1993թ. հոկտեմբեր. «Ղարաբաղցիներն իրավունք ունեն ինքնուրույն տնօրինելու իրենց ճակատագիրը»
Մինչ Հայաստանի եւ Արցախի հասարակական-քաղաքական շրջանակները շարունակում են քննարկել ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի գծով զեկուցող Դեյվիդ Աթկինսոնի զեկույցը, Արցախի հանրային հեռուստատեսությունը հունվարի 31-ին հեռարձակել է 1993 թ. հոկտեմբերին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Կիչան գյուղում տեսագրված մի հարցազրույց նույն Աթկինսոնի հետ, որտեղ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամ, Եվրոպայի խորհրդի մեջ չմտնող երկրների հանձնաժողովի նախագահը մասնավորապես ասում է. «Այն, ինչ տեսա այստեղ, վեր է իմ պատկերացումներից: Այստեղ իսկական պատերազմ է, որը ամեն օր խլում է մարդկային բազմաթիվ կյանքեր: Ակնհայտ է, որ Ադրբեջանն է սանձազերծել այս պատերազմը եւ մինչեւ չդադարեցնի, Եվրոպայի խորհուրդը նրան չի ընդունի իր կազմի մեջ»:
Դեյվիդ Աթկինսոնը միաժամանակ հիացմունքով է արտահայտվել Շուշիի եւ Ղազանչեցոց եկեղեցու մասին, նշելով, որ ադրբեջանցի ելուզակները փաստորեն պղծել են քրիստոնեական եկեղեցինՙ այն վերածելով զինապահեստի. «Դա խիստ դատապարտելի փաստ է, եւ ես անպայման այդ մասին կպատմեմ իմ գործընկերներին»:
Ուշագրավ է հեռուստահարցազրույցի այն մասը, որը վերաբերում է ինքնորոշման իրավունքին: Դ. Աթկինսոնը մասնավորապես ասել է. «Ես գտնում եմ, որ ղարաբաղցիներն իրավունք ունեն ինքնուրույն տնօրինելու իրենց ճակատագիրը, կերտելու իրենց ապագան: Մեր կազմակերպությունը եւ ես անձամբ կանենք ամեն ինչ, որպեսզի արցախահայերը իրենց հողում ապրեն ազատ, լիիրավ կյանքով»:
Շուրջ 12 տարի առաջ ասվածը եւ վերջերս «Ազգերի ինքնորոշման իրավունքի» սկզբունքի վերաբերյալ դարձյալ նրա ձեւակերպումը, ըստ որի` այդ իրավունքը չի կարող Ղարաբաղի դեպքում կիրառվել, հակասության մեջ են դնում իրավիճակի գնահատման տրամաբանությունը: Այս առումով դժվար է հասկանալ բրիտանացի խորհրդարանականի գործնական համոզմունքի այսօրինակ վերափոխումը: Եվ ինչպես ասում են` մեկնաբանություններն այստեղ իսկապես ավելորդ են:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ