«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2005-01-28 | #15, 2005-01-29 | #16, 2005-02-01


ՕՐԱՑՈՒՅՑՆԵՐ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՐՍՏԱՑՆԵԼ ՕՐԵՐԴ

Տարեմուտի լավագույն նվերներից մեկն օրացույցներն են դարձել, որոնք տարեցտարի իրենց պոլիգրաֆիական կատարումով եւ բովանդակային մասով ավելի հետաքրքրական են դառնում, երբեմն էլՙ հաճելի անակնկալներով: Դրանցից մի մասը բուն օրացուցային նշանակությունից բացի ճանաչողական բնույթ ունի: Այս տարի եւս «Ազգ» օրաթերթը շնորհակալությամբ ստացավ օրացույցներ, եւ այդ հավաքածուն կազմում են «Կոնվերսբանկի», ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, Բրիտանական խորհրդի, ԱԳՆ-ի, «Մուղնի» հրատարակչատան, ԱՄՆ դեսպանատան, Հայաստանի բարձրագույն ուսհաստատությունների Լիբանանի շրջանավարտների միության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Մանկության մոլորակի, Սփյուռ «Կոմպասի», Թեքեյան մշակութային միության (որը հանգամանորեն «Ազգ» թերթում ներկայացրել է Սերգեյ Գալստյանը), Երկրապահների միության եւ Վահան Տերյան-120 օրացույցները:

Պոլիգրաֆիական որակով թերեւս կարելի է առանձնացնել «Կոնվերսբանկի» եւ Հայաստանի լեռնաշխարհի հիասքանչ ու գողտրիկ անկյունները լուսանկարային պատմությամբ ներկայացնող ԱԳՆ-ի եւ «Մուղնի» հրատարակչատան եւ մի շարք այլ օրացույցներ: ՄԱԿ-ի անդամ 191 պետությունների դրոշներով օրացույցը ներկայացնում է կազմակերպության 2005 թ. գործունեության հիմնական ուղղությունները:

Բավական ինքնատիպ մտահղացում է Վահան Քոչարի հեղինակությամբ հարսանյաց հանդեսների եւ երեխաներիՙ պատմական նշանակությամբ լուսանկարներով օրացույցը: Նմուշները վերցված են «Հայ լուսանկարչության պատմություն» հանրագիտարանից, որի վրա տարիներ շարունակ աշխատել եւ հրատարակման է պատրաստել Վահան Քոչարը: Այստեղ դուք կհանդիպեք Զորավար Անդրանիկի հարսանյաց հանդեսից մի լուսանկարի, Սայաթ-Նովայի թոռնուհուՙ Պ. Պռոշյանի կնոջ, Հ. Թումանյանի ընտանիքի, Ռուբեն Դրամբյանիՙ ազգային պատկերասրահի հիմնադրի եւ նրա մորՙ Եղիսաբեթ Դրամբյանի մանկական լուսանկարներին, 1915-ի կոտորածներից փրկված մի խումբ երեխաների լուսանկարների:

Հարկ ենք համարում մասնավոր անդրադառնալ Վահան Տերյանի 120-ամյակի առիթով Հովհ. Պապիկյանի գլխավորությամբ ստեղծված ուշագրավ գիրք-օրացույցին: Օրացուցային նշումները մեզ հիշեցնում են անցողիկ կյանքի մասինՙ վկայելով Վահան Տերյանի խոսքերը. «Եկան օրեր ու անցան/ ու ինձ ոչինչ չմնաց»: Օրացուցային մի քանի տասնյակ էջերում հրատարակիչներին հաջողվել է հարազատորեն վերարտադրել ամենաքնարական ու զգացմունքային հայ բանաստեղծի նկարագիրը, հոգու խորունկ էությունն ու վարակիչ ներաշխարհը: Այս փոքրիկ գրքույկը զարմանալիորեն կարողանում է պատկերացում տալ Վահան Տերյան պոետի, ե՛ւ մարդու, ե՛ւ ազգային-հասարակական գործչի, XX դարասկզբի բացառիկ հայ մտավորականի կերպարի մասին: Այն ներառում է Տերյանի բանաստեղծությունների մի հրաշալի փունջ, նամակներից պատառիկներ, հուշեր, մեր մեծերի (Իսահակյան, Թումանյան, Դեմիրճյան, Պ. Սեւակ եւ ուրիշներ) գնահատականներն իր մասին, կենսագրական տեղեկություններ: «Տերյանական պատգամներ» խորագրի ներքո կազմողներն օգտագործել են բանաստեղծի նամակներում եւ զանազան հրապարակումներում մշակույթի, լեզվի, մտավորականության, հայրենիքի, հոգեւոր Հայաստանի մասին Տերյանիՙ այսօր այնքան արդիական հնչող մտորումները, տեսակետները:

Կարծում եմ, հեղինակներին հաջողվել է հասնել նպատակինՙ օրացույցի միջոցով վերհիշեցնելու մեր գետնամած ու գաղջ մթնոլորտում մոռացության տրված որոշ արժեքներ, հնարավորություն տալով այս կերպ հաղորդակից դառնալու տերյանական հոգու հարստություններին ու պայծառ քնքշանքին:

Օրացույցի էջերը փակվում են Վ. Տերյանի «Աստված մարդուն կյանք է պարգեւում, եւ ամեն ինչ տեսիլքի պես է...

Շուտով Նոր տարի է:

Բարեւ բոլորին:

Առողջ եւ հաջողակ եղեք, ինձ մի մոռացեք եւ սիրեցեք, լսո՞ւմ եք, սիրեցե՜ք» խոսքերով:

Այս պատառիկները մեզ են վերադարձնում երիտասարդության շրջանում Վ. Տերյանի նկատմամբ կարծում եմ, բոլորիս համակած սերը:

Օրացույցը տպագրվել է «Ամարաս» տպարանում, օգտագործված են Հ. Կոջոյանի, Մ. Սարյանի, Մ. Ավետիսյանի, Ռ. Խաչատրյանի նկարներից:

Եվ վերջապես ձեր տներում յուրաքանչյուրդ ունեցեք Երկրապահ կամավորական միությանՙ Հայաստանի Հանրապետության եւ ղարաբաղյան պատերազմի տարեգրության մասին պատմող օրացույցըՙ նշանակալի բոլոր իրադարձությունների հիշատակումներով: Օրացույցի նշանակությունը, սակայն, այն ոգեղենության մեջ է, որ փոխանցվում է յուրաքանչյուր էջի վրա զետեղված հայոց նորանկախ բանակի հիմնադրիՙ Վազգեն Սարգսյանի խոսքերից: Սրանք մտքեր, գաղափարներ, տեսակետներ են, որոնք վստահաբար աղբյուր են ազգային լավագույն իղձերի ու նպատակների համախմբման եւ ոգեկոչման: «Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաեւ հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետեւում քար կա, մշուշի հետեւումՙ մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ եւ ամրանում քրտինքով: Այս երկիրն անտրամաբանական սիրո եւ անտրամաբանական ատելության երկիր է:

...Հազարամյակներ պետք եղան, որպեսզի հասկանանք, որ լալահառաչ մշակույթով ազգ չի պահվում: Ի՞նչ է, եւս մի հազարամյա՞կ է պետք, որպեսզի հասկանանք, որ ամենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է:

Աշխարհի ամեն անկյունում ապրող եւ իրեն հայ համարող մարդ պիտի շնչի այս երկրի, այս պետականության շահերով եւ իմանա, թե ինչպես օգտակար լինի նրան:

Վստահ եմ, որ 21-րդ դարասկզբին ձեւավորվելու է հայի մի տեսակ, որն իր ազգային գաղափարախոսության կրողն է լինելուՙ զերծ թերարժեքության մտավախությունից, համարձակ, լիասիրտ, թիկունքինՙ արժանապատիվ պատմություն, առջեւումՙ տարածություն»:

Օրացույցը ներկայացնում է նաեւ 5000-ամյա պատմությամբ հայոց բուն տոմարը, իսկ օրացույցի առաջին էջին Արարատն էՙ տիեզերքից:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4