Կամերային երաժշտության տան մերձակա այգում, Հյուսիսային պողոտայի նորակառույց շենքի նկուղում, Մ. Նահանգների դեսպանատան կառուցվող շենքի դիմաց եւ Արցախի փողոցի վթարային շենքում ապրող անօթեւան մարդկանցՙ Բաշին, Գոռին, Միքայելին, Ռուզանին, Նատաշային էր նվիրված «Նարեկացի» արվեստի միությունում երեկ բացված լուսանկարիչ Օնիկ Գրիգորյանի լուսանկարների ցուցահանդեսը: Նրանցից Բաշն արդեն չկա, մահացել է լուսանկարվելուց ութ օր անց: Նրա մահվան օրը ընկերները հավաքվել են Կամերային երաժշտության տան մերձակա այգում, նրան թաղել են անօթեւան մարդկանց համար նախատեսված գերեզմանոցում, վրան դրել հերթական համարը:
Լուսանկարչին զարմացնում է, որ Հայաստանի իշխանավորները ոչինչ չեն անում անօթեւաններին օգնելու համար, հենց դա է պատճառը, որ նա արդեն մեկ ամիս շրջում է Երեւանի փողոցներում, զրուցում անօթեւան մարդկանց հետ, ընկերանում ու փորձում օգտակար լինել նրանց: «Անօթեւան մարդիկ կան գրեթե բոլոր երկրներում, սակայն նրանց համար ամենածանր եղանակինՙ ձմռանը ստեղծվում են կացարաններ, որպեսզի մարդիկ չցրտահարվեն եւ գոնե օրը մեկ անգամ տաք ուտելիք ստանան: Մեկ ամսվա ընթացքում Երեւանում մահացել է 19 մարդ», ասում է նա: Նա աշխատում է «Հետաքննող լրագրողների ընկերակցության» ղեկավար էդիկ Բաղդասարյանի հետ, լուսանկարներ անում «Հետք» ինտերնետային շաբաթաթերթի համար:
«Մեր իշխանավորները չեն ուզում ընդունել, որ Հայաստանում անօթեւան մարդկանց խնդիր կա: Կարծես դա ամոթալի երեւույթ է: 10 օր փորձում էինք նրանց հիվանդանոց տեղափոխել, չէինք կարողանում, մեծ դժվարությամբ միայն մեկին տեղափոխեցինք, սակայն նա մահացավ: Ոչ հասարակությունը, ոչ էլ պետական կառույցները չեն ուզում անօթեւաններին օգնելու, նրանց բարոյապես ու հոգեպես աջակցելու քայլ անել», համոզված է Էդիկ Բաղդասարյանը:
Նրա ասելով, անօթեւաններին օգնելու ցանկություն են հայտնել հիմնականում սփյուռքահայերը: Նյու Յորքի հայ ուսանողների ասոցիացիան 200 դոլար է ուղարկել, ամերիկահայ 3 բժիշկ մարտին Հայաստան գալու եւ նրանց անվճար բուժելու ցանկություն են հայտնել: Հայաստանցի որեւէ բժիշկ անօթեւաններին բժշկական օգնություն չի ցուցաբերել, ընկերակցության աշխատակիցներն են վիրակապել նրանց վերքերը: «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հետ համատեղ նկարահանված տեսաֆիլմում անօթեւանները պատմում են իրենց կյանքից, հարազատներից, հիասթափություններից: Նրանցից շատերի ամենահավատարիմ եւ մտերիմ բարեկամները թափառող շներն են, որովհետեւ շների հետ ավելի հանգիստ են զգում, քան մարդկանց հետ:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցչի կարծիքով անօթեւաններով պետք է զբաղվի հասարակությունը եւ ոչ թե նախարարությունը: Վերջին մի քանի տարիներին իրենք մշակել եւ փորձում են իրականացնել անօթեւանների համար սոցիալական կենտրոն ստեղծելու ծրագիրը, սակայն իրենց չի հաջողվել գտնել այդ ծրագիրը հովանավորող դոնոր կազմակերպություն: Այս պահին կառավարությանն են ներկայացրել սոցիալական աջակցության օրենքի նախագիծը, որը հավանության արժանանալու դեպքում առաջիկայում կհաստատվի Ազգային ժողովում: Ըստ նրա, նոր օրենքով մեր երկրի անօթեւանները պաշտպանված կդառնան:
Որքան էլ զարմանալի է ու անհասկանալի, այս խնդրի հանդեպ Մեր եկեղեցին եւս անտարբեր կեցվածք է ընդունել: Արարատյան թեմի առաջնորդարանից երեկվա միջոցառմանը ոչ մեկը չէր ներկայացել, թեպետ հրավեր ուղարկվել էր: Մինչդեռ գթասրտության եւ ողորմածության դասերը խեղճերին ու թշվառներին ձեռք մեկնելու կենդանի օրինակով պետք է լինեն:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ