«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2005-01-26 | #13, 2005-01-27 | #14, 2005-01-28


ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆԸ ԴԵԿԼԱՐԱՏԻՎ Է ԱՆՎԱՆՈՒՄ ԵՎՐՈԽՈՐՀՐԴԻ ԲԱՆԱՁԵՎԸ

Թերեւս դրանով էլ հաստատում է, որ հակամարտությունների պարագայում վճռորոշը բանաձեւերը չեն

Հունվարի 27-ին «Ազգը» «Հակամարտությունների պարագայում վճռորոշը բանաձեւերը չեն, այլ ուժերի հավասարակշռությունն իրենց օգտին փոխելու մեծ տերությունների կարողությունները» խորագրով անդրադարձել էր բրիտանացի խորհրդարանական Դեւիդ Աթկինսոնի զեկույցի հիման վրա Եվրոխորհրդի ընդունած Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանաձեւինՙ ընդգծելով դրա ոչ հայանպաստ բնույթը եւ բանաձեւի առնչությամբ ադրբեջանական մամուլի անզուսպ ոգեւորությունը համադրելով թուրքական թերթերի բավականին զուսպ արձագանքի հետ, կարծիք էր հայտնել, որ ոգեւորության Ադրբեջանի դրսեւորումներն ինքնախաբեություն են:

Այդ նույն օրը հրապարակվում է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռինո Հարնիշի հայտարարությունը. «Միացյալ Նահանգները, ի տարբերություն դեկլարատիվ բնույթ կրող հայտարարություն ընդունած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, ամեն կերպ աջակցում է Ադրբեջանինՙ ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու գործում»:

Դեսպան Հարնիշի հայտարարությունը չափազանց ուշագրավ է այն առումով, որ եթե Հայաստանի համար անընդունելի ձեւակերպումներն ընդգծում էին Եվրոխորհրդի բանաձեւի ադրբեջանամետ բնույթը, ապա վերոհիշյալ հայտարարությունը դա դեկլարատիվ դարձնելու համար վերածում է սովորական հայտարարության: Երբ Եվրոխորհրդի պես առանցքային կառույցի ընդունած բանաձեւը բնութագրվում է որպես դեկլարատիվ հայտարարություն, ապա դրա առնչությամբ ոգեւորության ամեն մի դրսեւորում ակամա ինքնախաբեության է վերածվում:

Այլ կերպՙ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հաստատում է ԵԽ բանաձեւի առնչությամբ ադրբեջանցիների ինքնախաբեության մասին մեր կարծիքը: Հարկ է, սակայն, նշել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում կարեւորը մեր կարծիքի հաստատումը չէ, այլ Անդրկովկասում Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի անհաշտ մրցապայքարը, դրա ընթացքի վրա Վրաստանում ամերիկյան ռազմական ներկայության ազդեցությունը, ղարաբաղյան հակամարտության միջոցով Անդրկովկաս ներթափանցելու Եվրոմիության հաշվարկները:

«Ազգը» Եվրոխորհրդի բանաձեւին անդրադառնալիս մատնանշել է նաեւ այս ամենը եւ ընդգծել այդ ներթափանցմանն ԱՄՆ-ի վերաբերմունքի առանձնակի նշանակությունը: Քանի որ Լեռնային Ղարաբաղում Եվրոխորհրդի դերը «դեկլարատիվ հայտարարությամբ» սահմանափակող դեսպան Հարնիշը եվրոպական այս կառույցին հակադրում է Մ. Նահանգների ղարաբաղյան հակամարտությունը լուծելու պատրաստակամությունը, ուստի նրա հայտարարությունը Անդրկովկաս ներթափանցման ճանապարհին նախազգուշացում է դառնում եվրոպացիների համար:

Սա նշանակում է, որ ԱՄՆ-ի համար ԵՄ-ի ներթափանցումն Անդրկովկաս այնքան է անընդունելի, որքան ԵԽ-ի բանաձեւերի միջոցով ղարաբաղյան հակամարտության գոտում եվրոպական գործոնի ակտիվացումը: Դա պատահական չէ, թերեւս պայմանավորված է Լեռնային Ղարաբաղը ԵՄ-ի ազդեցությունից, իսկ Անդրկովկասըՙ ներթափանցումից զերծ պահելու պաշտոնական Վաշինգտոնի առաջադրանքով: Ակնհայտ է, որ հակամարտության գոտում եվրոպական գործոնի ակտիվացումը Լեռնային Ղարաբաղի Անդրկովկաս ներթափանցելու արդյունավետ միջոց է դարձնում ԵՄ-ի համար:

Այս դեպքում Անդրկովկասի համար Ռուսաստանի հետ մրցակցող ԱՄՆ-ն ի դեմս ԵՄ-ի ձեռք է բերում նոր մրցակից: Ստեղծված իրավիճակում ռուս-ամերիկյան մրցակցությունը փոխադրվում է ԱՄՆ-ԵՄ հարթություն, իսկ Ռուսաստանը ստանում է ե՛ւ մրցակիցների հակասությունները սրելու, ե՛ւ թե նրանց միջեւ խուսանավելու լայն հնարավորություն, որպեսզի Անդրկովկասում իր դիրքերը պահպանելիս ի վիճակի լինի նաեւ ռուսական գերազդեցության տարածքները պաշտպանել օտարերկրյա ոտնձգություններից:

Ինչ վերաբերում է Թուրքիային, պետք է ասել, որ հունվարի 26-ին լրագրողների հետ ամենշաբաթյա հանդիպմանը արտգործնախարարության խոսնակ Նամըք Թանը պատասխանեց նաեւ Լեռնային Ղարաբաղի առնչությամբ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձեւի վերաբերյալ հարցերին: Նա լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԵԽ բանաձեւով Ադրբեջանի տարածքը զավթելու համար նախազգուշացրել է Հայաստանին, թերեւս դրանով էլ ցույց է տվել Թուրքիայի պահանջների իրավացիությունը:

Անկախ պահանջների մանրամասներից, Թուրքիայի արտգործնախարարի խոսնակի այս հետեւությունը ցույց է տալիս, որ թուրքական իշխանությունները Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական սահմանը բացելու եւ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ քայլեր կատարելու ԵՄ-ի պահանջներին հակադրվելիս հենվելու են Լեռնային Ղարաբաղի մասին ԵԽ-ի բանաձեւի վրա: Սակայն դա առանձին հարց է եւ մասնավոր մոտեցում է պահանջում:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4