2004 թ. օգոստոսին հրատարակվել է «Համշեն» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության «Ձայն համշենական» ամսաթերթի առաջին համարը, որի խմբագիրը երկու տասնամյակից ավելի համշենահայության պատմության ու ազգագրության հարցերով զբաղվող Սերգեյ Վարդանյանն է:
Ինչպես գրված է թերթի առաջին համարի խմբագրականում, «Ձայն համշենականն» աշխարհի չորս ծագերում սփռված համշենահայությանը համախմբող մամուլ պետք է լինի: Այս նախաձեռնությունը, ինչպես բացատրվում է խմբագրականում, տրամաբանորեն բխում է այն իրողությունից, որ հայ գրականության մեջ, անգամ գիտական եւ քաղաքական որոշ շրջանակներում Համշենի ու համշենահայության մասին պատկերացումները շատ աղոտ են: Տարբեր երկրներում, տարբեր հեղինակներ հրատարակել են մի շարք աշխատություններ, կազմակերպվում են գիտաժողովներ ու քննարկումներՙ նվիրված Համշենի պատմությանը, բարբառին, բանահյուսությանը, ազգագրությանը, սակայն դա հասանելի է միայն մասնագետների եւ հետազոտողների նեղ շրջանակի: Այս հանգամանքը նկատի ունենալով, «Հույն համշենական» թերթը խոստանում է ընթերցողներին ոչ միայն հանգամանորեն տեղեկացնել նշյալ գործընթացների մասին, այլեւՙ հրատարակել համշենագիտական արժեքավոր ուսումնասիրություններ, ծանոթացնել Համշենի պատմությանը, մշակույթին, ազգային ավանդույթներին, ծեսերին ու սովորույթներին, բանահյուսությանը, բարբառին, նշանավոր համշենահայերի կյանքին ու գործինՙ լուսաբանելով նաեւ համշենահայ համայնքների ազգային հասարակական կյանքի տարբեր բնագավառների խնդիրները:
Իրոք որ ամսաթերթը ոչ միայն արժեքավոր տեղեկություններ է պարունակում Համշենի ու համշենահայության պատմական անցյալից, այլեւ ընդգրկում է հայտնի ու անհայտ դեմքերի ու դեպքերի մասին պատմություններ, որոնք այս կամ այն կերպ կապված են ոչ միայն Համշենի անցյալի, այլեւ ներկայի կերտման հետ: Որպես ամբողջական ժապավեն, ամսաթերթն իր համարներում հետաքրքրական կերպով զետեղում է արժեքավոր հրապարակումներՙ թողնելով այնպիսի տպավորություն, թե ոչինչ չի սպրդել խմբագրակազմի աչքերից, ոչինչ, որը կարող է հետաքրքրել աշխարհում ապրող յուրաքանչյուր համշենացու:
Չմոռանանք նշել, որ ամսաթերթն ունի նաեւ ռուսերեն հավելված, որը կարող է օգտակար լինել ընթերցողների ավելի մեծ զանգվածների համար:
Ինչպես արդեն ասացինք, «Ձայն համշենական» թերթի խմբագիրը Սերգեյ Վարդանյանն է, որի գործունեության մասին այս համառոտ տեղեկությունը կհետաքրքրի ընթերցողինՙ օգնելով ավելի ամբողջական կարծիք կազմել ամսաթերթի մասին: Սերգեյ Վարդանյանն աշխատել է տարբեր խմբագրություններում, ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում, հեղինակել է «Հրեղեն ձին», «Հայոց մայրաքաղաքները», «Արեւածաղիկը», «Հայաստանի մայրաքաղաքները», «Թագավորի երազները» եւ այլ գրքեր, «Համշեն» հայրենակցական բարեգործական ՀԿ-ի փոխնախագահն է:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ