Լուծարման հայտարարությունները պահանջելով տպագրել միայն մեկ թերթում
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Այս օրերին պետական ռեգիստրի տարածքային բաժիններում անսովոր աշխուժություն է: Պատճառը տնտեսվարողներիՙ լուծարման դիմումների առատությունն է: Այդ մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր վաղվա համարում: Իսկ մինչ այդՙ ձեռնարկությունների լուծարման գործընթացում առկա հանգամանքներից մեկի մասին:
Բանն այն է, որ իրենց ձեռնարկությունները լուծարող մարդկանց ռեգիստրի աշխատակիցները պարտադրում են այդ մասին հայտարարությունը տպագրել բացառապես մեկ թերթումՙ «Հայաստանի Հանրապետությունում»: Ինչո՞ւ: Ի՞նչն է մեկ թերթին նման արտոնություն տալու պատճառը: Որքանո՞վ է օրինական մասնավորին պետական մարմնի նման պարտադրանք ներկայացնելը կամ մյուս թերթերի համար անհավասար մրցակցային պայմաններ ստեղծելը: Այս հարցերի պատասխանները ստանալու նպատակով դիմեցինք արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանին:
Փոխնախարարը նշեց, որ ըստ «մի շարք օրենքների» այդ հայտարարությունները պետք է տպագրվեին որոշակի տպաքանակ (առնվազն 1000) ունեցող թերթերում, մինչ իրավաբանական անձանց մասին տեղեկություններ հրապարակող մամուլի միջոցի ստեղծումը: Սակայն հաճախակի հանդիպում էին արտառոց դեպքեր, երբ բավականին լուրջ իրավաբանական անձանց լուծարումից հետո բազմաթիվ պարտատերեր հայտնվում էին անելանելի վիճակում: Այսինքն, նրանք անտեղյակ էին լինում այդ սուբյեկտի լուծարումից եւ չէին իմանում, թե ում դեմ դատական հայց ներկայացնեն, քանզի այդ ընկերությունն արդեն չկար, իսկ լուծարումը կատարվել էր օրենքով:
Դրա պատճառն այն է, որ, օրինակ, Երեւանում գործող ընկերության լուծարման հայտարարությունը տրվում էր, ենթադրենք, Մեղրիի տեղական նշանակության թերթում կամ որեւէ թերթի իսկական համարից տարբերվող նույն թերթի միակ համարում, ինչն արդեն քրեորեն պատժելի է:
Երբ նկատեցինք, որ դրանք արտառոց դեպքերն են միայն, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ դրանք շատ էին եւ այդ պատճառով էլ 2002 թ., հունիսի 5-ին որոշվել է անցկացնել մրցույթ: Նրա հավաստմամբ, մրցույթի հայտարարությունները տպագրվել են տարբեր լրատվամիջոցներում: Մեր հարցին, թե մրցույթի հայտարարությունը նո՞ւյնպես միայն «Հայաստանի Հանրապետությունում» է տպագրվել, փոխնախարարը չնայած բացասական պատասխանեց, բայց մեզ ցույց տվեց միայն վերոնշյալ թերթիՙ հայտարարությունը տպագրած համարը, շարունակելով պնդել, որ այլ լրատվամիջոցներում նույնպես դա հրապարակվել է: Մրցույթին հայտ են ներկայացրել ընդամենը երկու լրատվամիջոցՙ նույն «Հայաստանի Հանրապետությունը» եւ «Գոլոս Արմենիին»: Լավագույն գնային առաջարկ ներկայացրել էր «Հայաստանի Հանրապետությունը», որն էլ համարվել է հաղթող: Սա, ըստ Տիգրան Մուկուչյանի, հնարավորություն է տալիս լուծարվող ձեռնարկության մասին տեղեկատվություն ստանալու համար չթերթել օրվա ամբողջ մամուլը, այլ տեղեկանալ միայն մեկ թերթից: Նա ավելացրեց, որ վերջին երկու-երեք ամսիներին այդ տեղեկատվությունը սկսել է տեղադրվել նաեւ պաշտոնական վեբ սայթում:
Իսկ թե ո՞ր օրենքի համաձայն է պետական մարմինը մասնավորին պարտադրում, թե իր հայտարարությունները որտեղ պետք է տպագրի, հարցի առնչությամբ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ դա պայմանավորված է երրորդ անձանց իրավունքների եւ շահերի պաշտպանությամբ: Այդ պատասխանով փոխնախարարը փաստորեն հաստատեց, որ տվյալ պարտադրանքը եւ համապատասխանաբար այդ նպատակով հայտարարված մրցույթը չունեն օրենսդրական հիմք:
«Արդյոք մյուս լրատվամիջոցների նկատմամբ անբարեխիղճ մրցակցության դրսեւորում թույլ չի՞ տվել արդարադատության նախարարությունը» հարցին էլ մեր զրուցակիցը ըստ էության չպատասխանեց, ասելով, որ դա այլՙ տնտեսական բնույթի խնդիր է: Ավելին, նրա կարծիքով ազատ մրցակցության սկզբունքն այստեղ չի խախտվել:
Այդուհանդերձ, ելնելով արդարադատության փոխնախարարի պարզաբանումներից, կարող ենք փաստել հետեւյալը: Մեկ թերթին լուծարման հայտարարության տպագրման իրավունք վերապահելը որեւէ օրենքով սահմանված չէ: Օրենքում, ըստ Տիգրան Մուկուչյանի, գրված է 1000 տպաքանակ ունեցող լրատվամիջոցի մասին, որտեղ կարելի է տպագրել այդ հայտարարությունները: Այսինքն, օրենքում նշված չէ, որ լուծարման հայտարարություն տպելու իրավունք ունի միայն «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը կամ, որ դա պետք է որոշվի մրցույթով:
Երկրորդ, խախտվում է մասնավորի ընտրություն կատարելու իրավունքը, նրա նկատմամբ կիրառվում պարտադրանք: Արդարադատության նախարարությունը, ի դեմս պետռեգիստրի, խախտում է ժողովրդավարության եւ շուկայական տնտեսության կարեւորագույն դրույթներից մեկը:
Խտրականություն է դրվում լրատվամիջոցների միջեւ, ստեղծվում անհավասար մրցակցության դաշտ: Պետական համարվող թերթը ոչ միայն սնվում է պետբյուջեից, այսինքն հարկատուների, որոնց թվում նաեւ մյուս թերթերի տված գումարներից, այլ նաեւ պետության ապօրինի աջակցությամբ փախցնում մյուս թերթերի գովազդը (տվյալ դեպքումՙ լուծարման հայտարարությունը): Իսկ որ պետական թերթ հասկացությունը Եվրոպայում եւ ԱՄՆ-ում զարմանք է հարուցում, եվրոինտեգրման մասին տեղի-անտեղի խոսող մեր իշխանություններին այնքան էլ չի հետաքրքրում:
Հ. Գ. Հարկ ենք համարում ընդգծել, որ մեր հրապարակումն ուղղված չէ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի նախկին կամ ներկա ղեկավարների եւ աշխատակիցների դեմ եւ նպատակ չունի նսեմացնել նրանց մասնագիտական եւ մյուս արժանիքները: Խնդիրն այստեղ զուտ սկզբունքին է վերաբերում: