«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2005-02-03 | #19, 2005-02-04 | #20, 2005-02-05


ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՆ Է ԱՐԾԱՐԾԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Փետրվարի 3-ին Անկարայում Ֆրանսիայի խորհրդարանի նախագահ Ժան Լուիզ Դեբրեն, որը պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում, հանդիպել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Հանդիպմանը նա անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Ի պատասխան Ֆրանսիայի խորհրդարանի նախագահի, Թուրքիայի վարչապետն ասել է. «Մենք այս կարգի հարցերը թողնում ենք պատմաբանների հայեցողությանը: Հայ պատմաբանների պես պնդումներ ունեն նաեւ մեր պատմաբանները: Նոր արխիվների բացմանը զուգընթաց ակնհայտ է դառնալու, որ (հայկական) պնդումները չեն համապատասխանում իրողությանը: Թուրքիայի հայ քաղաքացիների հետ որեւէ խնդիր չունենք: Ինքներս մեր արխիվները բացել ենք, իսկ նրանք չեն բացում»:

Այդ մասին փետրվարի 4-ի առավոտյան տեղեկացրեց թուրքական հանրային հեռուստատեսությունը, ապա նույն օրվա համարներումՙ «Զամանի» գլխավորությամբ հանդիպմանն արձագանքեցին թուրքական թերթերը: Թե ի՞նչ ազդեցություն են գործել Էրդողանի խոսքերը Դեբրեի վրա, թուրքական աղբյուրները չեն նշում: Սակայն անկախ հարցի պատասխանից, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի բարձրացումն Անկարայում, այն էլ Թուրքիայի վարչապետի հետ հանդիպմանը, աննախադեպ քայլ է: Քանի որ դա կատարել է Ֆրանսիայի խորհրդարանի նախագահը, իսկ Ֆրանսիան Եվրոմիության առաջնակարգ երկրներից է, ուստի պետք է ենթադրել, որ ցեղասպանության ճանաչման հարցում հետեւողական է լինելու նաեւ եվրոպական այդ կառույցը:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4