«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2005-02-04 | #20, 2005-02-05 | #21, 2005-02-08


ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ

Իսկ անապահով խավըՙ իրավական

«Մեր շահառուներից շատերը գաղափար անգամ չունեն հոգեբանական ծառայության մասին, նրանք նույնիսկ հոգեբանին չեն տարբերում հոգեբույժից: Հենց այդ պատճառով շատերը խուսափում են հոգեբանական ծառայությունից, ինչն էլ ինձ ստիպում է անձամբ մոտենալ նրանց եւ խոսքի բռնվելով պարզել նրանց հոգեվիճակն ու անհրաժեշտ աշխատանք տանել: Ինչպես ենթադրելի է, մարդկանց մեծ մասի վրա բացասական ազդեցություն է թողնում սոցիալական ծանր վիճակը, այդ պատճառով հաճախ ստիպված եմ լինում նրանց օգնել ավելի սոցիալական, քան հոգեբանական հարցերում: Իհարկե, լինում են նաեւ զուտ հոգեբանական խնդիրներ ունեցողներ. դրանք հիմնականում արցախյան պատերազմում անհայտ կորածների, պատանդների, գերիների, բռնի տեղահանվածների հարազատներն են, հատկապես դեռահասները:

Այսօր ինձ դիմեց երիտասարդ մի կին, որի ամուսինն արդեն 10 տարի անհայտ կորած է: Թեպետ կինն ապրում է դստեր հետ, բայց հոգեբանական այնպիսի վիճակում էր, կարծես ինքն իրեն ողջ- ողջ թաղել էր», ասում է հոգեբան Դավիթ Գործունյանը, որն անվճար հոգեբանական ծառայություն է մատուցում «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպությունում: Ամեն չորեքշաբթի այստեղ քաղաքացիներին տրվում է անվճար իրավական խորհրդատվություն: Այցելուներից մեկին, որը խնդրեց չհրապարակել իր անունը, 13 տարի առաջ ադրբեջանցիները պատանդ են վերցրել ուկրաինական Խարկով քաղաքում: Նա այժմ 27 տարեկան է, մի քանի տարի անընդմեջ բուժվելուց հետո այսօր իրեն լավ է զգում, բայց անկարող է մոռանալ ադրբեջանցիների կտտանքները: Հոգեբանական մի քանի սեանսներից հետո վերացել է խմիչքի հանդեպ ունեցած նրա գայթակղությունը, մոտ մեկ ամիս գրեթե չի խմում:

Իրավաբան Զարուհի Դանիելյանի ասելով, իրենց առավելապես դիմում են բնակչության անապահով խավից, դրանց մեջ բացի խոշտանգումների, բռնությունների ենթարկվածներից, փախստականներից, կան նաեւ բնակարանային, քրեական եւ այլ հարցերով իրավական խորհրդատվության կարիք ունեցող քաղաքացիներ: «Եթե մարդը չգիտի իր իրավունքները, նա չի կարող իրեն պաշտպանված զգալ հասարակության մեջ եւ որեւէ խնդիր ունենալու դեպքում մոլորվում ու դժվարանում է կողմնորոշվել: Հաճախ մեզ դիմում են չափազանց պարզունակ հարցերովՙ ի՞նչ է քաղաքացիությունը, ինչպե՞ս ձեռք բերել ճանապարհային փաստաթղթեր, ի՞նչ տեղեկանքներ ստանալ եւ այլն: Նրանց խորհուրդ տալուց բացի ստիպված ենք լինում պատրաստել հայցադիմում եւ օգնել բողոքը մինչեւ վճռաբեկ դատարան հասցնելու», ասում է նա:

Նրան զարմացնում է, որ քաղաքացիներից շատերը պատկերացում անգամ չունեն, թե ի՞նչ է Եվրոդատարանը: Մարդկանց թվում է, ինչ հարցով ասես կարելի է դիմել այնտեղ, նրանք իրենց վերջին հույսը կապում են դրա հետ: Հասարակությանը մարդու իրավունքների մասին ամենատարրական գիտելիքներ տալու առումով, ըստ նրա, մեծ դեր ունի հեռուստատեսությունը, որն այսօր առավելապես զբաղված է դատական համակարգի անկատարության մասին խոսելով եւ իրավական ոլորտի պաշտոնյաներին գովազդելով: Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող դատավարությունները բնավ չեն ավելացնում մարդկանց իրավական գիտելիքները, ավելինՙ դրանք ծաղրուծանակ են, քանի որ Տիգրան Մուկուչյանը կայացնում է դատարանին հակառակ դատավճիռներ:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4