Մայիսից «իզի» քարտերը բոլորին մատչելի կդառնան
Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հայտնեց, որ արդեն համապատասխան լիցենզիա է տրվել երկրորդ օպերատորինՙ «Ղ-տելեկոմ» ընկերությանը, որ պիտի զբաղվի միայն բջջային կապի ծառայություններով: Այժմ ընթանում են բանակցություններ «Արմենտելի» հետ, որն այսօր օգտագործում է 25 մեգահերց հաճախականություն: Այն, նոր լիցենզիայի համաձայն, 2 հավասար մասի կբաժանվի:
Մայիսից «Ղ-տելեկոմը» ծառայություններ կմատուցի սկզբում Երեւանում, հետո ողջ հանրապետությունում: Նա իր հետ շուրջ 100 մլն եվրոյի սարքավորումներ կբերի Հայաստան եւ ենթադրվում է, որ մեզ միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություն կմատուցի:
Հմայակ Հովհաննիսյանն էլ վերջնագիր ներկայացրեց
Հմայակն ակնհայտորեն ավանդների շոուն երկարաձգելու նոր մտադրություններ ունի: Երեկ կառավարության հետ հարցուպատասխանի օրը նա հայտարարեց, որ եթե մինչեւ մարտի 21-ը խորհրդարանական մեծամասնությունը քննարկման չդնի ավանդների վերադարձի հարցը, ինքը դիմելու է պատգամավորներինՙ վերահաստատելու անցած տարեվերջին արտահերթ նստաշրջան գումարելու համար «հավաքած» 66 ստորագրությունները: Եվ եթե այդ էլ չօգնի, դիմելու է ժողովրդին, նրան դրդելով խնդրի ուղղակի լուծման:
Հիշենք, որ նման սպառնալիք Հմայակն էլի տվել էր, արտահերթ նստաշրջանի ենթադրյալ վիժեցման նախօրեին:
Որտեղի՞ց է գոյացել 27մլն դոլարի պարտքը
Հայտնի է, որ Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի վաճառքից գոյացած 130 մլն դոլարի 27 մլնը կառավարության որոշմամբ փոխանցվելու է «Հայռուսգազարդին»ՙ սպառողների նախկին պարտքերը փակելու համար: Ինչի՞ համար այդ գործարքը եղավ, եթե փողերը պիտի այդ ճանապարհով մսխվեին: Ի՞նչ պարտքեր են դրանք, ինչպե՞ս են գոյացել: Բնակչության լայն շրջաններում քննարկվող այս հարցերի հեղինակը Մանուկ Գասպարյանն էր:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքները համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը նրան բացատրեց, որ «խոսքը վերաբերում է մինչեւ 2002 թվականի հոկտեմբերը եղած պարտքերին, ընդհանուր գումարովՙ 20 մլրդ 682 մլն դրամ»:
Էներգետիկայի նախարարությունում ըստ համայնքների արդեն կազմվել է պարտքեր ունեցող բնակիչների ցանկը: Դրանք մարզպետարանների միջոցով կուղարկվեն համայնքներ, որպեսզի մարդիկ տեղեկանան իրենց պարտքերի մասին:
Մանուկ Գասպարյանը, սակայն, պնդում էր, որ սառեցված պարտքի մասին ժողովուրդը չի էլ մտահոգվել, առավել եւս, որ նա համարում է, որ այդ պարտքն իրենը չէ, այլ էլեկտրիկների անբարեխիղճ գործունեության արդյունք:
Իհարկե, դեռ հարց է, էլեկտրիկների՞, թե՞ մի այլ օղակում հափշտակությունների արդյունք է այդ պարտքը, այդ իրողության պարզաբանմամբ ոչ ոք չի զբաղվել: Փաստն այն է, որ խնդիրը դարձյալ լուծվում է պետբյուջեիՙ այսինքն ժողովրդի հաշվին:
Թող ինչ ուզում է անեն
«Արդարություն» խմբակցության անդամ Վարդան Մկրտչյանը կառավարության ուշադրությունը հրավիրեց նպաստի ու թոշակների հույսին ապրող այն մարդկանց վրա, ովքեր չեն հասցրել ստանալ կամ չեն ուզում ստանալ սոցիալական քարտեր: Հնարավոր չէ՞ հետաձգել սոցքարտերի կիրառումը: Սոցապ նախարար Աղվան Վարդանյանը կտրուկ հայտարարություն արեց. «Ոչ, մենք կողմնակից չենք հերթական անգամ ձգձգելու: Մարդիկ եթե հրաժարվում են սոցքարտերից, պիտի հրաժարվեն նաեւ պետության հետ նշված գործառույթների մեջ մտնելուց»:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ