Դա չի նպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջազգային ջանքերին
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Հունվարի 25-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բրիտանացի խորհրդարանական Դեյվիդ Աթկինսոնի զեկույցի հիման վրա ընդունել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին ոչ հայանպաստ բանաձեւ: Դա, անկախ հակամարտության կարգավորման ընթացքի վրա բանաձեւի ազդեցության հավանականությունից, Եվրոխորհրդում Հայաստանի պատվիրակության բացահայտ ձախողումն էր, որը նաեւ անգործություն է ենթադրում:
Հակառակ Հայաստանի, ազգային խնդիրները որպես կանոն համախմբում են Թուրքիայի պատվիրակության անդամներին եւ նրանք համախմբվածության պայմաններում ոչ միայն ակտիվորեն գործում են, այլեւ որոշակի հաջողություն են արձանագրում:
Հաջողության պարագայում խոսքը ԵԽԽՎ հունվարի 27-ի նիստի մասին է: Թուրքական «Ռադիկալ» թերթը եւ մասնավորապես «Միլլիեթը» հունվարի 28-ի համարներում տեղեկացնում են, որ այդ նիստում վեհաժողովի օրակարգում դրված «Բռնագաղթի եւ էթնիկ զտման ենթարկված ժողովուրդների հիշատակման կենտրոն ստեղծելու մասին» զեկույցում փոփոխություն մտցնելու առաջարկ է արվել:
Ըստ թուրքական թերթերի, առաջարկի հեղինակները փորձել են սրբագրել զեկույցի տեքստի 1915 թ. իրադարձություններին վերաբերող հատվածը, պահանջելով այդ իրադարձությունները բնութագրել ոչ թե «հայկական կոտորածներ», ինչպես բնութագրվում է, այլՙ «հայերի ցեղասպանություն»: Թուրքական պատվիրակությունն իսկույն արձագանքել է, պահանջելով չեղյալ հայտարարել զեկույցիՙ սկսած հրեաներից վերջացրած լեհերով բռնագաղթի ենթարկված ժողովուրդներին նվիրված հատվածը: Արձագանքի արդյունքում նախ մերժվել է փոփոխության վերոհիշյալ առաջարկը, ապա եւ նիստի օրակարգից հանվել է «Բռնագաղթի եւ էթնիկ զտման ենթարկված ժողովուրդների հիշատակման կենտրոն ստեղծելու մասին» զեկույցը:
Ակամա հարց է ծագում, ի՞նչ առնչություն ունի ԵԽ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին ոչ հայանպաստ բանաձեւի ընդունումն այսպես կոչված ոչ թուրքանպաստ զեկույցի մերժման հետ: Հարցի պատասխանը միանշանակ էՙ ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը Հայաստանի հետ հարաբերությունների հարցում ամրապնդում են Թուրքիայի դիրքերըՙ ընդարձակելով հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ Եվրոմիության պարտավորություններից խուսափելու նրա հնարավորությունը:
Ինչպես հայտնի է, անդամակցության բանակցությունների սկզբնավորման համար ԵՄ-ը Թուրքիայից մի շարք այլ պարտավորությունների թվում պահանջում էր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, հայ-թուրքական սահմանի բացումը եւ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ որոշակի քայլերի կատարումը: Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում, երբ ԵՄ գագաթաժողովը Թուրքիայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու որոշումն ընդունեց, նշանակելով դրանց սկզբնավորումը 2005 թ. հոկտեմբերի 3-ին, Հայաստանին առնչվող Թուրքիայի պարտավորությունների նկատմամբ շահագրգռություններն աճեցին, պահանջները դարձան ավելի հստակ հատկապես Ցեղասպանության հարցում:
Թեեւ Եվրոհանձնաժողովը մեկ տարով հետաձգեց Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունների սկզբնավորման համար նշանակված ժամկետը, որոնք, ըստ ամենայնի, սկսելու են 2006 թ. վերջերին, սակայն հետաձգումը չհանգեցրեց պարտավորությունների նկատմամբ ԵՄ պահանջների թուլացմանը: Առաջիկա բանակցությունները չվտանգելու հրամայականով թուրքական իշխանությունները զերծ մնացին ԵՄ պահանջները մերժելու գայթակղությունից: Սակայն պարտավորությունների կատարումից խուսափելու համար նրանք սկսեցին Հայաստանին մեղադրել Կարսի պայմանագիրը չճանաչելու, Ադրբեջանի տարածքների օկուպացումից չհրաժարվելու եւ ցեղասպանության «անհիմն» պնդումները Թուրքիայի դեմ օգտագործելու մեջ:
Այլ կերպ, Հայաստանին հասցեագրված մեղադրանքները Թուրքիայի համար դարձան ԵՄ-ից ստանձնած պարտավորությունները չեզոքացնելու արդյունավետ միջոց: Քանի որ հունվարի 25-ի բանաձեւով «Ադրբեջանի տարածքի զգալի մասն օկուպացնելու մեջ» Հայաստանին մեղադրում է նաեւ Եվրոխորհուրդը, ավելինՙ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին որակելով «անջատողական ուժեր», եվրոպական այս կառույցը տուրք է տալիս ղարաբաղյան հիմնահարցում թուրքական տեսակետներին, ուստի ինքնաբերաբար մեծանում են պարտավորությունների առնչությամբ ԵՄ պահանջներին դիմակայելու Թուրքիայի հնարավորությունները:
Ինչ վերաբերում է «Բռնագաղթի եւ էթնիկ զտման ենթարկված ժողովուրդների հիշատակման կենտրոն ստեղծելու մասին» զեկույցին, ապա ԵԽԽՎ-ը մերժելով տեքստում «հայերի ցեղասպանությունը» մատնանշելու առաջարկը, ակամա կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ որոշակի քայլեր կատարելու առումով Թուրքիային ԵՄ-ի ներկայացրած պահանջի նպատակահարմարությունը:
Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ ԵԽ բանաձեւը, ընդլայնելով պարտավորություններից խուսափելու Թուրքիայի հնարավորությունը, միանգամայն հակասում է ԵՄ-ի պահանջների տրամաբանությանը: Սակայն հարցը սոսկ պահանջները չեն, այլեւ ԵՄ-ի «Նոր հարեւանություն» նախաձեռնությունը, որում Վրաստանի եւ Ադրբեջանի հետ ընդգրկված է նաեւ Հայաստանը: Նախաձեռնության իրականացումն անխուսափելի է դարձնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Մինչդեռ ԵԽ-ը պարտավորություններից խուսափելու առումով խրախուսելով Թուրքիային, նախադրյալներ է ստեղծում, որ նա Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին բանաձեւը հակադրի ԵՄ պահանջներին:
Ակնհայտ է, որ հակադրելու հեռանկարը կհանգեցնի Հայաստանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած քաղաքականության հետագա կոշտացմանը: Այսպիսով ի չիք կդառնան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ԵՄ ջանքերը, որոնք սպառնալիքի տակ կդնեն «Նոր հարեւանություն» նախաձեռնությունը: Հետեւաբար Եվրոխորհուրդը վերոհիշյալ բանաձեւով Թուրքիային ԵՄ-ի ներկայացրած պահանջների տրամաբանությանը հակասելիս ակամա հակադրվում է նաեւ եվրոպական այս կառույցի «Նոր հարեւանություն» նախաձեռնությանը:
ԵԽ բանաձեւում Թուրքիային խրախուսելու առումով ի՞նչ դեր է կատարել բրիտանացի խորհրդարանական Աթկինսոնը, դժվար է ասել: Բայց որ ԵՄ անդամ Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ին համահունչ քաղաքականություն է վարում, ակնհայտ է: Սա նշանակում է, որ բրիտանացիները պետք է նպաստեն Անդրկովկասը ԵՄ ազդեցությունից զերծ պահելու ամերիկյան ջանքերին: