Ռուսաստանի գիտամշակութային համագործակցության միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի ընկերության դահլիճում երեկ տեղի ունեցավ Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 60-ամյակին նվիրված հուշ երեկոՙ Հայաստանի լեհական եւ հրեական համայնքների մասնակցությամբ:
Գրասենյակի ներկայացուցիչ Գենադի Բարիշնիկովը նշեց, որ իրենք ձգտում են մարդկանց հիշողության մեջ արթուն պահել պատմության այն կարեւորագույն դրվագները, որոնցում անմոռանալի դերակատարում է ունեցել խորհրդային բանակը: «Ռուսաստանի նախագահը Օսվենցիմի ազատագրմանը նվիրված իր ելույթում հատուկ ընդգծեց, որ արդի աշխարհում մարդիկ իրար են խառնել զավթել եւ ազատագրել, զոհ եւ դահիճ հասկացությունները: Այդ չափից ավելի տարածված երեւույթը ոչ թե շփոթության արդյունք է, այլ արվում է միտումնավոր, անցյալի մութ էջերը քողարկելու եւ այսօր հերոս ձեւանալու համար», ասաց նա:
Հրեական համայնքի ներկայացուցիչ Վալերիա Ֆլջյանը խոսեց նացիստների ահավոր գազանությունների մասին, որոնց զոհ դարձան մեծ թվով հրեաներ: «Օսվենցիմի մասին խոսելիս ամեն մի հրեա վերհիշում է Հոլոքոսթը, որովհետեւ դրանք անմիջականորեն կապված են, դժվար է պատկերացնել, թե ինչ դաժանությամբ են ոչնչացրել նրանց», ասաց նա:
«Ես 14 տարեկան էի, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, ամեն ինչ տեսել եմ ու լսել: Հուզիչ հիշողություններ ունեմ, եւ շատ եմ ցանկանում, որ մարդկությունը երբեւէ չմոռանա այն սոսկալի տարիները, որոնց ընթացքում զոհվեցին բազում անմեղ մադիկ: Ես եղել եմ Լեհաստանում, այցելել Օսվենցիմ եւ տարիների հեռվից ապրել այդ սարսափը: Մենք աղոթում ենք, որ մեր երեխաները չանցնեն տառապանքի այդ քառուղիներով, այլ ապրեն լուսավոր ու խաղաղ ժամանակներում», ասաց լեհական համայնքի նախագահ Ալլա Կուզմինսկայան:
Հուշ երեկոյի ավարտին ելույթ ունեցան Հայաստանի վաստակավոր արտիստ, ջութակահար Նիկոլայ Մադոյանը, ժողովրդական արտիստ Էդուարդ Բաղդասարյանը, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի 5-րդ կուրսի ուսանող Վազգեն Ղազարյանը եւ լեհական համայնքի երգչախումբը:
Պրն Բարիշնիկովը հավելեց, որ Հայաստանում ռազմահայրենասիրական երեկոներ են անցկացրել նվիրված Ստալինգրադի ճակատամարտին, Նելսոն Ստեփանյանի արձանի մոտ նշել են Լենինգրադի բլոկադայի ազատագրման օրը եւ այլն:
«Կարծում եմ, դրանք չափազանց կարեւոր են այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումներում, որովհետեւ մի կողմից սերտ կամուրջ են ստեղծում հին եւ նոր սերունդների միջեւ, մյուս կողմիցՙ պատմությունից դասեր քաղելու առիթ տալիս», ասաց նա:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ