«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2005-01-26 | #13, 2005-01-27 | #14, 2005-01-28


ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՔՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ «ԻՄԻՏԱՑԻԱ» Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

Քննարկում են քաղաքական գործիչները

Հայաստանում այսօր մոտ 6 տասնյակ քաղաքական կուսակցություններ կան, 1 տարի առաջ դրանց թիվը կրկնապատիկն էր: Կուսակցությունների օրենք մեզանում ընդունվել է 2002 թվականին: Հետագայում բազմապիսի փոփոխությունների ենթարկվեց: Օրենքի վերջին փոփոխված տարբերակը հաստատվեց անցած տարի եւ տարաբնույթ մեկնաբանությունների արժանացավ:

Երեկ Քաղաքական բանավեճի ակումբն ակնհայտորեն խիստ ուշացումով քննարկման թեմա էր ընտրել օրենքի վերջին տարբերակն ու Հայաստանի հնարավոր քաղաքական ձեւափոխությունները:

Բանավեճին մասնակից տասնյակ կուսակցությունների ներկայացուցիչները օրենքի կիրառումից հետո դրա հնարավոր հետեւանքների վերաբերյալ բավական խիստ գնահատականներ տվեցին: ԱԺ Հանրապետական խմբակցության ներկայացուցիչ Սամվել Նիկոյանը, փաստորեն, ստիպված էր անընդհատ պաշտպանվողի դերում լինել:

Հիշեցնենք, որ ներքաղաքական իրականության մեջ տարակարծությունների առիթ տվեցին հատկապես կուսակցությունների անդամների քանակի վերաբերյալ սահմանափակումները: Նախկինում 200 անդամ ունենալու դեպքում կուսակցությունը կարող էր գրանցվել իբրեւ քաղաքական միավոր, այժմ այդ թիվը պիտի լինի 2000-ից ոչ պակաս: Նախկինում կուսակցությունը պարտավոր էր մարզերի մեկ երրորդում ստորաբաժանումներ ունենալ, նոր պահանջը բոլոր մարզերին է վերաբերելու: Սամվել Նիկոյանը փորձում էր արդարացնել չարաբաստիկ 2000 թիվը: Նրա բացատրությամբ, յուրաքանչյուր մարզում կուսակցությունն առնվազն 100 անդամ պիտի ունենա, եւ մարզերի թիվն ու մայրաքաղաքը հաշվի առնելով իբրեւ նվազագույն նիշ ստացվում է 2000-ը:

Ըստ օրենքի հեղինակների, կուսակցություններին պարտադրվել է բոլոր մարզերում ներկայացուցչություններ ունենալ, որովհետեւ Հայաստանում բավական ակտիվ արձանագրվում են ծագումնաբանական, տեղային հիմքերով քաղաքական միավորների ձեւավորումներ:

Եվ բացի այդ, այս սրբագրումը կուսակցություններին կմղի դեպի ժողովուրդը, «նրանք հարկադրված կգնան գյուղերը` համախոհներ փնտրելու»:

«Արդարություն» խմբակցության անդամ Ստեփան Զաքարյանն այսպիսի որակում տվեց նոր օրինագծին. «Այս խստացումներն անընդունելի են, որովհետեւ մենք գիտենք, թե օրենքներն ինչպես են գործում եւ ընդհանրապես ինչպիսի չափորոշիչներ կան: Սա վտանգ է ժողովրդավարության համար, կարող է կամայական որոշումների տեղիք տալ, պատճառ դառնալ թվով քիչ, մարզերում փոքր ներկայություն, սակայն քաղաքական կյանքում որոշակի դերակատարում ունեցող կուսակցությունների փակմանը:

Կուսակցությունների ներկայացուցիչներից մեկի համոզմամբ, օրենքը կազմվել է մեր սահմանադրության առնվազն 3 կետերի խախտումով. կուսակցությունների գործունեությունը պիտի լինի ազատ, հրապարակային եւ հավասարության հիմունքներով, զերծ եւ պետության, եւ արտաքին ճնշումներից:

Հավաքվածներն ընդհանուր առմամբ համաձայն էին, որ Հայաստանում տեղի է ունենում ազատության իմիտացիա, եւ որ դա ցուցադրվում է նաեւ արտաքին աշխարհին: Ըստ այդ գնահատականի, խոսքի ազատության, երթերի, ցույցերի կարգավորման, կուսակցությունների օրենքները միայն սահմանափակեցին խոսքի, երթերի անցկացման, կուսակցությունների ազատությունը:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4