«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2005-02-08 | #22, 2005-02-09 | #23, 2005-02-10


ԻՐԱՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ

Այլՙ ձեւավորված քաղաքական դաշինքների փոխհամաձայնության պատրաստակամությունը

Հունվարի 30-ին Իրաքում անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, ինչպես հայտարարվել էր, հրապարակվելու են այսօր, իսկ վերջնականները, որոնք արդեն կլինեն պաշտոնական, ենթադրվում է, որ կհրապարակվեն փետրվարի 25-ին: Սակայն անկախ հրապարակման ժամկետներից, հայտնի է, որ ընտրությունների մասնակցել է ընտրողների ավելի քան 60 տոկոսը: Ի տարբերություն շիա արաբների եւ քրդերի երկրում բնակչության 20 տոկոսը կազմող սուննի արաբները հրաժարվել են մասնակցությունից: Ավելին, ՄԱԿ-ին ուղղված հայտարարությամբ դրանք համարել են անօրինական:

Փետրվարի 4-ի համարում անդրադառնալով վերոհիշյալ ընտրություններին, «Ազգը» տեղեկացրել էր, որ դրանց արդյունքում կազմավորվելու է երկրի 257 տեղանոց ժամանակավոր Ազգային ժողովը: Դրա առաջին նիստը կգումարվի ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից երեք օր հետո, ապա երկու շաբաթվա ընթացքում պատգամավորների շարքերից կընտրվեն Իրաքի նախագահն ու երկու փոխնախագահները, որոնք էլ կընտրեն վարչապետին:

Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Իրաքի ժամանակավոր Ազգային ժողովում նախագահի եւ փոխնախագահների ընտրությունները կբախվեն լուրջ դժվարությունների: Դա իր հերթին կբարդացնի վարչապետի ընտրությունը, դրանով էլ բարդությունների առջեւ կկանգնի կառավարության կազմավորումը: Ինչո՞ւ, որովհետեւ փոխնախագահներով հանդերձ նախագահի ընտրության համար 257 տեղանոց Ազգային ժողովում պահանջվում է 184 ձայն, որը հավասար է պատգամավորական տեղերի 2/3-ին:

Նախնական տվյալներով Իրաքի 18 նահանգներից 13-ում շիաների «Միացյալ Իրաք» դաշինքն ստացել է 2,3 մլն, քրդական դաշինքըՙ 1,1 մլն, իսկ Իյադ Ալաուի դաշինքըՙ 620 հազար ձայն: Ձայների այս համամասնության պահպանման դեպքում, որ միանգամայն հնարավոր է, ժամանակավոր Ազգային ժողովում շիաները կստանան պատգամավորական շուրջ 150 տեղ, քրդերըՙ 70, իսկ Ալաուինՙ 30-ի սահմաններում:

Այլ կերպ, ընտրություններում ձեռք բերած հաղթանակը շիաներին պատգամավորական տեղերի 2/3-ը չի ապահովում: Ավելինՙ քրդական դաշինքը, ի դեմս Քրդստանի հայրենասերների միության նախագահ Ջալալ Թալաբանիի, հավակնում է երկրի նախագահի պաշտոնին, այլապես պահանջելով փոխնախագահի կամ վարչապետի պաշտոնը:

Թալաբանին կդառնա՞ Իրաքի նախագահը, թե՞ ոչ, դժվար է կանխատեսել: Սակայն երկրում գործող ժամանակավոր սահմանադրությունը նախատեսում է, որ նախագահի պաշտոնը քրդերին տրամադրելու դեպքում երկու փոխնախագահներից մեկը լինի սուննի, իսկ մյուսըՙ շիա արաբ: Նախագահին սուննիներից ընտրելու պարագայում փոխնախագահները համապատասխանաբար կլինեն քուրդ եւ շիա, իսկ շիա նախագահի ընտրությամբ փոխնախագահները կընտրվեն քրդերից եւ սուննիներից:

Մինչդեռ սուննիները բոյկոտելով խորհրդարանական ընտրությունները, Ազգային ժողով չեն մտել: Հատկանշական է, որ նրանք սպառնում են բոյկոտել նաեւ երկրի նոր սահմանադրությունը, որի նախագիծը մինչեւ առաջիկա օգոստոսի 15-ը պատրաստելն ու հոկտեմբերի 15-ին հանրաքվեի դնելը կազմավորվող ժամանակավոր Ազգային ժողովի առաջնահերթ խնդիրն է:

Սա նշանակում է, որ եթե սուննիները բոյկոտեն սահմանադրությունը, ապա ի չիք կդառնան հունվարի 30-ի խորհրդարանական ընտրությունները, որովհետեւ Իրաքում գործող ժամանակավոր սահմանադրությամբ հանրաքվեի ձախողումը երեք նահանգներում միայն ինքնաբերաբար հանգեցնում է ժամանակավոր Ազգային ժողովի կազմալուծմանը, իսկ կազմալուծումը ենթադրում է կազմավորման համար նոր ընտրությունների նշանակում:

Հետեւաբար Իրաքի խորհրդարանական ընտրությունները բոյկոտող սուննիների հետագա դիրքորոշումը չափազանց կարեւոր է լինելու դրանց արդյունքում կազմավորվող ժամանակավոր Ազգային ժողովի համար, որը կանխորոշելու է երկրի քաղաքական ճակատագիրը: Ինչ խոսք, ճակատագրի առումով կարեւոր են նաեւ շիաների Ալաուի եւ քրդերի դաշինքները: Այն տարբերությամբ, որ եթե սուննիների պարագայում երկրի ճակատագրի վրա կազդի ընտրությունների նկատմամբ վերջիններիս դիրքորոշումը, ապա վերոհիշյալ դաշինքների դեպքում ազդելու են համաձայնության եզրեր գտնելու նրանց կարողությունները:

Հատկանշական է, որ շիաների «Միացյալ Իրաք» դաշինքն իր մեջ ներառում է 16, Ալաուինըՙ 7, իսկ քրդերինըՙ 11 կուսակցությունների եւ խմբավորումների: Հետեւաբար մինչ միմյանց հետ փոխհամաձայնության եզրեր գտնելը, այս դաշինքներից յուրաքանչյուրը պետք է ապահովի այն կուսակցությունների եւ խմբավորումների փոխհամաձայնությունը, որոնց ներառում է: Երբ խոսքը վերաբերում է պաշտոնների բաշխմանը, այն էլ առանցքային, ապա փոխհամաձայնության ձեռք բերումը դաշինքի ներսում հեշտությամբ չի ապահովվում:

Ինչ վերաբերում է վերոհիշյալ դաշինքների փոխհամաձայնությանը, ապա շիաները պայքարում են Իրաքի միասնության համար եւ պահանջում, որ ամերիկացիները հեռանան երկրից: Քրդերը հանդիսանալով ԱՄՆ-ի գլխավոր հենարանն Իրաքում, անկախ քրդական պետության հավակնություններով երկրի համար նախատեսում են դաշնային համակարգ, իսկ Ալաուի դաշինքըՙ ապավինելով պաշտոնական Վաշինգտոնի աջակցությանը, միանգամայն անընդունելի է համարում ամերիկյան զորքերի դուրս բերումը երկրից:

Հունվարի 30-ի խորհրդարանական ընտրությունները չափազանց բարդ էին: Հուսանք, որ հետընտրական շրջանն Իրաքի համար ավելի քան բարդ չլինի, այլապես կսրվեն վերոհիշյալ դաշինքների միջեւ հակասությունները: Դա անխուսափելիորեն կհանգեցնի ներքաղաքական բախումների եւ այդ դեպքում միանգամայն անխուսափելի կդառնա Իրաքի մասնատումը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4