«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2005-02-04 | #20, 2005-02-05 | #21, 2005-02-08


ԱՎԱՐՏՎԵՑ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ

Արդյունքները դեռեւս ամփոփվում են

Ինչպես փետրվարի 3-ի համարում տեղեկացրել էր «Ազգը», փետրվարի 5-ին եվրոպական եւ տարածաշրջանային երկրներում կատարվող շրջայցի շրջանակներում Թուրքիայում եղավ ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը: Նա հենց օդանավակայանում հանդիպեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը պատրաստվում էր ուղեւորվել Ինդոնեզիա, ապա եւ ընդունեց իր հետ հանդիպելու համար Անկարա ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին:

Էրդողանի հետ հանդիպումից հետո թեեւ պետքարտուղար Ռայսն ընդունեց լրագրողներին, սակայն հանդիպման մասին որեւէ բացատրություն նրանց չտվեց, հարցերին պատասխանեց միայն Թուրքիայի վարչապետը: Ինչ վերաբերում է արտգործնախարար Լավրովի հետ նրա հանդիպմանը, քննարկվել են նախագահներ Ջորջ Բուշի եւ Վլադիմիր Պուտինի փետրվարի 24-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում նախատեսվող գագաթաժողովին առնչվող հարցեր, այնուհետեւ կողմերը կենտրոնացել են Իրանի միջուկային ծրագրի վրա:

Թուրքական աղբյուրները նշում են, որ Ռայս-Լավրով հանդիպմանը միջուկային ծրագրի հարցում կողմերը եկել են դիվանագիտական միջոցների կիրառման շուրջ համաձայնության: Փետրվարի 6-ին ԱՄՆ պետքարտուղարին ընդունել է Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը, ապա նա հանդիպել է արտգործնախարար Աբդուլլահ Գյուլին: Հանդիպման ավարտին հրավիրվել է մամուլի համատեղ ասուլիս:

Ասուլիսում Կոնդոլիզա Ռայսն Անկարա կատարած իր այցի առնչությամբ ասել է, որ դա «գոհացուցիչ էր», պատրաստվում է մոտ ապագայում վերստին լինել Թուրքիայում, Գյուլի հետ որպես առաջնահերթ խնդիր անդրադարձել են Իրաքի քաղաքական զարգացումներին, եւ ավելացրել. «Մենք ցանկանում ենք այնպիսի Իրաք, որը տարածքային ամբողջականության շրջանակներում բոլոր հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ կհաստատի եւ անկախ կրոնական ու էթնիկ պատկանելիությունից, կհարգի երկրի բոլոր փոքրամասնությունների իրավունքները: «Ալ Ղաիդայի» եւ PKK-ի պես ահաբեկչական կազմակերպությունները ժամանակակից աշխարհում տեղ չունեն»:

Աբդուլլահ Գյուլն իր հերթին անդրադարձել է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, դրա կարգավորմանը նպաստելու պատրաստակամություն է հայտնել, խոստացել է աշխարհի խաղաղության եւ կայունության, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերում շփումների մեջ լինել ԱՄՆ պետքարտուղարի հետՙ մտքեր փոխանակելու համար եւ ընդգծել է. «Մեր այսօրվա հանդիպմանը որպես երկու դաշնակիցներ, անկեղծ մթնոլորտում ամենայն մանրամասնությամբ քննարկեցինք միջազգային հարաբերություններին, տարածաշրջանին, Իրաքի քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր խնդիրները»:

Որո՞նք են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այդ հարցերը: ԱՄՆ պետքարտուղարի եւ Թուրքիայի արտգործնախարարի մամուլի համատեղ ասուլիսը, որից հատվածներ էր հեռարձակել Թուրքիայի հանրային հեռուստատեսությունը, որեւէ պատկերացում չի տվել հարցերի մասին: Թվում էր, թե թուրքական թերթերը մանրամասնելով ասուլիսը, միաժամանակ կմեկնաբանեն Կոնդոլիզա Ռայսի այցը:

Այդ թերթերից թերեւս միայն «Ջումհուրիեթն» էր, որ «Կոնդոլիզա Ռայսն Անկարայից ստացավ այն, ինչ պահանջում էր» խորագրով մեկնաբանում է պետքարտուղարի այցը, իսկ մյուսներն այցը լուսաբանելիս ընդամենը մի քանի կցկտուր տեղեկություններ են հաղորդում: Այնուամենայնիվ, դրանք հիմք են տալիս ենթադրելու, որ Կոնդոլիզա Ռայսը Թուրքիայի ղեկավարների հետ բացի մամուլի ասուլիսում հիշատակված հարցերից, քննարկել է ԵՄ-Թուրքիա հարաբերություններին, Քիրքուքի նկատմամբ քրդական հավակնություններին, դրանց առնչությամբ հետզհետե սրվող թուրք-ամերիկյան տարաձայնություններին, Իրաքում թուրքմենների կարգավիճակին, «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրին, Կիպրոսին, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող խնդիրներՙ ընդգծելով, որ այդ հարաբերությունները պաշտոնական Վաշինգտոնի հետաքրքրությունների շրջանակում են:

Կարծում ենք, թուրքական մամուլը դեռեւս կանդրադառնա ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի Թուրքիա կատարած այցի արդյունքներին, եւ մենք առիթ կունենանք որոշակի մեկնաբանություններ տալու: Համենայն դեպս, պետքարտուղարը Թուրքիայից ուղեւորվեց Իսրայել եւ հանդիպեց վարչապետ Արիել Շարոնի հետ, ապա անցավ Արեւմտյան ափՙ հանդիպելու Պաղեստինի ինքնավարության նորընտիր ղեկավար Մահմուդ Աբբասին:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4