Նշեց տուրիզմի վարչության պետը
Այս տարվա հունվարի 1-ից հյուրանոցները պետք է դիմեն աստղեր ստանալու համար: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտնեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության տուրիզմի վարչության պետ Արթուր Զաքարյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ այդ նպատակով ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են առեւտրի եւ տնտեսական զարգացման, կրթության եւ գիտության նախարարությունների, ստեղծագործական միությունների ներկայացուցիչները: Հյուրանոցների համար աստղերի առավելագույն թիվը հինգն է, հանգստյան տների համարՙ չորսը: Որակի աստղեր ստանալու համար հյուրանոցները պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների, որոնք 10-ն են: Ըստ տուրիզմի վարչության պետի, որակական չափանիշներով հյուրանոցների դասակարգումը ձեռնտու է նաեւ հյուրանոցներին, քանի որ առանց դրա անհնար է միջազգային շուկայում ճանաչում գտնել: Ներկայումս հյուրանոցների միջեւ մրցակցություն չկա, դրա համար անհրաժեշտ մեխանիզմներ չեն գործում: Այդուհանդերձ, անցած մեկ ամսվա ընթացքում հյուրանոցներից ոչ մեկն առայժմ չի դիմել աստղեր ստանալու համար:
Արթուր Զաքարյանը տեղեկացրեց նաեւ, որ ներկայումս Հայաստանի ամբողջ տարածքում 25 հազար հյուրանոցային տեղեր ունենք, որոնցից 2500-ն են համապատասխանում միջազգային չափանիշներին: Սակագները տատանվում են 10-350 դոլարի սահմաններում: Տուրիզմի վարչության պետի կարծիքով, հյուրանոցային համակարգի գլխավոր խնդիրը բարձրորակ մասնագետների բացակայությունն է: Ինչ վերաբերում է Հայաստան այցելած զբոսաշրջիկներին, ապա անցյալ տարի դրանց թիվը եղել է մոտ 250 հազար:
Գիդերի (ուղեկցորդների) լիցենզավորման կարգը նույնպես սկսել է գործել այս տարվա հունվարի 1-ից: Սակայն այս դեպքում եւս դեռ ոչ մի դիմում չի եղել: Տուրիզմի վարչության տվյալներով, Հայաստանում մոտ 300 գիդեր են աշխատում, բայց նրանց մեծ մասի մասնագիտական որակները չեն համապատասխանում ներկայիս պահանջներին: Եթե նրանք դիմեն լիցենզավորվելու համար, ապա, ըստ Արթուր Զաքարյանի, լիցենզիա կստանա վերոնշյալ 300-ի մեկ քառորդը: Ի դեպ, լիցենզավորման համար գիդերը պետք է կատարեն համապատասխան վճարՙ տարեկան 10 հազար դրամ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ