«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2005-02-09 | #23, 2005-02-10 | #24, 2005-02-11


ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ Է

Դրան պատրիարքարանի ուշացումով արձագանքըՙ թերեւս անհասկանալի

Ֆրանսիայի խորհրդարանի նախագահ Ժան Լուիզ Դեբրեի գլխավորած պատվիրակությունն օրերս եղել էր Թուրքիայում: Փետրվարի 4-ին պատվիրակության անդամները Ստամբուլում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոս Ժան-Կրիստոֆ Փոսելի ուղեկցությամբ այցելել են Պոլսո հայոց պատրիարքարան: Պատվավոր հյուրերին պատրիարքարանի մուտքի մոտ դիմավորել են հոգեւոր խորհրդի ղեկավար Արամ եպս. Աթեշյանն ու բարձրաստիճան հոգեւորականներ, իսկ ընդունարանումՙ Մեսրոպ Բ Մութաֆյան պատրիարքը:

Ընդունելությանըՙ ողջունելով հյուրերին, Մեսրոպ սրբազանն ասել է, որ Ֆրանսիայի խորհրդարանի նախագահի այցը մեծ պատիվ է, նշել է Պոլսո հայոց պատրիարքարանի դեռեւս 1461 թ. հիմնադրման մասին, ընդգծել հայ-ֆրանսիական կապերի սերտ եւ պատմական բնույթը, այնուհետեւ ավելացրել է. «Այսօր Ֆրանսիայում բնակվող հայերի մեծամասնությունն արմատներով Անատոլիայից է: 90 տարի առաջ կատարված ողբերգությունը ոչ միայն խլեց հայկական ծագում ունեցող հարյուր հազարավոր քաղաքացիների կյանքը, այլեւ բնական միջավայրից արմատախիլ արեց հարուստ եւ տեղական մշակույթը: Ներկայումս թուրքերն ու հայերը պարտավոր են հաշտվել իրենց համատեղ պատմության հետ եւ որպես ժամանակակից աշխարհի քաղաքացիներ բարիդրացիական հարաբերություններ հաստատել եւ առաջ նայել: Այսօր նրանք Անատոլիայում ու Կովկասում կողք-կողքի են ապրում, երբեմն նույնիսկ միեւնույն ընտանիքի անդամների պես: Ժամանակն է հասկանալ, որ համատեղ եւ խաղաղ գոյակցությունն այլեւս այլընտրանք չունի: Պետք է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»:

Ֆրանսիայի խորհրդարանի նախագահ Դեբրեն շնորհակալություն է հայտնել պատրիարքին, ընդգծելով, որ իր այցի բուն նպատակը երկրի կրոնական համայնքների մասին անձամբ տեղեկանալն է: Օրինակ, ասել է նա, հայ համայնքն ունի՞ հոգեւորականներ պատրաստելու իրավունք, ի՞նչ վիճակում են համայնքային կալվածքները, մշակույթի բնագավառում ընդառաջվո՞ւմ են այն խմբավորումները, որոնք Լոզանի պայմանագրով ազգային փոքրամասնություն չեն դիտվում, որքա՞ն են հարգվում մարդու, կանանց, երեխաների եւ փոքրամասնությունների իրավունքները երկրում:

Ժան Լուիզ Դեբրեն մատնանշել է. «Սրանք կենսական խնդիրներ են, եւ Ֆրանսիայի խորհրդարանականներին հուզում է բարեփոխումների հարցում Թուրքիայի պատրաստվածության մակարդակը»: Պատասխանելով պատվավոր հյուրին, Պոլսո հայոց պատրիարքը նշել է. «Եվրոմիությանն անդամակցության առնչությամբ Թուրքիայի ազգային մեծ ժողովը կարեւոր մի շարք օրենքներ է ընդունել: Չեմ կասկածում, որ այս օրենքների լիարժեք կիրառման դեպքում մեր երկրում տեղի կունենան մեծ բարեփոխումներ»:

Տեղեկացնելով այս ամենի մասին, Պոլսո հայոց պատրիարքարանի լրատվական ծառայությունըՙ «Լրաբերը» ինտերնետային էջում տեղեկացնում է նաեւ, որ Մութաֆյան պատրիարքի հանդիպումը Դեբրեի հետ շուրջ մեկ ժամ է տեւել: Առանց պատրիարքի ելույթի բովանդակությանն անդրադառնալու, նշենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի նախագահի այցը պատրիարքարան նշանակալի իրադարձություն է:

Թվում էր, թե պատրիարքարանի լրատվական ծառայությունը ելնելով այս հանգամանքից, հաղորդագրությամբ իսկույն կարձագանքի այցելությանը: Արձագանքի 5 օրվա ուշացումը սակայն գերազանցեց բոլոր ենթադրությունները: Երբ Ֆրանսիայի պես մեծ տերության խորհրդարանի նախագահի փետրվարի 4-ին կատարած այցն արձագանքի է արժանանում փետրվարի 9-ին, ապա ուշացումը նպատակ է ենթադրում: Դա գուցե դժվար է իմանալ, պարզապես կարելի է չբացառել, որ ուշացման հիմքում լինեն այցելության վերաբերյալ հաղորդագրությունը խմբագրելու աշխատանքները:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4