Երեկ ԼՂՀ խորհրդարանը, ձմեռային արձակուրդից վերադառնալով, գումարեց այս տարվա առաջին լիագումար նիստը: Oրակարգում ընդգրկված հարցերը ներառում էին իրավատնտեսական տարբեր ոլորտներ: Փոփոխություններ կատարվեցին մի շարք օրենքներում, ընդունվեցին նոր օրենքներ: Մասնավորապես երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքը:
Եթե նախկինում ընդունված օրենքներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները հիմնականում առարկություններ չհարուցեցին, ապա վիճաբանության թեմա դարձավ ԼՂՀ նախագահի «Ռազմական դրությունը երկարաձգելու մասին» հրամանագիրը: ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Արթուր Մոսիյանը, արտահայտելով նաեւ ՀՅԴ խմբակցության տեսակետը, ներկայացրեց իր ղեկավարած հանձնաժողովի եզրակացությունըՙ բացասաբար գնահատելով ռազմական դրության երկարաձգումը: Հիմնավորումն այն էր, որ ռազմական ռեժիմը, ըստ էության, ձեւական է: Խորհրդարանի մեծամասնությունը, սակայն, հիմք ընդունելով տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրողությունները, անհրաժեշտ գտավ ռազմական դրության ռեժիմի պահպանումը ԼՂՀ-ում եւ քվեարկեց նախագահի հրամանագրին համաձայնություն տալու օգտին:
Խորհրդարանն ընդունեց ԼՂՀ հեռուստառադիոընկերության խորհրդի կանոնադրությունը, ինչպես նաեւ վավերացրեց «Ազատ Արցախ» թերթի խմբագրության նկատմամբ հաշվարկված հարկային պարտադիր սոցիալական ապահովագրության եւ այլ վճարների գծով տույժերի վճարումից ազատելու օրինագիծը:
Ազգային ժողովում ԼՂՀ դատախազության մարմինների 2004 թ. ընթացքում կատարած աշխատանքների մասին հաղորդմամբ հանդես եկավ ԼՂՀ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանը: Համաձայն այդ հաղորդման, անցած տարում մարդու, քաղաքացիների, իրավաբանական անձանց եւ պետության իրավունքներն ու շահերը, պետական սահմանադրական կարգն ու անվտանգությունը հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու, հանրապետությունում օրինականության ամրապնդման, օրենքների կատարումն ապահովելու, օրինախախտումների պատճառներն ու դրանց կատարմանը նպաստող պայմանները բացահայտելու եւ վերացնելու ուղղությամբ շոշափելի աշխատանք է կատարվել:
Ըստ օրակարգիՙ հարցեր տրվեցին կառավարությանը: Պատգամավորները իրենց հարցերում մասնավորապես մտահոգություն հայտնեցին Աղավնո գետի հսկիչ կետում ոստիկանության եւ մաքսային ծառայության աշխատակիցների կողմից պարբերաբար վարորդներից փող վերցնելու կապակցությամբ:
Նիստի վերջում պատգամավորները հանդես եկան հայտարարություններով:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ