«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2005-02-03 | #19, 2005-02-04 | #20, 2005-02-05


«ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԵԼԻՑԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՄՂՁԱՎԱՆՋ Է ԼԻՆԵԼՈՒ»

Ահազանգում է «Հյուրիեթ» թերթում առաջնորդողի հեղինակ Օքթայ Էքշին

Հունվարի 4-ին «Թըրքիշ դեյլի նյուս» թերթում Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված հոդվածով հայտնի թուրք հրապարակախոս Մեհմեդ Ալի Բիրանդը թուրքական իշխանություններին նախազգուշացնելու համար ահազանգել էր. «Հարկավոր է նախապատրաստվել առաջիկա իրադարձություններին: Վիթխարի ցունամի է մոտենում մեր ափերին: Ես գրեթե լսում եմ դրա մոտենալը: Երկինքը մթնում է, իսկ ջուրը հետ է քաշվում ափերից»:

Այնուհետեւ Բիրանդն ահազանգը հիմնավորելու համար ավելացրել էր. «Ցունամիի պատճառը 2005 թ. ապրիլի 24-ն էՙ Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի խորհրդանշական օրը: Հայերը պատրաստվում են լրիվ օգտագործել այդ հնարավորությունը»: Հունվարի 12-ին 2004 թ. դիվանագիտական տարվան նվիրված մամուլի ասուլիսում ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը փաստորեն հաստատեց ցունամիի առնչությամբ Բիրանդի ահազանգող հետեւությունը Թուրքիայի համար:

Նա ասաց, որ այս տարի, երբ Հայաստանը նշելու է Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցը, ամենահարմար պահն է այդ խնդիրը միջազգային ատյաններում կրկին բարձրացնելու, որովհետեւ դա այսօր էլ այժմեական է աշխարհի շատ երկրներում:

Բիրանդի ահազանգից ուղիղ մեկ ամիս հետո «Հյուրիեթի» փետրվարի 4-ի համարում ահազանգով թուրքական իշխանություններին նախազգուշացնում է նաեւ Օքթայ Էքշին: Այն տարբերությամբ, որ նա Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին Թուրքիայի համար ոչ թե ցունամի է նախատեսում, այլ տարելիցը համեմատում է մղձավանջի հետ:

«Ինչպես գիտեք, գրում է Էքշին, այս տարի լրանում է հայերի համար ցեղասպանության հիշատակման օր համարվող 1915 թ. ապրիլի 24-ի 90-րդ տարելիցը: Որքան մոտենում է այդ օրը, այնքան մեր դեմ են հանվելու բազմաթիվ պնդումներ, մեղադրանքներ եւ որոշումներ: Օրերս Օսվենցիմի ազատագրման 60-ամյակին նվիրված միջոցառմանը ելույթ ունեցավ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ ցույց տվեց, որ հայերն այդ նպատակով բուռն գործունեության են պատրաստվում»:

Էքշին ահազանգելով «առաջիկա մղձավանջի մասին», հարցադրում էՙ ի՞նչ անել, ապա եւ պատասխանում է. «Երբ հայերը հրաժարվեցին Վիեննայի հանդիպումից, որտեղ նախատեսվում էր թուրք պատմաբանների հետ փաստաթղթերի փոխանակումը, մենք ուրախացանք: Այս ընթացքում սկսեց լսվել Թուրքական պատմական ընկերության նախագահ դոկտ., պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուի հետզհետե բարձրացող ձայնը: Նա ասում է. «Ցեղասպանության պնդումների դեմ պետք է ցնցող քայլ կատարել»: Նրան հաստատեց Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Հիքմեթ Օզդեմիրը, թե ինքը պատրաստ է կատարել այդ քայլը: Մինչդեռ հայերն անհատապես չեն գործում: Ըստ հավաստի աղբյուրի, նրանք ցեղասպանության պնդումների առնչությամբ աշխարհին համոզելու համար տարեկան 30 հազար միջոցառում են կազմակերպում եւ դրանց կազմակերպմանն ամեն տարի հատկացնում են 50 մլն ամերիկյան դոլար»:

«Հյուրիեթի» հեղինակն այսպես կոչված հավաստի աղբյուրի ինքնությունը չի հայտնում: Պարզապես, ի գիտություն թուրքական իշխանությունների, կանխատեսումներ է անում. «Եթե առաջիկա ապրիլի 24-ին Բուշի վարչակարգը Կոնգրեսում «Ցեղասպանության ճանաչման» որոշում անցկացնի, չզարմանաք: Երբ դրան հետեւի Անգլիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի եւ այլոց համապատասխան որոշումը, չասենք, թե այս աղետը որտեղի՞ց եկավ: Այս դեպքում ֆրանսիացիները կանգնելով մեր դեմ, ասելու են. «Քանի դեռ հայերից ներողություն չեք խնդրում, ինչպես գերմանացիները հրեաներից են խնդրել, չեք անդամակցի Եվրոմիությանը»: Նրանց օրինակին հետեւելու են մյուս երկրները, հերթը հասնելու է «հրեաներին գերմանացիների վճարած փոխհատուցման օրինակով հայերին փոխհատուցում վճարելու» պահանջներին: Եթե հարցը փոխհատուցմամբ չսահմանափակվի, ապա «Հայաստանին պատկանող հողերը վերադարձնելու» ձեւակերպմամբ մեզանից պահանջելու են նաեւ Անատոլիայի կեսը»:

Վերջում Օքթայ Էքշին անհապաղ սթափվելու կոչ է անում: Ի՞նչ է ենթադրում դա: Եթե խոսքը թուրքական ժխտողականությանը զարկ տալու մասին է, ապա Թուրքիայի համար նախատեսվող Բիրանդի «հայկական ցունամիի» հետ հենց ժխտողականության արդյունքն է Էքշիի «առաջիկա մղձավանջը»: Եթե խնդիրը «ցեղասպանության հարցում պաշտպանականից հարձակման դիրքերի անցնելն» է, ինչը Թուրքիայի ղեկավարությանն առաջարկում է Թուրքական պատմական ընկերությունը, ապա դրա համար էլ ամուր հիմքեր են պետք: Քանի որ դրանք բացակայում են, իսկ բացակայությունը հանգեցնում է դիրքերի սպառմանը, ուստի սպառված դիրքերի պայմաններում որպես կանոն բացահայտվում է ինչպես պաշտպանության, այնպես էլ հարձակման սնանկությունը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4