«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2005-02-05 | #21, 2005-02-08 | #22, 2005-02-09


ԱՐԱԲ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐԵԼ ԵՆ XX ԴԱՐԻ ՍԵՎ ԷՋԸ

Հայոց ցեղասպանության 90-ամյակի առթիվ Գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտը լույս է ընծայել պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայոց ցեղասպանությունը արաբական պատմագիտության քննական լույսի ներքո» աշխատությունը: Գիրքը հրատարակվել է պետական աջակցությամբ, Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի որոշմամբ: Հեղինակն իր աշխատությունը նվիրել է 1915 թվականի Հայոց եղեռնի բոլոր նահատակների հիշատակին, «բոլոր առաքինի հայ աղջիկներին, որոնց չթողեցին հարսնանալ, եւ բոլոր հայ տղաներին, որոնք այս աշխարհից հեռացան անմորուս», ինչպես նաեւ «բոլոր ազնիվ արաբներին, որոնք 1915 թվականին մղձավանջային օրերին ազնվություն եւ համարձակություն ունեցան օգնության ձեռք մեկնելու հայ գաղթականներինՙ նրանց բաժին հասած Գողգոթայի ճանապարհին»:

Գրքում հանգամանորեն ներկայացված են արաբական պատմագիտության հետազոտությունները Հայոց ցեղասպանության պատճառների եւ բնույթի, դրա իրականացման մեթոդների եւ մեխանիզմների վերաբերյալ: Շեշտվում է այն կարեւոր հանգամանքը, որ արմենոցիդ (հայասպանություն) եզրը շրջանառության մեջ են դրել արաբ պատմաբանները, համարելով XX դարի մարդկության պատմության սեւ էջը, միաժամանակ ընդգծվում է, որ արաբական պատմագիտությունը Օսմանյան կայսրությունը դիտում է որպես ջարդերի եւ կոտորածների երկիր ոչ միայն հայերի, այլեւ արաբների, հույների, ասորիների, սլավոնների եւ կայսրության ոչ թուրք այլ ժողովուրդների նկատմամբ:

Հեղինակն առանձնակի ուշադրության է արժանացրել ցեղասպանության տարիներին հայ գաղթականներին արաբների ցուցաբերած մարդասիրական օգնությունը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4