«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2005-02-03 | #19, 2005-02-04 | #20, 2005-02-05


ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂԻ ԱՅՑ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

Երեկ ԼՂՀ արտգործնախարար Արման Մելիքյանը, անցյալ տարվա վերջին տված իր խոստման համաձայն, հրավիրել էր մամլո ասուլիս:

Նախարարը համառոտակի ներկայացրեց ԱԳՆ առաջիկա ծրագրերը: Մասնավորապես նախարարության նախաձեռնությամբ ու անմիջական մասնակցությամբ մշակվել եւ ավարտման փուլում է ԼՂՀ «Քաղաքացիության մասին» օրենքի նախագիծը: Նոր օրենքը, ըստ Ա. Մելիքյանի, 1995 թ. ընդունված «Քաղաքացիության հիմնական սկզբունքների մասին» օրենքից տարբերվում է նրանով, որ նախատեսում է երկքաղաքացիություն: Այս իրավունքը տարածվելու է նախկին ԼՂԻՄ-ի, Շահումյանի շրջանի եւ Գետաշենի շրջանի բնակչության վրա: Առաջիկա շաբաթների ընթացքում օրինագիծը հավանաբար կներկայացվի ԼՂՀ կառավարության քննարկմանը:

Միեւնույն ժամանակ պատրաստվում են «Դիվանագիտական ծառայության մասին» եւ «Հյուպատոսական ծառայության մասին» օրինագծերը, որոնց ընդունմամբ կկանոնակարգվի ԼՂՀ ԱԳՆ արտաքին քաղաքական գործունեությունը:

Ակնկալվում է, որ այս տարվա ընթացքում նախարարության աշխատակիցների մի մասը որոշակի աշխատանքներ կկատարի արտերկրում:

Ա. Մելիքյանը անհիմն համարեց երբեմնակի հնչող այն մեղադրանքները, ըստ որի Ղարաբաղը քաղաքական քարոզչության առումով զիջում է Ադրբեջանին: Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի հնարավորությունները նույնը չեն, եւ մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն ավելի լավ կլիներ խնդրին առնչվող առաջարկություններ անել, ասաց նախարարը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Ադրբեջանի փոխարտգործնախարար Ա. Ազիմովի հայտարարությանը, համաձայն որի, իբր 2005 թ. հայկական զորամիավորումները դուրս կբերվեն վերահսկվող տարածքներից, Ա. Մելիքյանն ասաց, որ ինքը ծանոթ է թե Ազիմովի, եւ թե արտգործնախարար Մամեդյարովի արած այսօրինակ հայտարարություններին: Հակամարտող կողմերն իրենց պահանջներն ունեն, եւ այս համատեքստում պիտի ենթադրել նաեւ Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը: Մյուս բոլոր ընկալումները պարզապես զուրկ են հիմքից:

ԵԱՀԿ փաստահավաք խմբի հետ ղարաբաղյան իշխանությունների համագործակցության վերաբերյալ հարցին Ա. Մելիքյանը պատասխանեց, որ դիտարկման աշխատանքներն սկսելուց առաջ համաձայնեցվել են երկու կողմերի անելիքները: ԼՂՀ կողմից դա համարելով բարի կամքի արտահայտություն, նա հիշեցրեց, որ ԼՂՀ իշխանությունները դեռեւս 2-3 տարի առաջ են նման առաջարկությամբ հանդես եկել, մինչդեռ եվրոպական այդ կառույցը արձագանքել է միայն Ադրբեջանիՙ վերջերս արված առաջարկությանը: Այդուհանդերձ, դիտարկման ուղղությամբ համագործակցված աշխատանքը բավարար մակարդակի վրա է: Իրենք ակնկալում են ոչ թե փաստահավաք խմբի աշխատանքի արդյունքները, այլՙ թե ինչպես դրանք կօգտագործեն համանախագահները:

Անդրադառնալով լրագրողների դժգոհությանը, թե ինչու են իրենց արգելել պարբերաբար ուղեկցել փաստահավաք խմբին, Ա. Մելիքյանը պարզաբանեց, որ դա դիտարկման մասնակիցների պահանջով էր, քանզի նրանք մտավախություն ունեին, թե լրագրողների ներկայությամբ վերաբնակիչները չեն կարողանա իրենց հուզող խնդիրների շուրջ ազատ արտահայտվել:

«Ազգի» թղթակցի հարցը վերաբերում էր «Մոնիտոր» ամսագրի թղթակից Էյնուլա Ֆաթուլաեւի հայտինՙ Ղարաբաղ այցելելու մասին: Արման Մելիքյանն այս կապակցությամբ նշեց, որ, իրոք, Է. Ֆաթուլաեւը նման ցանկություն հայտնել է, եւ թեպետ Բաքվում ճնշումներ են եղել նրա նկատմամբ, այնուհանդերձ, վերջինիս առաջարկությունը ԼՂՀ իշխանություններն ընդունել են: Փետրվարի 10-ին նախատեսվում է ադրբեջանցի լրագրողի այցը Ստեփանակերտ, որտեղ նա կհանդիպի հասարակական-քաղաքական շրջանակների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Արտգործնախարարը դրական համարեց նման շփումները հակամարտող երկրների հասարակությունների փոխըմբռնման տեսանկյունից:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4