«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2005-01-26 | #13, 2005-01-27 | #14, 2005-01-28


ԱԿՆԱՐԿ ՄԱՄՈՒԼԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ

Սալբի Գասպարյանը սփյուռքահայ մամուլում հաճախ հանդիպող հեղինակներից է, հրապարակումներով հանդես է եկել «Զարթօնք», «Արարատ», «Գանձասար», «Արեւ», «Քուլիս», «Մարմարա», նաեւ «Ազգ», «Առավոտ», «Հայաստանի Հանրապետութիւն» եւ այլ թերթերում, արժանացել է «Զարթօնքի» «Հայկազուն եւ Անահիտ Վարդիվառեան» մամլո մրցանակին: Սալբի Գասպարյանը հրապարակագրի գործունեությունը զուգակցում է նաեւ դասախոսական եւ խմբագրական աշխատանքների հետ (մասնակցում է Վենետիկի Ca Foscari պետհամալսարանի հայագիտական ամբիոնի ամառային խտացյալ դասընթացներին): Հալեպի «Կիլիկիա» հրատարակչությունը 2005 թ.-ին լույս է ընծայել Ս. Գասպարյանի «Միջազգային մամուլ եւ չորրորդ իշխանութեան դրոյթը» գրքույկը (79 էջ, գծանկարըՙ սիրիացի ծաղրանկարիչ Ալի Ֆարզաթի, առաջաբան, գնահատական խոսքըՙ Պարույր Աղբաշյանի):

Սույն ուսումնասիրությունը (բաղկացած երկու մասից) բովանդակում է միջազգային եւ հայկական մամուլի մասին ամփոփ տեղեկություններ: Առաջին բաժինն անդրադարձ է մամուլի ձեւավորման նախադրյալներին, ընդհանուր պատմությանը, դրա հետագա զարգացումներին, որի ընթացքում ձեւավորվել է մամուլի հասարակական դերը, իբրեւ մարդու իրավունքների, անհատի գիտակցության եւ պատասխանատվության ձեւավորման առանձնահատուկ ազդակի: «Առանց ազատ ու անկախ լրատութեան կարելի չէ կայացած տեսնել ազատ ընկերութիւն եւ ժողովրդավարութեամբ առաջնորդուող քաղաքական համակարգ, անկախ այն իրողութենէնՙ թէ մամուլի ազատութիւնը բացարձակ չէ եղած եւ այսօր ալ սանձարձակօրեն բացարձակ չէ», գրում է նա:

Հեղինակն անդրադառնում է մամուլի նախասկզբնական փուլին, գտնելով, որ լրատվության հանդեպ հանրության մշտական պահանջն իր դրսեւորումներն ունեցել է շատ վաղուցՙ մարդկային քաղաքակրթական տարբեր մակարդակներում, սկսած հնագույնՙ եգիպտական, բաբելական, չինական, հռոմեական մշակույթներից: Ք.ա. 911 լույս տեսած «Քին Պան» չինական կառավարության պաշտոնաթերթն աշխարհի հնագույն թերթերից է, Եվրոպայումՙ Հ. Կեսարի հրատարակությամբ Ք.ա. 58 թ. լույս տեսած «Actar Diurna»-ն է («Լուրերի առօրյա ցուցակ»): Իհարկե, պրոֆեսիոնալ լրագրությունը սկսում է մարդկային քաղաքակրթության մեջ հեղաշրջիչ նշանակությամբ Գյուտենբերգյան գյուտից հետո:

Հեղինակը խիստ ընդհանուր գծերով ներկայացնում է մամուլի զարգացման երեք փուլերը (13-14-րդ դարերից մինչեւ 1815, 1815-1914 եւ 1914-ից հետո), դրանց առանձնահատկություններն ու հիմնական երեւույթները, սկսած այն ժամանակներից, երբ լրագրությունը վարկաբեկված ու արհամարհված էր եւ համարվում էր երկրորդական մակարդակի գրություն, ապա եւ 18-րդ դարում քաղաքական ու սոցիալական շարժումներին զուգընթաց մամուլը զարգացում է արձանագրում, ծնվում են բազմաբովանդակ պարբերականներ, այդ թվումՙ մասնագիտական (բժշկական, քաղաքագիտական, տնտեսագիտական եւ այլն), ուղեկցվելով, սակայն, գրաքննությամբ, ձերբակալություններով եւ այլն: Հրապարակային խոսքի ազատությունը վտանգվել է հատկապես բռնատիրության պայմաններում, I եւ II աշխարհամարտերի տարիներին:

Գրքույկի երկրորդ մասը նվիրված է հայ մամուլի սկզբնավորմանը եւ զարգացման փուլերին, առանձին ենթագրերով հեղինակն անդրադառնում է արեւմտահայ (I-ըՙ «Ազդարար», 1794 թ.), արեւելահայ («Հյուսիսափայլ», 1858 թ.), ամերիկահայ մամուլին, խիստ ընդհանուր գծերով նաեւ խորհրդային շրջանի մամուլին, այսօրվա Հայաստանի Հանրապետության եւ սփյուռքի մամուլին:

Չնայած այս համառոտ շարադրանքինՙ Ս. Գասպարյանի գրքույկը փաստային եւ թվային բավականին տեղեկություններ է պարունակում, հետաքրքրական երեւույթներ, մամուլի պատմության ուշագրավ պատառիկներ հիշատակում: Ավելի հանգամանալի ուսումնասիրության պարագայում (նկատի ունենալով արծարծված թեմաները) սույն հրատարակությունը, կարծում ենք, կունենա ավելի ճանաչողական բնույթՙ գուցե եւ դասագրքային նշանակությամբ:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4