Դոլարի արժեզրկման բացասական հետեւանքները մեղմացնելու նպատակով
Եկող տարվա համար կանխատեսված է 8 տոկոս տնտեսական աճ եւ 3 տոկոս գնաճ: Ներկայացնելով 2005 թ. դրամավարկային քաղաքականության ծրագիրըՙ երեկ հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Սակայն մինչ այդ նա անդրադարձավ 2004 թ. արդյունքներին:
Անցյալ տարի արձանագրվել է 10 տոկոս տնտեսական աճ: Առավել բարձր աճ արձանագրած ճյուղը եղել է գյուղատնտեսությունըՙ 14,5 տոկոս, այնուհետեւ շինարարությունըՙ 13,4 տոկոս: Այս հանգամանքի վրա ուշադրություն հրավիրելով, Տիգրան Սարգսյանը ընդգծեց, որ չնայած այս տարի «Լինսի» հիմնադրամի նման խոշոր ներդրումներ չեն եղել, բայց այս ոլորտում էական աճ է արձանագրվել մասնավոր շինարարության շնորհիվ: Արդյունաբերության աճի տեմպերը դանդաղել են, բայց, ԿԲ նախագահի կանխատեսմամբ, այստեղ 2005 թ. ակնկալվում է լուրջ աճ, ինչը պայմանավորված է մի շարք ներդրումային ծարգրերի իրականացմամբ:
Հարկաբյուջետային քաղաքականության մեջ կարեւորվեց հարկերի հավաքման անհամամասնությունների հաղթահարումը, բայց նշվեց, որ ծախսերի իրականացման անհամամասնությունները շարունակում են պահպանվել: 2005 թ. խնդիրներից է, որ ծախսերը նույնպես համամասնորեն կատարվեն: Ինչ վերաբերում է արտաքին հատվածին, ապա Կենտրոնական բանկն այստեղ արձանագրում է պակասուրդի կրճատումՙ բացարձակ արժեքով նախորդ տարվա 190 մլն դոլարի փոխարեն 143 մլն դոլար, տեսակարար կշռովՙ 6,8 տոկոսի փոխարեն 4 տոկոս:
Մասնավոր տրանսֆերների վերաբերյալ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ անցյալ տարի դրանք աճել են 55 տոկոսով եւ 2004 թ. կազմել 740 մլն դոլար: Մեկ փոխանցման միջին չափը 2003 թ. 643 դոլարի փոխարեն 2004 թ. կազմել է 859 դոլար: ԿԲ նախագահի կարծիքով, 2005 թ. տրանսֆերների աճի տեմպերը կպահպանվեն եւ կգերազանցեն 1 մլրդ դոլարը:
Դրամի արժեւորման վերաբերյալ նշվեց, որ անցյալ տարվա ցուցանիշը եղել է 7,8 տոկոս, իսկ եվրոն իր դիրքերը դոլարի նկատմամբ ամրապնդել է ավելի քան 10 տոկոսով: Տիգրան Սարգսյանի թվարկած մի շարք երկրներում ազգային արժույթի արժեւորումը դոլարի նկատմամբ ավելի մեծ է եղել, քան հայկական դրամինը: Իսկ փոխարժեքի տատանողության առումով Հայաստանը նույն 25 երկրների շարքում գրավում է միջին դիրք: Ընդ որում, ԿԲ նախագահը նշեց, որ դոլարի արժեզրկման գործընթացն ամբողջությամբ չի դրսեւորվել Հայաստանում եւ դրա հետագա արժեզրկման հնարավորությունները դեռեւս սպառված չեն: Դրա ապացույցը հունվար ամսվա ընթացքում դոլարի շարունակվող արժեզրկումն է:
Տիգրան Սարգսյանը վերստին հավաստիացրեց, որ ԿԲ-ն հավատարիմ է մնալու փոխարժեքի «լողացող կուրսի» քաղաքականությանը եւ ինտերվենցիաներ չի կատարելու: Փոխարենը Կենտրոնական բանկը ձգտելու է տարբեր գործիքներով մեղմացնել դոլարի կտրուկ արժեզրկման բացասական հետեւանքները, ընդհուպ ԿԲ կողմից այդ նպատակով սեփական արժեթղթեր թողարկելը:
Գնաճն անցյալ տարի կազմել է 2 տոկոս, ինչը գտնվում է ԿԲ նախատեսած 3 տոկոսի սահմաններում: Սա սպառողական զամբյուղում ընդգրկված 400 ապրանքատեսակների գծով արձանագրված գնաճն է: Այս առնչությամբ մեր հարցին պատասխանելով, Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ սպառողական զամբյուղում մեծ կշիռ են կազմում առաջին անհրաժեշտության ապրանքները: Միջին հայկական ընտանիքի բյուջեն կազմավորվում է այդ ապրանքներից: Այդ ապրանքների մեջ չեն մտնում անշարժ գույքը, ավտոմեքենաները:
«Ազգի» մյուս հարցին, թե դրամի շարունակվող արժեւորման պարագայում կարելի՞ է ակնկալել ապրանքների գների իջեցում, ԿԲ նախագահը պատասխանեց, որ ազգային վիճակագրական ծառայությունը որոշ ապրանքների գծով անցյալ տարի արձանագրել է գնանկում եւ չբացառեց, որ այլ ապրանքատեսակների գծով դա նույնպես տեղի կունենա: Միաժամանակ նա չբացառեց, որ տեղի կունենա որոշ այլ ապրանքների գների աճ: Իսկ այն հարցին, թե սպասվո՞ւմ է քաղաքացիների եկամուտների աճ, Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ քաղաքացիների եկամուտների միջին աճն այս տարի կկազմի 12-13 տոկոս:
2005 թ. ակնկալվում է դրամային զանգվածի աճ 17,9 տոկոսով, ինչպես նաեւ դրամով ավանդների աճ: Դա պայմանավորված է մի շարք գործոններով, մասնավորապես տնտեսական բարձր աճով, տնտեսության վարկավորման ծավալների աճով, դրամի նկատմամբ վստահության աճով, ինչի վրա էական ազդեցություն ունեցավ 2004 թ. երկրորդ կիսամյակից սկսած դրամի արժեւորումը, 2005 թ. հուլիսից «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» նոր օրենքի ներդրմամբ, ինչը կնպաստի դրամի շրջանառության ոլորտի ընդլայնմանը, նույն ամսաթվից ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման համակարգի ներդրմամբ: Մեր քաղաքացիները պետք է զգան, որ դրամով ավանդները պահելն ավելի շահավետ է, քան դոլարով: Եթե դա տեղի ունենա, ապա Կենտրոնական բանկը խթանելու է այդ գործընթացը, այսինքն նպաստելու է այդ փոփոխությանը: Ներկայումս դոլարային ավանդները 2,5 անգամ գերազանցում են դրամայինին: Խոշորածավալ գնումները նույնպես ներկայումս կատարվում են հիմնականում դոլարով, իսկ մանրածախ առեւտուրըՙ դրամով:
Դրամավարկային քաղաքականության հնարավոր ռիսկերի թվում նշվեցին ծրագրվածից ավելի բարձր տնտեսական աճը, պետական հատվածում ֆինանսական հոսքերը համամասնորեն բաշխելը:
Բանկային համակարգի վիճակի մասին խոսելով, Տիգրան Սարգսյանը նշեց, որ ակտիվներն աճել են 20 տոկոսով: Սպառողական վարկերն աճել են 60 տոկոսով, ինչն աննախադեպ ցուցանիշ է: Այս տարի կանխատեսվում է բանկային համակարգի ընդհանուր կապիտալի աճ 17 մլրդ դրամով: Տարվա առանձնահատկություններից մեկն այն է, որ 2005 թ. հուլիսի 1-ից բանկերը պետք է կատարեն 5 մլն դոլարին համարժեք դրամի չափով ընդհանուր կապիտալի նվազագույն չափն ապահովելու նորմատիվային պահանջը: Հաջորդ առանձնահատկությունը ավանդների երաշխավորման հիմնադրամի ստեղծումն է, մյուսըՙ կորպորատիվ կառավարման համակարգի ներդրումը:
Վճարահաշվարկային հարաբերությունների զարգացման առումով առանձնակի ուշադրություն է դարձվելու անկանխիկ եղանակով վճարումների իրականացման խոչընդոտների բացահայտմանը եւ դրանց հնարավորինս նվազեցմանը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ