«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2005-01-26 | #13, 2005-01-27 | #14, 2005-01-28


«ՇԱԲԱԹԸ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ԳՐԻԳՈՐԻ ԿՅԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԵԿ ՕՐՈՎ»

«Ես երազում եմ զինվոր դառնալ եւ դիրքերում կանգնել»: 14-ամյա Գրիգոր Մինասյանն այս մասին երազում է դեռ մանկուց եւ աղոթում է Աստծուն, որ իր ցանկությունը կատարվի: Գրիգորը տառապում է երիկամների քրոնիկական անբավարարությամբ: Սեպտեմբերին Գրիգորի օրգանիզմում ազոտի պարունակությունը բարձրացել էր թույլատրելիից մի քանի տասնյակ անգամ ավելի: Գրիգորը կոմայի մեջ ընկավ: Բժիշկները նրա փրկությունն իսկական հրաշք են համարում, իսկ սեպտեմբերին ծնողները նշում են Գրիգորի երկրորդ ծնունդը: Շաբաթական երեք օր Գրիգորը «Արաբկիր» բժշկական կենտրոնում դիալիզի է գնում: Բուժումն անվճար է, քանի որ դեռ անչափահաս է: Գրիգորի հայրըՙ Արմեն Մինասյանը, երկրորդ կարգի հաշմանդամ է: Նա դժվարանում է քայլել եւ երկար կանգնել: «Ես արդեն համակերպվել եմ իմ խնդիրների հետ, սակայն որդուս հիվանդության հետ երբեք չեմ համակերպվի: Այն միտքը, որ շաբաթը երեք անգամ Գրիգորի կյանքը երկարացնում են մեկ օրով, ինձ հանգիստ չի տալիս», ասում է հայրը:

Քաղաքային տրանսպորտից Գրիգորը չի կարողանում օգտվել, նրան հիվանդանոց տանում են տաքսիով: Սակայն միայն հիվանդանոց հասցնելու համար ավելի շատ գումար է պահանջվում, քան ընտանիքի ողջ եկամուտն է: Արմեն Մինասյանը եւ Գրիգորը միասին ստանում են 7500 դրամ, նաեւ 10.000 դրամ ընտանեկան նպաստ: Ընտանիքում ոչ ոք չի աշխատում, Գրիգորի եղբայրըՙ Արտյոմը, սովորում է 6-րդ դասարանում, իսկ մայրըՙ Հռիփսիմե Մինասյանն ամբողջ օրը խնամում է ամուսնուն եւ որդուն: «Ամեն օր մտածում եմ, թե ինչ պետք է պատրաստեմ որդուս համար, որտեղից գումար ճարեմ սնունդ գնելու համար: Վաճառել ենք տան բոլոր թանկարժեք իրերը», ասում է Հռիփսիմեն: Գրիգորի համար բուժման միջոց կա: Եթե դոնոր գտնվի, կարող են վիրահատել նրա երիկամները: «Իմ արյան խումբը չի համապատասխանում որդուս խմբին: Թե չէ կվիրահատվեի ու երեխաս կփրկվեր տառապանքներից», ասում է Հռիփսիմե Մինասյանը:

Ձմռան այս ցուրտ օրերին Մինասյանների համար ջերմության միակ աղբյուրը թեյի պնակի մեծության ինքնաշեն սալօջախն է: Սովորաբար Գրիգորն է նստում սալօջախի կողքին, որովհետեւ ջերմության եւ խնամքի կարիք ամենից շատ նա ունի: Գրիգորի ամենահավատարիմ ընկերը եղբայրն էՙ Արտյոմը: Նրանք միշտ միասին են: «Երբ զինվոր դառնամ, ասում է Գրիգորը, ամեն ինչ կանեմ, որ եղբայրս էլ լավ ֆուտբոլիստ դառնա եւ խաղա մեր ազգային հավաքականում»:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4