ԱՄՆ-ը աստիճանաբար նմանվում է այն ուժեղ, ապահովված ու երեսառած երեխային, ում խաղընկերները ոչ թե սիրում, այլ հանդուրժում ենՙ վախից: Երդմնակալության արարողության ժամանակ Բուշի ելույթը ցույց է տալիս, թե անպատժելիությունից գլուխը կորցրած եւ հակամարտության օջախներ «դեմոկրատորեն» ստեղծող երկիրը որքան է համակիրների, դաշնակիցների կարիք զգում: Դա էլ այն պատճառով միայն, որ ԱՄՆ-ի վարչակազմն իր համար ցավով արձանագրել է, որ աշխարհի նույնիսկ ամենահզոր երկիրը չի կարող երկար ժամանակ դիմակայել մնացած պետությունների բռնի-«բարեկամականից» մինչեւ ագրեսիվ-թշնամական վերաբերմունքին:
Բազմաթիվ գեղեցիկ բառերով քողարկված, բայց իրականում բնական պաշարների համար ԱՄՆ-ի վաղուց սկսած 3-րդ համաշխարհային պատերազմը, դիվանագիտական խաղի կանոնները խախտած եւ ուժին ապավինած երկրից ահռելի ծախսեր է պահանջում ու չի ապահովում ակնկալվող գերշահույթըՙ ներքին տնտեսական խնդիրներ լուծելու համար:
Բարեկեցիկ ապրող, ամեն գնով կարիերա անելու, ամսվա վերջին եկած չեկերը վճարելու մասին մտածող, իրեն աստվածավախ համարող միջին ամերիկացին ժամանակ չի ունենում հասկանալու, թե ո՞ւր է գնում իր երկիրը: Մինչեւ այն պահը, երբ չեկի փոխարեն պաշտոնական գրություն է ստանում, որ իր որդին (եղբայրը, ամուսինը) դեմոկրատիայի ու ԱՄՆ-ի շահերի համար մղվող պայքարում զոհվել է ԱՄՆ-ից հազարավոր մղոններ հեռու գտնվող ինչ¬որ մի «ահաբեկչական-բռնապետական» պետությունում:
Ազատարարի դիմակով զավթիչ չկոչվելու, իր շարքային քաղաքացուն երջանիկ-ապահովված թմբիրի մեջ պահելու ձգտմամբ է բացատրվում նաեւ ԱՄՆ-իՙ թեկուզ Հայաստանի պես փոքր երկրներով իր դաշնակիցների շարքերը համալրելու ցանկությունը:
Հարավսլավիա, Աֆղանստան, Իրաք. բոլոր այս տեղերում պայթյունավտանգ իրավիճակ ստեղծած, դրությունը չվերահսկող ԱՄՆ-ը որպես իր հաջորդ թիրախ տեսնում է մեր հարեւան Իրանին: Եվ եթե Իրաքում քիմիական զենք գտնելու պատրվակով գործարաններ ու տներ քարուքանդ անելուց, հարյուրավոր ամերիկացի զինվորների ու հազարավոր խաղաղ իրաքցիների զոհվելուց հետո ԱՄՆ իշխանությունները «հանկարծ» հասկացան ու հայտարարեցին, որ «թյուրիմացություն» է տեղի ունեցել, այնպես էլ Իրանում միջուկային զենք փնտրելու պատրվակով այդ քիչ թե շատ բարեկեցիկ երկիրը ավերակների վերածելու, ձեռնասուն կառավարություն ստեղծելու, Իսրայելի հերթական թշնամուն չեզոքացնելու, տեղի բնական պաշարներից արտոնյալ պայմաններով օգտվելու համար չի բացառվում, որ, իսկապես, օդային հարձակումներ սկսվեն Իրանի դեմ: Ոչինչ, որ մի քանի ամիս երկիրը ռմբակոծելուց հետո «հանկարծ» պարզվի, որ Թեհրանը միջուկային էներգիան լոկ խաղաղ նպատակների համար էր օգտագործելու: Ամենամեծ «ինքնապատիժը» կլինի ԿՀՎ-ի հերթական շեֆի հերթական հրաժարականը: Փոխարենը թուլացած երկրում հեշտ կլինի իշխանափոխության խնդիր լուծել: Ոչինչ, որ ինչպես Հարավսլավիայումՙ Չինաստանի դեսպանատան, այնպես էլ Հայաստանում, ասենքՙ ռուսական ռազմակայանների վրա մի քանի «պատահական» ռումբ ընկնի: Շատ-շատ Պուտինը մի քիչ զղջա, որ պաշտպանում էր Բուշին եւ որոշի չաջակցել նրան ԱՄՆ նախագահական հաջորդ ընտրություններում, հատկապես որ Բուշն այդ ընտրություններին չի մասնակցելու... Դե, իսկ Հայաստանն էլ ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ական գործընկերներից է. կհասկանա, որ պետք է արագ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալՙ ՌԴ-ի «ֆորտ պոստի պաշտոնը» մեկ այլ երկրի հանձնելով...
Սրանք պատերազմն Իրանի տարածք տեղափոխվելու մեղմ հետեւանքներից կլինեն: Իսկ եթե Թեհրանն իսկապես միջուկային զենք ունի ու չերկնչի գործադրելո՞ւց... Կամ էլ Ռուսաստանը որոշի միջամտել... Այդ դեպքում աշխարհում իսպառ կվերանա նոր պատերազմի հավանականությունը, քանի որ սկսված միջուկային թոհուբոհում կվերանա նաեւ բանական հորջորջված, բայց այնքան պատերազմասեր մարդը...
ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ