«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2005-01-26 | #13, 2005-01-27 | #14, 2005-01-28


ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԵՍ Է ԹԵՔՈՒՄ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՑ

Թեքվում է դեպի Ռուսաստան եւ Իրան

Ադրբեջանական «Ենի մուսաֆաթ» թերթի հունվարի 24-ի համարում Էլսադ Պասասոյի ստորագրությամբ լույս է տեսել «Հետնորդը երես է թեքել Արեւմուտքից» հոդվածը, որն ունեցել է «Էլդար Նամազովը հավատացած է, որ Իլհամ Ալիեւը դեպի Ռուսաստան եւ Իրան է թեքվել, որովհետեւ չստացավ այն, ինչ ակնկալում էր» ենթավերնագիրը: Հոդվածում նշվել է, որ վերջին շրջանում ռուսական եւ իրանական պատվիրակությունների այցելությունները Ադրբեջան մի քանի անգամ գերազանցում են այլ երկրների պատվիրակությունների այցելություններին: Դա կառավարության դիրքորոշման արտահայտությունն է: Երկրի ղեկավարն իր տարօրինակ արձակուրդից վերադառնալով առաջինը հանդիպեց Իրանի դեսպան Աֆշար Սոլեյմանիին, հետոՙ Իրանի նախագահի կասպյան հարցերով հատուկ ներկայացուցիչ Մեհդի Սաֆարիի հետ, ապա հարցազրույց տվեց իրանցի լրագրողներին, իսկ հիմա պատրաստվում է այցելել Թեհրան:

Ռուսաստանի հետ նրա հարաբերություններն ավելի ջերմ են: Նա «Սոհրատ» (փառքի) շքանշանով պարգեւատրեց ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին, ապա ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի օրերն անցկացվեցին Ադրբեջանում: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքու է այցելելու նախապատրաստելու Ալիեւի այցելությունը Մոսկվա:

Այս բոլորը հաշվի առնելով, հոդվածագիրը ենթադրում է, որ լուրջ շահեր ունենալով Ադրբեջանումՙ Արեւմուտքը չի կարող անտարբեր նայել իրադարձությունների այս շրջադարձին: Ալիեւի դեպի Ռուսաստան եւ Իրան թեքվելը, ըստ հոդվածագրի զրուցակցի, «ավելի հետեւանք է, քան պատճառ», հետեւանքՙ Արեւմուտքի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու ձախողման: Քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն չկանխատեսելով ճնշումներ Մ. Նահանգների կողմից, այնուամենայնիվ գտնում է, որ Ադրբեջանը չպետք է որեւէ մեկին խոստումներ տա, որոնք հետագայում չի կարողանա պահել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4