«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2005-01-29 | #16, 2005-02-01 | #17, 2005-02-02


«ՆԱԻՐԻՏԸ» ՄՏՆՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՈՒՆԻ ՄԵՋ

Իսկ սլովակյան «Դիվիդենտ գրուպը» կշահագործի Վանաձորի «Պրոմեթեյ-խիմպրոմը»

«Նաիրիտի» հավատարմագրային կառավարումն իրականացնում է «Պետպոլիմեր» ՍՊԸ-ն: Այս մասին երեկ տեղեկացրեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության արդյունաբերության վարչության պետ Մերուժան Հակոբյանը: Նա դժվարացավ հավելյալ մանրամասներ հայտնել նորաստեղծ ընկերության մասին, միայն նշելով, որ պետական է եւ կառավարումն իրականացնում է հոգաբարձուների խորհուրդը: Այնուամենայնիվ, վարչության պետը խորհուրդ տվեց մանրամասներ իմանալու նպատակով դիմել էներգետիկայի նախարարություն, ինչից կարելի է ենթադրել, որ տվյալ ընկերությունը ստեղծել է այդ նախարարությունը: Հիշեցնենք, որ «Նաիրիտի» պարտքերի գերակշիռ մասը հենց էներգետիկներին ունեցած պարտքն է: «Ազգի» հարցին, թե «Վոլգաբուրմաշ» ռուսական ընկերությունն արդեն վերջնականապես հրաժարվե՞լ է մեր քիմիական արդյունաբերության գիգանտից, Մերուժան Հակոբյանը պատասխանեցՙ «Կարծես թե այո»: Նա նաեւ տեղեկացրեց, որ ձեռնարկությունն արդեն գտնվում է աշխատանքային նորմալ հունի մեջ եւ հույս հայտնեց, որ այլեւս կանգառներ, բացի տեխնոլոգիականից, չեն լինի: Իսկ անցյալ տարի «Նաիրիտն» աշխատել է, ցույց տալով հետեւյալ ցուցանիշներըՙ արտադրությունն ու իրացումն աճել են կրկնակի, իսկ արտահանումն ավելի քան եռակի:

Արդյունաբերության վարչության կողմից մոնիտորինգի ենթարկվող 4 ճյուղերի (մեքենաշինություն, քիմիա, թեթեւ արդյունաբերություն, փայտամշակում) արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Մերուժան Հակոբյանը որոշակի մանրամասներ հաղորդեց նաեւ քիմիական մյուս խոշոր ձեռնարկությանՙ Վանաձորի «Պրոմեթեյ-խիմպրոմի» մասին: Այս տարվա փետրվարի կեսերից, համաձայն սլովակյան «Դիվիդենտ գրուպ» ընկերության հետ «Պրոմեթեյ-խիմպրոմի» ղեկավարների կնքած պայմանագրի, սլովակյան ընկերությունը կսկսի շահագործել ձեռնարկությունը: «Դիվիդենտ գրուպն» առաջիկա վեց ամիսներին այստեղ կիրականացնի տեխնիկական աուդիտ: Արդյունաբերության վարչության պետի կարծիքով, սլովակները դրական եզրակացության կհանգեն, քանի որ այս ձեռնարկությունը տարբեր արտադրությունների կազմակերպման համար մեծ հնարավորություններ ունի: Սլովակյան ընկերությունն էլ այս ոլորտում աշխատելու մեծ փորձ ունի եւ հավանական է, որ ցանկություն ունենա գնելու «Պրոմեթեյ-խիմպրոմի» բաժնետոմսերն ամբողջությամբ:

Մերուժան Հակոբյանը հույս հայտնեց, որ Վանաձորի քիմիական համալիրի գործունեության վերսկսումով կլուծվեն սոցիալական խնդիրներ եւ շուրջ 3000-3500 մարդ կընդգրկվի արտադրությունում: Սակայն հիշեցնենք, որ այս ձեռնարկությունն արդեն մի քանի անգամ «գործարկվել է», բայց այդպես էլ չի սկսել աշխատել: Գուցե սլովակյան ընկերությանը կհաջողվի լուծել Վանաձորի քիմիական համալիրի անլուծելի թվացող խնդիրները:

Ինչ վերաբերում է արդյունաբերության վերոնշյալ 4 ճյուղերի ցուցանիշներին, ապա դրանցից մեքենաշինությունը, կարելի է ասել, շարունակում է դոփել տեղում: Թեեւ այստեղ որոշակի աճ արձանագրվել է, բայց նկատի ունենալով, որ դա տեղի է ունեցել ճյուղի մոտ 150 ձեռնարկություններից մի քանիսի շնորհիվ, ապա ակնհայտ է, որ այս ոլորտն անհուսալի վիճակում է: Հակառակ սրան, արտադրության, իրացման եւ արտահանման զգալի աճ է արձանագրել քիմիական արդյունաբերությունը: Թեթեւ արդյունաբերության եւ փայտամշակման ճյուղերը նույնպես որոշակի ոչ մեծ աճ են ունեցել:

Մերուժան Հակոբյանը հայտնեց, որ թեթեւ արդյունաբերության աճն ավելի ակնառու կլիներ, եթե անցյալ տարվա հոկտեմբերին չլրանար Վանաձորի «Բազում» ընկերության պայմանագրի ժամկետը ամերիկյան «Ամերեքս» ընկերության հետ: Վերջինս սպառման դժվարություններ ուներ. հայկական ձեռնարկությանը նոր պատվերներ չեն տրվել եւ շուրջ 1700 մարդ հայտնվել է պարապուրդի մեջ:

«Ազգի» այն հարցին, թե Հայաստանի թեթեւ արդյունաբերության ձեռնարկությունները այս տարիներին որքանո՞վ են դուրս եկել տոլինգից, այսինքն, արտասահմանյան ընկերությունների պատվերները կատարելուց բացի, ե՞րբ սեփական արտադրանքով շուկա կմտնեն, Մերուժան Հակոբյանը պատասխանեց, որ նախորդ տարվա համեմատ տոլինգը կրճատվել է 10-12 տոկոսով: Մասնավորապես սեփական արտադրանքով շուկա են դուրս եկել «Տոսպը», Նուբարաշենի ֆաբրիկան եւ «Հայասը»: Այս ոլորտում արտաքին շուկա դուրս գալը, վարչության պետի կարծիքով, շատ դժվար է եւ կախված է մեծ գումարների հետ:

Երեկվա մամուլի ասուլիսի ընթացքում արդյունաբերության վարչության պետն անդրադարձավ նաեւ Հայաստանի նախագահի Իտալիա կատարած այցելության ընթացքում հայ եւ իտալացի գործարարների հանդիպումներին եւ դրանց ընթացքում ձեռք բերած պայմանավորվածություններին: Նրա հավաստմամբ, իտալացի գործարարները հետաքրքրվեցին կոշիկի արդյունաբերության մեջ ներդրումներ կատարելու հնարավորություններով: Մոտակա մեկ-երկու ամիսներին արդեն գործնական այցելություններ տեղի կունենան: Վարչության պետը հիշեցրեց, որ խորհրդային տարիներին Հայաստանը տարեկան արտադրում էր 29 մլն զույգ կոշիկ, որից 22-23 մլն արտահանվում էր:

Գրասենյակային կահույքի արտադրությունը Հայաստանում կազմակերպելու նպատակով նույնպես որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Արտադրության համար կոմպլեկտավորող մասերը պետք է ներմուծվեն Իտալիայից: Սակայն սրանք դեռեւս նախնական պայմանավորվածություններ են, որոնց արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել մի քանի ամիս անց:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4