Հավաստիացնում է արդարադատության փոխնախարարը
Այս օրերին ձեռնարկությունների լուծարման գործընթացի ակտիվացման պատճառների առնչությամբ պաշտոնական պարզաբանումների համար դիմեցինք այս ոլորտը համակարգող արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանին: Նրա կարծիքով, լուծարումների աշխուժությունը նախեւառաջ պայմանավորված է տարեսկզբով, քանի որ նախորդ տարվա ընթացքում շատ սուբյեկտներ հստակեցրել են հարկային խնդիրները եւ ցանկանում են իրավաբանորեն արձանագրել իրենց գործունեության ավարտը:
Մյուս խնդիրն այն է, որ տարբեր սոցիալական նպաստներ ստանալու համար քաղաքացիները պետք է ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավված չլինեն: Մինչդեռ առկա են բազմաթիվ սուբյեկտներ, որոնք տարիներ առաջ գրանցվել են, գործունեություն իրականացրել են կամ չեն իրականացրել, բայց այսօր չեն գործում: Այդ պատճառով էլ այդ մարդիկ լուծարում են իրենց չգործող ձեռնարկությունները, որպեսզի չզրկվեն նաեւ սոցիալական նպաստներից: Ընդ որում, փոխնախարարի հավաստմամբ, լուծարվողների մեծամասնությունը ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրածներ են: Իսկ որեւէ մեխանիզմ չաշխատող սուբյեկտին պարտադրելու, որ նա լուծարվի, գոյություն չունի:
«Լուծարման գործընթացից խուսափելու պատճառը դրա երկար եւ ձգձգվող ժամանակահատվածը չէ՞» հարցին Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ լուծարման գործընթացի ավելի երկար տեւելը գրանցման գործընթացից բնական պետք է համարել: Ստեղծման ժամանակ կազմակերպության հիմնադիրները որեւէ մեկի հանդեպ ոչ մի պատասխանատվություն չեն կրում: Իսկ լուծարման գործընթացի ժամանակ արդեն ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած սուբյեկտն առնչվել է եւ գործառնություններ իրականացրել տարբեր կառույցների հետ: Դրանք հարկային մարմիններն են, սոցիալական հիմնադրամը, տնտեսվարողները, որոնց հետ պետք է կատարվեն վերջնահաշվարկները: Օրենքն էլ հենց նման կարգ է սահմանել:
Լուծարման ժամանակ ստեղծվում է հանձնաժողով, որը պետք է հայտնաբերի բոլոր պարտատերերին եւ պարտապաններին, գույքագրի բոլոր պարտավորությունները, ապա իրականացնի իրավաբանական անձի գույքի վաճառք, դրա հաշվին բավարարի պարտատերերի պահանջները, ինչպես նաեւ պարտապաններից հավաքի միջոցները:
Օրենքով սահմանված լուծարման երկամսյա ժամկետը կարող է ձգվել ավելի երկար, ինչը պայմանավորված է լուծարվող կազմակերպության գործունեության ընթացքում կուտակած խնդիրներով: Դժգոհություններն այստեղ հիմնականում պայմանավորված են պետությանՙ հարկային կամ սոցիալական հիմնադրամի հետ կապված պարտավորություններով: Սակայն արդարադատության փոխնախարարը տեղեկացրեց, որ մեկ տարուց ավելի է, ինչ ներդրվել է պարզեցված կարգ: Եթե սուբյեկտը նախկինում դիմում էր իր ձեռնարկությունը լուծարելու համար եւ հարկային մարմնից կամ սոցիալական հիմնադրամից չէր ներկայացնում պարտավորությունների բացակայության մասին փաստաթուղթ, ապա լուծարումը չէր կատարվում: Հիմա ռեգիստրն է համապատասխան գրությամբ դիմում հարկային մարմին կամ սոցհիմնադրամ, խնդրելով պատասխանել, թե տվյալ ձեռնարկությունն ունի՞ պարտավորություններ, թե՞ ոչ: Պատասխանի համար տրված է մեկամյա ժամկետ:
Այդ ժամկետը լրանալուց հետո երեք տարբերակ է հնարավոր: Առաջին, եթե այդ ընթացքում պատասխան է ստացվում, որ պարտավորություններ չկան, լուծարումն իրականացվում է: Երկրորդ, եթե սուբյեկտն ունենում է նման պարտավորություններ, բնականաբար, մինչ դրանց մարումը նրա լուծարումը չի կատարվում: Իսկ եթե սահմանված ժամկետում այդ գրությանը պատասխան չի տրվում, ապա դա դիտվում է որպես դրական պատասխան եւ լուծարումը կատարվում է: Իսկ եթե դրանից հետո հանկարծ հայտնաբերվի, որ տվյալ ձեռնարկությունն ունեցել է պարտավորություններ, իսկ չինովնիկը թերացել է ու ժամանակին չի տեղեկացրել դրանց մասին, այդ դեպքում պատասխանատվությունն ընկնում է թերություն թույլ տված պաշտոնական անձի վրա:
Այս մեխանիզմի ներդրումից հետո, Տիգրան Մուկուչյանի հավաստիացմամբ, իրավիճակն էապես փոխվել է, եւ լուծարման դիմում տվողները շրջանցում են քաշքշուկը: «Համենայն դեպս, մինչ այժմ չի եղել բողոք, որ ռեգիստրի կողմից գրություն չի ուղարկվել այս կամ այն մարմնին», մեր զրույցի վերջում նշեց արդարադատության փոխնախարարը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ