Անարգանքը հիմնավորելու համար Հայաստանում հակահրեականություն է հայտնաբերում
Հունվարի 29-ին «Զաման» թերթը հրապարակել էր ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ սեփական թղթակցի հարցազրույցը: «Ազգը» հունվարի 27-ի համարում հարցազրույցին անդրադառնալիս, ընդգծել էր, որ Օսկանյանը հաշվենկատ, դիպուկ եւ սպառիչ պատասխաններ է տալիս հարցերին:
Հիրավի, հարցազրույցում արտգործնախարար Օսկանյանն անակնկալ էր համարում Կարսի պայմանագիրը չճանաչելու վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Հայաստանին հասցեագրած մեղադրանքը, ցույց էր տալիս ղարաբաղյան հիմնահարցը զուտ տարածքային խնդիր դիտարկելու սնանկությունը, բացառում էր հիմնահարցում Թուրքիայի միջնորդությունը եւ դա պայմանավորում վերջինի կողմնակալությամբ, ընդգծում էր, որ Լեռնային Ղարաբաղը միշտ հայկական տարածք է եղել, արտահայտում էր Հայոց ցեղասպանության հարցում Հայաստանի հաստատակամությունը, հիմնավորում էր հարցի առնչությամբ սփյուռքահայության ակտիվությունը եւ ընդգծում. «Այս հարցում այլեւս որեւէ ասելիք չկա: Խնդրո առարկա թեման ուսումնասիրվել է, եւ գրվել են բազմաթիվ աշխատություններ, որոնք ցույց են տվել, որ 1915 թ. իրադարձությունները բացահայտ ցեղասպանություն են: Եթե նույնիսկ գիտնականները սեղանի շուրջը նստեն եւ հարցը քննարկեն, միեւնույն է, ընդունված տեսակետը չի փոխվելու: Գիտնականներն իրենց գործն արել են եւ ավարտել: Ներկա պահին պետք է քայլեր ձեռնարկի թուրքական կառավարությունը»:
Օսկանյանի հետեւությունները չափազանց կարեւոր էին ոչ միայն Թուրքիայի շահախնդիր շահագրգռությունների շրջանակում գտնվող խնդիրների առնչությամբ Հայաստանի հաստատակամությունն ընդգծելու, այլեւ այդ հաստատակամությանը թուրք հասարակությանը հաղորդակից դարձնելու առումով: Կարեւոր էր նաեւ ՀՀ արտգործնախարարի հարցազրույցի հրապարակումը «Զամանում», որովհետեւ թուրքական այս թերթը հրատարակվում է նաեւ Ադրբեջանում, եթե դա չի հարում «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությանը, Ազգայնական շարժում կուսակցությանը, առնվազն Հայաստանի Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի հարցերում դրա տեսակետներն է տարածում:
Ի դեպ, մինչ «Զամանը» հրապարակման էր պատրաստում Օսկանյանի հարցազրույցը, հունվարի 24-ին նա ելույթ էր ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 60-ամյա տարելիցին նվիրված 28-րդ հատուկ նստաշրջանում: ՀՀ արտգործնախարարը ելույթում անդրադառնում է Ադոլֆ Հիտլերի «Ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջումը» հայտարարությանը, մատնացույց անում Դեր Զորի անապատի չարաբաստիկ դերը Հայոց ցեղասպանության մեջ, ապա եւ ավելացնում. «Հայաստանի ժողովրդի եւ կառավարության անունից որպես ցեղասպանություն վերապրածների հետնորդ, իմ պարտքն եմ համարում այսօր գտնվել այստեղ, միանալ վերապրածներին եւ մասնակցել այս միջոցառմանը»:
ՀՀ արտգործնախարարի ելույթին էլ ինտերնետային «Հաբերանալիզի» հունվարի 28-ի համարում անդրադառնում է Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կովկասյան բաժնի աշխատակից Հաթեմ Ջաբբարլըն: Նա ընթերցողի ուշադրությունը հրավիրելով Վարդան Օսկանյանի «Հայաստանի ժողովրդի եւ կառավարության անունից վերապրածներին միանալու» վերոհիշյալ պատրաստակամության, առավել եւս «Հիտլերը մեկընդմիշտ միմյանց է կապել հրեաներին ու հայերին» արտահայտության վրա, կարծիք է հայտնում, որ ՄԱԿ-ի հատուկ նստաշրջանը ձեռնտու է եղել ոչ այնքան հրեաների, որքան հայերի համար, որովհետեւ աշխարհը ճանաչել է Հոլոքոսթը, մինչդեռ «հայերի այսպես կոչված ցեղասպանությունը» ըստ հեղինակի, ճանաչում են միայն այն երկրները, որոնք ելնելով թուրքերի նկատմամբ պատմական թշնամանքից, չեն ցանկանում, որ Թուրքիան զարգանա:
Ջաբբարլըն Օսկանյանի ելույթը համարում է ՄԱԿ-ի պես ծանրակշիռ եւ միջազգային կազմակերպության ամբիոնից Հայոց ցեղասպանության հարցում համաշխարհային հասարակական կարծիքն ուղղորդելու հարմար առիթ, ապա եւ կարծիք է հայտնում, որ ՀՀ արտգործնախարարը «հրեաներին վշտակցելու արտահայտությամբ անարգել է ինչպես Հոլոքոսթի զոհերի հիշատակն ու հրեա ժողովրդին, այնպես էլ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 28-րդ հատուկ նստաշրջանի մասնակիցներին»:
Ինչո՞վ է թուրք հեղինակը բացատրում Օսկանյանի այսպես կոչված անարգանքը: Հարցի պատասխանը միանշանակ է. Հայաստանում իբր լայն տարածում գտած հակահրեականությամբ: Հատկանշական է, որ նա, համարելով հակահրեականությունը պետական քաղաքականություն մեր երկրում, որպես դրա դրսեւորում ընդամենը մատնացույց է անում Ռոման Եպիսկոպոսյանի «Ազգային համակարգեր» գիրքը, Հայ արիների միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի «Եզդիներին եւ հրեաներին Հայաստանից վտարելու անհրաժեշտության մասին» հայտարարությունները, ինչպես նաեւ այդ գրքի եւ այդ հայտարարությունների հիման վրա Հայաստանում հակահրեականություն հայտնաբերելու հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի բծախնդիր որոնումները:
Սա նշանակում է, որ Հայաստանում խնդիրը հակահրեականությունը չէ, այլ որոշ ուժերի ցանկատեսությամբ ստեղծվող հակահրեականության պատրանքի հիմնավորումը: Քանի որ պատրանքը խորթ է պետական քաղաքականության սկզբունքին, ուստի Հայաստանին վերագրվող հակահրեականությունը պետք է համարել ցանկատեսության դրսեւորում: Սակայն Ջաբբարլըի պարագայում հարցը սոսկ ցանկատեսությունը չէ, այլեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Օսվենցիմի ազատագրմանը նվիրված հատուկ նստաշրջանում ՀՀ արտգործնախարարի ելույթն ու Հոլոքոսթի առնչությամբ հրեա ժողովրդին նրա վշտակցությունը:
Ակնհայտ է, որ այդ վշտակցությունը հայերի եւ հրեաների մերձեցման եզրեր է ստեղծում, որը ենթադրում է Հայոց ցեղասպանության բանաձեւերն ԱՄՆ Կոնգրեսում հրեական կառույցների միջամտությամբ չեզոքացնելու թուրքական պետության հնարավորությունների գոնե մասնակի սահմանափակումը: Ահա թե ինչու Հաթեմ Ջաբբարլըն Հայաստանում հակահրեականություն հայտնաբերելիս դա պետական քաղաքականության մակարդակի է բարձրացնում, որպեսզի մտացածին հակահրեականությունը հակադրի ՀՀ արտգործնախարարի Թուրքիայի համար միանգամայն մտահոգիչ ելույթին:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ