«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2005-01-29 | #16, 2005-02-01 | #17, 2005-02-02


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՍԵՑՈՒՄՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ

Մեջլիսն այդ նպատակով հայկական նախաձեռնություններին հակադրում է պոլսահայ գործիչների առաջարկը

Թուրքիայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու Եվրոմիության դեկտեմբերի 17-ի որոշումը նպաստեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նրա պարտավորության նկատմամբ եվրոպական շահագրգռությունների աճին: Այդ ընթացքում, ի պատասխան ԱՄՆ-ին հասցեագրված Իրաքում ցեղասպանություն իրագործելու թուրքական մեղադրանքներին, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պաշտոնական Վաշինգտոնի սպառնալիքով ճանաչման հարցը որպես թուրք-ամերիկյան տարաձայնությունների դրսեւորում ներքաշվեց ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ոլորտ:

Այս ամենը հիմք է տալիս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետագա ծավալման հետեւությունների համար, իսկ ծավալումը նախադրյալներ է ստեղծում, որ ճանաչման նախաձեռնությունները վերաակտիվանան ինչպես սփյուռքում, այնպես էլ Հայաստանում: Կասկածից վեր է, որ Մեծ եղեռնի 90-րդ տարելիցը կխթանի այդ նախաձեռնությունները, դրանց միջազգային համապատասխան արձագանքի դեպքում կաճի այն երկրների թիվը, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը:

Թերեւս այդ առումով պատահական չեն Մեծ եղեռնի 90-րդ տարելիցի առնչությամբ Թուրքիայի մտահոգությունները: Դրանք հանգեցնում են ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունները հակաքայլերով չեզոքացնելու ձեռնարկումներին, իսկ ձեռնարկումների հաջողությունը պայմանավորվում է պոլսահայ գործիչների ներգրավմամբ:

Այս գործիչների պարագայում խոսքը հայտնի լրագրող Էթիեն Մահճուպյանի եւ «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մասին է: Թուրքական «Զաման» թերթը հունվարի 25-ի համարում «Մեջլիսը հայկական սփյուռքի դեմ է հանում Մահճուպյանի բանաձեւը» խորագրով տեղեկացնում է Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի Եվրոմիության հետ ներդաշնակության հանձնաժողովի պատրաստած զեկուցագրի մասին:

Ըստ թուրքական թերթի, եվրոպական երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչման հայկական լոբբիի ձեռնարկումների դեմ ուղղված այս զեկուցագրով սփյուռքահայության գործունեությունը կասեցնելու համար նախատեսվում է Մեջլիս հրավիրել Մահճուպյանին եւ Դինքինՙ ստանալու համար համապատասխան պարզաբանումներ նրանցից: Վերջիններս հավանություն են տվել հրավերին: Մահճուպյանը կողմ արտահայտվելով Մեջլիսում համապատասխան հանձնաժողովների ստեղծմանը, այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները համարել է իմաստալից:

«Զամանի» տվյալներով, Մահճուպյանը մատնանշել է (ցեղասպանության) հարցը չեզոք միջավայրերում կազմակերպվող միջոցառումներով հաղթահարելու անհրաժեշտությունը, իսկ Դինքը գոհունակություն է հայտնել այդ հարցում իր տեսակետները լսելու Մեջլիսի պատրաստակամության առնչությամբ:

Մեջլիսի ԵՄ-ի հետ ներդաշնակության հանձնաժողովի զեկուցագրում առանձին գլուխ է նվիրվել Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: Ինչ վերաբերում է այնտեղ տեղ գտած առաջադրանքներին, ապա դրանք ենթադրում են. «Հետեւողական լինել Հայաստանի, Ռուսաստանի, Անգլիայի եւ Ֆրանսիայի արխիվների բացման հարցում, ցեղասպանության հայկական պնդումների առնչությամբ իրազեկել Թուրքիայի բոլոր քաղաքացիներին եւ հատկապես Եվրոպայում գործող թուրքական ծագումով պատգամավորներին, ոչ մի դեպքում չմասնակցել այն գիտաժողովներին, որոնցում ներկա չեն լինի ցեղասպանության հայ եւ թուրք մասնագետները»:

Էթիեն Մահճուպյանն ու Հրանտ Դինքն ի՞նչ արժեքավոր խորհուրդներ կտան Մեջլիսին, դժվար է ասել: Բայց որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հայկական նախաձեռնությունները չեզոքացնելու համար նրանց աջակցությանն ապավինելու մտահղացումները վկայում են թուրքական հակաքայլերի սնանկության մասին եւ բացահայտում ինչպես Թուրքական պատմական ընկերության, այնպես էլ դրա նախագահ Յուսուֆ Հալաչօղլուի հրատարակած թուրքերի նկատմամբ հայերի իրագործած ցեղասպանության վերաբերյալ շատ գիտական «աշխատությունների» ավելորդությունը, ակնհայտ է:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4