Ընկերությունների ներդրումային ծրագրերը հաստատվեցին
Սպառողներին առավել հետաքրքրող սակագների մասին տեղեկատվությունը երեկ հնչեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ժամանակ: Նշվեց, որ այս տարի դրանք չեն բարձրանա: Սակայն նիստը հրավիրվել էր այս երկու ընկերություններին առնչվող այլ խնդիրների առնչությամբ: Քննարկման էին ներկայացվել «Հայռուսգազարդ» եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների 2005-2007 թթ. ներդրումային ծրագրերին համաձայնություն տալու եւ գազասպառման համակարգերի անվտանգության ապահովման սկզբունքների հաստատման հարցերը:
«Հայռուսգազարդի» ներդրումների գերակշիռ մասը կուղղվի գազաբաշխիչ ցանցի ընդլայնմանը
2004 թ. գազամատակարար ընկերությունը ստանձնած ներդրումային ծրագիրը կատարել է 90 տոկոսով: Այսինքն, ներդրվել է մոտ 6 մլրդ դրամ, որից 4,8 մլրդ դրամը ցանցն ընդլայնելու նպատակով: Իսկ 2005-2007 թթ. ընկերությունը ծրագրում է ներդնել 21,5 մլրդ դրամ (առանց ավելացված արժեքի հարկի): Այդ գումարից շուրջ 17 մլրդ դրամը կներդրվի գազաբաշխման համակարգի ընդլայնման նպատակով: Դրա շնորհիվ այս տարի ցանցին միացված բաժանորդների թիվը կհասնի 272 հազարի, 2006 թ.ՙ 360 հազարի, 2007 թ.ՙ 480 հազարի: Ներդրումների մյուս ուղղություններն ենՙ գազամատակարարման համակարգի վերակառուցում, գազաբաշխման եւ գազափոխադրման համակարգերում կորուստների նվազեցում եւ այլն: 2005 թ. համար նախատեսված է 6,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր:
Անդրադառնալով «Հայռուսգազարդի» գործունեությանը, վերջինիս գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը նշեց, որ ծախսափակ բիզնես ունենալու համար անհրաժեշտ է ընդլայնել այն եւ վարել համապատասխան սակագնային քաղաքականություն: «Հայռուսգազարդը» ձգտում է ընդլայնել իր բիզնեսը, իսկ սակագինն այս տարի չի բարձրանա, եթե արտաքին գործոնը չլինի: Այսինքն, եթե Հայաստանին մատակարարվող գազի սակագինը չբարձրանա: Նշվեց, որ ի տարբերություն Հայաստանի, ԱՊՀ այլ երկրներին մատակարարվող գազի գինը ռուսական կողմը թանկացրել է: Այդուհանդերձ, Կարեն Կարապետյանը վերստին ընդգծեց, որ գազը թանկանալու միտում ունեցող պաշար է: Նա նաեւ տեղեկացրեց, որ այս տարի Հայաստանին մատակարարվող գազի ծավալները կավելանան, նախորդ տարվա 1,3 մլրդ խմ-ից հասնելով 1,7 խմ-ի:
Քննարկումներից հետո հանձնաժողովը որոշեց հաստատել «Հայռուսգազարդի» ներդրումային ծրագիրը, միաժամանակ նրան պարտավորեցնելով 2005 թ. գազաֆիկացման ծրագիրը հրապարակել Հայաստանի 5 խոշոր թերթերից առնվազն երկուսում եւ մինչեւ նոյեմբերի 1-ը հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել 2006-2008 թթ. ներդրումային ծրագիրը:
Ներդրումային ծրագրի քննարկման ընթացքում առավել հաճախ բարձրացված հարցը գազասպառման համակարգերի անվտանգությանն էր վերաբերում, որի առնչությամբ հանձնաժողովի ներկայացուցիչը ներկայացրեց հանձնաժողովի մշակած սկզբունքները:
Գազի ներտնային համակարգի հսկողությունը նախատեսվում է հանձնել «Հայռուսգազարդին»
«Անվտանգության հարցն ամենից շատ «Հայռուսգազարդն» է բարձրացրել», քննարկվող փաստաթղթի առնչությամբ հայտարարեց Կարեն Կարապետյանը: Իսկ ներկայացված փաստաթղթով, փաստորեն, ընկերության վրա են դրվելու այն պարտավորությունները, որոնք ի սկզբանե ընկերության համար չէին նախատեսված: Մասնավորապես, համաձայն «Գազասպառման համակարգերի անվտանգության ապահովման սկզբունքների մասին» նախագծի, գազաֆիկացման աշխատանքները (ներառյալ ներտնային համակարգերում) թույլատրվում են միայն «Հայռուսգազարդին» կամ նրա կողմից մրցութային կարգով ընտրված եւ լիցենզավորված կազմակերպություններին: Ընկերությանն են վերապահվում նաեւ գազի անվտանգության կանոնների պահպանման մասին բաժանորդներին պարբերաբար իրազեկումն ու սպասարկումը, ներտնային համակարգերի շահագործման նկատմամբ հսկողության իրականացման իրավունքը եւ պարտականությունը: Ըստ փաստաթղթի, «Հայռուսգազարդի» վրա պետք է դրվեր գազաֆիկացման աշխատանքները կատարած ընկերությունների որակի պատասխանատվությունը: Սակայն, քանի որ նախօրեին այս փաստաթղթի վերաբերյալ ստացվել էին էներգետիկայի նախարարության առաջարկներն ու դիտողությունները, որոշակի դիրքորոշումներ ունեին «Հայռուսգազարդի» ներկայացուցիչները, փաստաթուղթը քվեարկության չդրվեց: Ռոբերտ Նազարյանի առաջարկով, 10-օրյա ժամկետում բոլոր, այդ թվում հասարակական կազմակերպությունների առաջարկները կքննարկվեն հանձնաժողովում, որից հետո միայն կհաստատվեն գազամատակարարման համակարգի անվտանգությանն առնչվող սկզբունքները:
Գազաֆիկացման աշխատանքներ իրականացնող ընկերություններից սպառողների շրջանում հաճախակի դարձած բողոքների առնչությամբ էլ «Հայռուսգազարդի» ղեկավարը ասաց, որ բնակիչներն իրենք են ընտրում այդ կազմակերպությանը եւ իրավունք ունեն նրա անորակ աշխատանքը չընդունել, դատի տալ եւ պատժել այդ կազմակերպությանը: Ընկերությունն այդ շուկան ազատականացրել է, որպեսզի չմեղադրվի մենաշնորհ պահպանելու համար, իսկ մյուս կազմակերպություններին գազաֆիկացման աշխատանքներ իրականացնելու արտոնագիրը տրվում է քաղաքաշինության նախարարության կողմից:
«Հայաստանի էլցանցերը» կատարել է իր ներդրումային պարտավորությունների 35 տոկոսը
Ընկերության ղեկավար Եվգենի Գլադունչիկն ընդունեց թերացման փաստը եւ խոստացավ 2005 թ. ներդրումային ծրագիրը կատարել ամբողջությամբ: 6,1 մլրդ դրամի փոխարեն «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ներդրումները 2004 թ. կազմել են 2,1 մլրդ դրամ: Իսկ թե ո՞րն էր չկատարման պատճառը, ոչ ընկերության ղեկավարի, ոչ մյուս ներկայացուցիչների խոսքերից այդպես էլ պարզ չդարձավ: Միակ հասկանալի պատճառաբանությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, այդ թերացումը բացատրելով ներդրումային ծրագիրը տարվա կեսերին հաստատելու հանգամանքով:
2005-2007 թթ. ներդրումային ծրագրով էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունը պարտավորվում է ներդնել 19 մլրդ 66 մլն դրամ, իսկ միայն 2005 թ.ՙ 7,8 մլրդ դրամ (դարձյալ առանց ավելացված արժեքի հարկի): Ընկերության եւ հանձնաժողովի ներկայացուցիչները հավաստեցին, որ ամեն ինչ կարվի, որպեսզի սպառողի համար դա չհանգեցնի սակագնի փոփոխության:
«Հայաստանի էլցանցերի» ներկայացրած ներդրումային ծրագրից անորոշ էր ներդրումների համար փոխառու միջոցների ստացման մասին ընկերության ներկայացուցչի հավաստիացումը, քանի որ վերջինս հայտնեց, որ այդ առնչությամբ բանակցություններ են ընթանում, եւ չնայած այդ միջոցների ձեռքբերման հավանականությունը մեծ է, բայց 100 տոկոսանոց վստահություն, որ այդ գործարքը կկայանա, ինքը չի կարող տալ: Այդ հանգամանքը հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի առաջարկով արտացոլվեց ընդունված որոշման մեջ:
Հանձնաժողովը, հաստատելով «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ներդրումային ծրագիրը, նաեւ անբավարար գնահատեց 2004 թ. ներդրումային ծրագրի իրականացումը: Բացի այդ, հանձնաժողովն ամրագրեց, որ եթե 2005 թ. վերջին ընկերությունը նույնպիսի թերացումներ ունենա ներդրումային պարտավորությունները կատարելու առումով, ապա նրա նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ:
Քննարկմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Ռոբերտ Նազարյանն ընդգծեց նաեւ, որ հանձնաժողովն ավելի խիստ կլինի ընկերության հատկապես որակական չափանիշների ապահովման ծառայության հարցում: Նրա եւ Եվգենի Գլադունչիկի կարծիքները արմատապես հակադրվեցին ընկերության կողմից էներգիայի մատակարարումների անջատումների հարցում: Եթե Եվգենի Գլադունչիկը, բացի անջատման քայլին դիմելուց այլ ելք չի տեսնում, երբ, ըստ իր բերած օրինակի, 937 բաժանորդ ունեցող համայնքից վճարում են երեքը, ապա Ռոբերտ Նազարյանը հիշեցրեց, որ օրենսդրությամբ անթույլատրելի է բարեխիղճ վճարող բաժանորդի հոսանքի անջատումն, անգամ եթե այդ բաժանորդը միակը լինի տվյալ համայնքում: Նա նաեւ ավելացրեց, որ հանձնաժողովը հետեւելու է, որ նման միջադեպեր չլինեն, եւ խորհուրդ տվեց ընկերության ղեկավարին գտնել այդ խնդրի լուծման տեխնիկական հնարավորություններ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ