«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2005-02-05 | #21, 2005-02-08 | #22, 2005-02-09


ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՆԵՐԳՐԱՎԵԼ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԿՈՄԻՍԱՐԻՆ

Փաստահավաք առաքելության աշխատանքների ավարտից հետո Ստեփանակերտում հանդիպելով ԼՂՀ տարբեր բնակավայրերում բնակություն հաստատած փախստականների հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովը մասնավորապես ասել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խնդիրը ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմերի բանակցություններին աջակցելն է: Լուծել այն կողմերի փոխարեն մենք չենք կարող, քանի որ յուրաքանչյուր առաջարկություն, որ կարող են անել համանախագահները, եթե փոխհամաձայնեցված չէ կողմերի հետ, կմերժվի այս կամ այն կողմից, ինչպես դա եղել է նախկինում: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մերձեցվեն դիրքերը, ինչ-որ կերպ կրճատենք դադարի տեւողությունը, որպեսզի բանակցությունները շարունակվեն: Այդ պատճառով սպասել համանախագահներից, որ նրանք կգտնեն ինչ-որ կախարդական լուծում, որը ձեռնտու կլինի միանգամից երկու կողմին էլ, չի կարելի, քանի որ փաստորեն արդեն բոլոր լուծումները փորձարկվել են: Մնում է դրանցից ընտրել ինչ-որ տարրեր եւ այնպես համադրել, որ եթե հարցը նույնիսկ միանգամից եւ ընդմիշտ չլուծվի, ապա գոնե որոշ տարրեր սկսեն լուծվել, որպեսզի հնարավորություն տրվի երկու ժողովուրդներին այս պահի դրությամբ եթե ոչ հաշտվելու, ապա գոնե միմյանց վստահելու եւ փոխադարձ քայլի մեջ չարություն չտեսնելու»:

Փախստականների խնդիրը Յու. Մերզլյակովը բնութագրել է որպես հակամարտության ապագա կարգավորման մի բաղկացուցիչ: Այս առնչությամբ նա նաեւ կասկածանք է հայտնել, որ նախկին բնակության վայրեր վերադառնալը տվյալ պահին հնարավոր չէ: «Չեմ կարող պատկերացնել այն իրավիճակը, եթե, ասենք, Ադրբեջանը հայտարարում է` թող հայ փախստականները վերադառնան Շահումյան: Դուք, ի՞նչ է, մեկնելո՞ւ եք», այսպիսի հարց է առաջադրել նա դահլիճում ներկա փախստականներին:

Նրա կարծիքով, պետք է ապահովված լինեն այնպիսի հարցեր, ինչպիսին, օրինակ, վերադարձողի տարրական անվտանգությունն է: «Պետք է պայմաններ ստեղծվեն այնտեղ, ուր վերադառնում են մարդիկ: Եվ ուր են վերադառնում, ում ինքնիշխանության ներքո են այդ տարածքները: Քանի դեռ այս ամենը չկա, ես գտնում եմ, որ բոլոր կոչերն ընդամենը քարոզչություն են կամ ինքնախաբեությամբ են զբաղվում, կամ էլ ուրիշներին են խաբում», հայտարարել է ռուս համանախագահը:

Քանի որ փախստականների խնդիրներով զբաղվում է փախստականների հարցերով գերագույն կոմիսարի վարչությունը, ուստի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են ներգրավել փախստականների հարցերով գերագույն կոմիսարին, բայց միեւնույն ժամանակ իրենք չեն կարող պնդել, որ կոմիսարը պետք է օգնի: «Կողմերը միասին պետք է դիմեն փախստականների հարցերով գերագույն կոմիսարի վարչությանը` նախապես պայմանավորվելով, որ պետք է օգնություն ցուցաբերվի, ինչպիսի պայմաններով եւ այլ հարցերի շուրջ», ասել է նա:

Նույն կերպ է արտահայտվել նաեւ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, նշելով, որ դեռեւս չի պատկերացնում, թե ինչպես կարելի է լուծել փախստականների հարցը ղարաբաղյան հակամարտության դեպքում:

Շեշտադրելով համանախագահների չեզոքության անհրաժեշտությունը նման պայմաններում, Յու. Մերզլյակովը նաեւ ասել է, որ ճիշտ չէ մեղադրել իրենց համակրանք ու զգացմունքներ չդրսեւորելու համար: Իրենք դատավոր չեն եւ չեն կարող ասելՙ ով է ճիշտ, ովՙ սխալ: Ռուս դիվանագետի խոստովանությամբՙ ամեն մի նման հանդիպումից հետո ցանկություն է առաջանում հրաժարվել աշխատանքից: «Բայց աստվածաշնչյան այն տողը, թե օրհնյալ են խաղաղարարները, քանզի նրանցն է երկնային արքայությունը, հետ է պահում վերջնական որոշումից», ասել է ռուս համանախագահը:

Անդրադառնալով բանակցությունների ներկա վիճակին, Յու. Մերզլյակովը նաեւ նշել է, որ գործընթացը կա ու շարունակվում է, դա հիմնականն է: Նա հույս է հայտնել, որ վերսկսվող Պրահայի խորհրդատվությունների գործընթացում ինչ-ինչ կոնկրետ պայմանավորվածություններ կմշակվեն առանձին հարցերի վերաբերյալ, որոնք հավաքվելու են մեկ փաստաթղթի մեջ:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4