ու ապօրինի, պայմանավորված «իշխանության վերին օղակներում ջհուդա-մասոնական պաշտոնյաների առկայությամբ»:
Նրանք կարծում են, որ ձերբակալությունը կապված էր նաեւ ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում կազմակերպության անվան հիշատակման հետ: Եվ «հիմքեր կան ենթադրելու, որ էնտեղից է եկել հրամանը»:
Ասուլիսը վարողները ոչ միայն համաձայն չէին մեղադրանքի բովանդակությանը, այլեւ փորձում էին սրբագրել այն նոր երանգներով: «Արմեն Ավետիսյանը նույն բանը վրացիների, ադրբեջանցիների, թուրքերի մասին էլ է ասել, ինչու նաեւ այդ կտրվածքներով չեն մեղադրում նրան»:
Գեւորգ Հովսեփյանը բացատրելով, որ «ջհուդա-մասոնականությունը» աղանդավորական ուղղություն է եւ հրեաներին չի վերաբերում, գտնում է, որ Ա. Ավետիսյանին պետք է մեղադրել դրա եւ ոչ թե հակասեմականության մեջ:
Կազմակերպության ներկայացուցիչներն իրենց առաջնորդին արժանի ըմբոստությամբ վարեցին ասուլիսը: Փոխնախագահն, օրինակ, ասաց, որ Վրաստանում ընդգծված հակահայկական տրամադրություններ են առկա, եւ եթե մեր պետությունը շարունակի միջոցներ չձեռնարկել դրանց դեմ, իրենք նույն կերպ կվարվեն Հայաստանում ապրող վրացիների հետ:
Ա. Ավետիսյանին ազատելու համար, իբրեւ կանխավճար, ըստ օրենքի պետք է վճարվի նվազագույն աշխատավարձի 500-ապատիկը: Կազմակերպության ներկայացուցիչները մտադիր են վճարել: Արմեն Ավետիսյանին ազատ արձակելու համար երաշխիքային ստորագրություններ տալու համար արդեն բանակցություններ են տարվել ընդդիմադիր 2 պատգամավորների հետ, որոնց անունները դարձյալ չհրապարակվեցին:
Հայտարարվեց, որ արդեն ստեղծվել են Ա. Ավետիսյանի պաշտպանության խմբեր ոչ միայն Հայաստանում, այլեւ ԱՄՆ-ում: Նպատակը «Ա. Ավետիսյանի իրավունքների պաշտպանությունն է, չթույլատրել հաշվեհարդարը հայ ազգի նվիրյալ զավակի նկատմամբ»:
Երեկ զանգահարել են ԱՄՆ-ից, եւ պատրաստակամություն հայտնել հենց վաղն իսկ գալ Հայաստան եւ մասնակցել ոչ միայն աջակցության, այլեւ դատավարության ընթացքին:
Լիբանանի մեր հայրենակիցներն էլ առաջարկել են հայտնի փաստաբան Գասպար Տերտերյանի ծառայությունը:
Մի խոսքով, Արմեն Ավետիսյանի ձերբակալության շուրջ կրքերը բորբոքվում են` կատարվածը ծայրահեղացնելու հստակ միտումներով:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ