«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2005-01-28 | #15, 2005-01-29 | #16, 2005-02-01


ԵՐԵՎԱՆԸՙ ԱՉՔԻՑ ՎՐԻՊՈՂ ԻՐ «ՄԱՆՐՈՒՔՆԵՐՈՎ»

Կարելի է մտածել, թե մենք իմունիտետ ենք ձեռք բերել շատ ու շատ երեւույթների հանդեպ, ու մեր զգայությունները բավական կոշտացել են: Համենայն դեպս, մենք այնպես վատ չենք զգում Երեւանի փողոցներով անցնելիս, ինչպես մեր նախագահն ու քաղաքապետը, երբ վերջերս հնարավորություն են ունեցել տեսնելու իրական Երեւանն իր վայրիվերո աղավաղումներով: Մենք սովորել ենք կրպակների արանքներով մեկումեջ անցնել կամ այգիներում հատուկենտ ծառ ու նստարան փնտրել ու չգտնել:

Բա՞ որ մեր քաղաքապետն ու նախագահը հանկարծ որոշեն մի օր օգտվել քաղաքային տրանսպորտից, ասենք, սպասեն Բարեկամություն մետրոյի մոտակաՙ քաղաքի կենտրոն տանող կանգառում, որտեղ տասնյակներով երթուղային տաքսիներն իրար գլխի են հավաքվում ու այնպիսի ազդանշանային աղմուկ, հարայհրոց գցում, որ գլուխդ կորցնում ես աջ ու ձախ արագ-արագ պտտելուց, որ ուզածդ համարը բաց չթողնես, կամ, ասենք, սպասեն Երեւանի Շենգավիթի համայնքի Ղռեր թաղամասի Արագածի, Կողբի փողոցների կանգառներում, որոնց հասնելու համար շատ բնակիչների պես մի երկու կանգառ ոտքով վտանգավոր սառցաբեկորների վրայով քայլեն, ապա եւ 1 ժամ սպասեն քաղաք տանող միակ եւ ցանկալի 29-րդ համարի երթուղայինին: (Ի դեպ, այս վայրում ապրող բնակիչները խնդրում են դեպի քաղաքի կենտրոն տանող բացի 29 երթուղուց, ավելացնել եւս մեկ երթուղագիծ):

Բա՞ որ հանկարծ հեքիաթներում պատմածի պես լիներ ու նրանք ծպտյալ հանդերձով հայտնվեին այդ նույն քաղաքի բնակիչների տներում ու տեսնեին, թե նրանցից շատերն ինչպես են ապրում, ինչե՜ր կտեսնեին ու որքա՜ն վատ կզգային: Չէ, խոսքս Կամերային տան դիմաց ամիսներ շարունակ «օթեւանած» անօթեւանների մասին չէ, որ երեխայի հետ գիշեր-ցերեկ այգում կրակ են վառում, աղբակույտերի ու շների հետ քնում, վեր կենում: Նրանց մասին բոլորը գիտեն, ու հնարավորություն էլ կա նրանց մարդկային ապրելակերպի վերադարձնելու, որեւէ լքված բնակավայրերում որեւէ հողակտոր ու տուն տրամադրել: Խոսքը Երեւանի մասին չէ, իհարկե, որի ամեն թիզ հողի գինը ոսկու արժեք ունի, այն էլ կենտրոնի այդ հատվածներում: Հետոՙ հող էլ չի մնացել, մայրաքաղաքի օդային տարածքն էլ նվաճված է եւ նվաճված է գովազդային վահանակների հսկա տեղատարափով: Բաղրամյան-Բարեկամություն պողոտայով անցնելիս վեր նայեք ու կհամոզվեք, գովազդախեղդ է արված մթնոլորտըՙ հաճախ անճաշակ ու անգրագետ, փողոցների ամեն անկյունում, շենքերի պատերին, սյուներին բազմատեսակ, խայտաբղետ հայտարարություններ, գրություններ, ընտրություններից մնացած լուսանկարներ: Իսկ Պռոշյան փողոցի վերջնամասում 2003-ի նախագահական ընտրություններից մնացած մեծադիր վահանակը զարմացնում է, քանի որ ընտրություններից հետո որոշակի ժամկետում քաղաքային իշխանությունների հրահանգով դրանք պետք է մաքրված լինեին: Երեւի մոռացել են: հավանաբար մոռացել են մաքրել նաեւ Աբովյան փողոցում, բժշկական համալսարանից քիչ վերեւ այրված գրավաճառ կրպակի տխուր մնացորդները, մոխրացած, ցրիվ եկած, սեւացած իրերը:

Ոչ, բնավ էլ մոռացության չի մատնված, այստեղ մի մութ պատմություն է թաքնված: Լրագրավաճառն ինքը թույլ չի տալիս հրդեհի հետքերը մաքրել: «Հայմամուլի» թիվ 53 կրպակը (Աբովյան փողոցում) հրկիզվել է հունվարի 25-ի գիշերըՙ լույս առավոտյան: Նախկին կրպակի սեւացած կմախքի դիմաց լրագրավաճառը փոքրիկ սեղանիկ է դրել եւ շարունակում է աշխատել: 30 տարուց ավելի աշխատելով այս ոլորտումՙ Սամվել Գասպարյանը պատմում է, որ իրեն հնարավորություն չեն տվել մասնակցելու սեփականաշնորհման գործընթացին, ինչ-որ պատճառաբանությամբ, ապա ոչ արտոնված թերթեր վաճառելու պատրվակով վարչական տույժի են ենթարկել (ասում է, որ 10 հազար դրամ աշխատավարձով ապրել պարզապես անհնար է), ինքը հրաժարվել է, հեռացման զեկուցագիր է պատրաստվել, որին հետեւել են դատական գործընթացներ. այդ ընթացքում սպառնալիքներ են եղել: Այսպիսի նախապատմությամբ լրագրավաճառը համոզված է, որ հրդեհն անզգույշ պատահարի հետեւանք չէ, արված է միտումնավոր եւ պատմում է բենզինով լցված կոկա-կոլայի շշերի ու պայթուցիկների մասին: Նա ասում է, որ դիմել է «Առավոտ», «Հայկական ժամանակ» օրաթերթերին, ԱԼՄ հեռուստաընկերությանը, որոնք չեն արձագանքել, բացառությամբ «Ազատություն» ռադիոկայանի:

Մինչ համապատասխան մարմիններիՙ հրշեջ ծառայության եզրակացությունը եւ ոստիկանության արձագանքը, մոխրակույտի վերածված կույր ակնախոռոչի նմանվող այս այրվածքը մնալո՞ւ է ցցված Երեւանի կենտրոնական փողոցում իբրեւ հերթական խայտառակություն:

Քիչ ավելի վերեւում դեղատների ու հիվանդանոցների շարքն էՙ Սբ. Մարիամ կլինիկա, Մարի Նուբար ակնաբուժարան, ապա եւՙ տարիների վաղեմությամբ քարե ցուցատախտակի վրա կարդում ենքՙ Հայկ. ՍՍՀ Առողջ. մին. N 1 կլինիկա: Հարկավո՞ր է արդյոք պահպանել այսօրինակ արձանագրությամբ թեկուզ ներկայանալի ցուցատախտակները, ֆինանսների հե՞տ է կապված, թե՞ պատմական նշանակություն ունի:

Երեւանում, բացի ապօրինի կառուցապատումներից, մայրաքաղաքային պատշաճ տեսքին անհարիր այնքան շատ բան կա, որ խոստանում ենք անդրադառնալ յուրաքանչյուր առիթով, սկսած անգրագետ գովազդ-պաստառներից, ազդագրերից, փողոցների ու շենքերի մուտքերի վիճակից, այգիների ու անցուղիների գարշահոտից, ընդհուպ փողոցների անհարկի անվանումները եւ այլն, եւ այլն:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հ. Գ. Տրանսպորտային հարցերի հետ կապված դժգոհություններով մեզ շատ հաճախ են դիմում, թերեւս անտեղյակ, որ մեր թերթն այս հարցում շատ հետեւողական է: Եթե քաղաքի բոլոր մասերում գծերի հավասարաչափ տեղաբաշխումն այդքան անլուծելի խնդիր է, ապա գոնե մանր-մունր որոշ հարցեր կարգավորելն այնքան էլ անհնար բան չէ:

Թիվ 72 երթուղային տաքսին երթուղին սկսում է Հակոբյան փողոցիցՙ հատ ու կենտ ուղեւորներով: Կիրակի երեկոյան մեկ-երկու փողոց անց մեքենան, որ սայլի պես հազիվ էր իրեն քարշ տալիս, այնքան լցվեց, որ, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չկար, սակայն վարորդը շարունակում էր ուղեւորահավաքը (այս հարցը կարծես թե կանոնավորվել էր, գուցե որոշ համարներ արտոնյալ կարգավիճակում են եւ դո՞ւրս են ավտոտեսուչների վերահսկողությունից): Ներսի շիլաշփոթը բավական չէր, վարորդն այնքան բարձր էր միացրել ռադիոընդունիչը, որ վերջում նստածներիՙ երաժշտության ձայնը մեղմելու խնդրանքը չէր էլ լսում: Հնարավոր չէ՞ արդյոք արգելել վարորդների այս արատավոր սովորությունը: Քեֆ-ուրախության (երբեմն էլ ճիշտ հակառակը) այնպիսի երաժշտություն է, ասես ռեստորանում ենք գտնվում. գարշելի պարտադրանք:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4