«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2005-02-09 | #23, 2005-02-10 | #24, 2005-02-11


ՀՆԴԻԿ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Վիվիեկ Կումարը սովորում է Երեւանի պետական բժշկական համալսարանում: Ցանկանում է դառնալ սրտաբան եւ ասում է, որ Հնդկաստանում բժշկությունն ամենահարգի մասնագիտություններից մեկն է: Հնդկաստանում ապրել է Կալկաթային մոտ գտնվող քաղաքում եւ ունեցել է հայ ընկերներ: Իսկ Երեւանի պետական բժշկական համալսարանի մասին իմացել է պատահաբար` թերթերից: «Կալկաթայում լույս տեսնող հայկական թերթերից մեկում կարդացի բժշկական համալսարանի մասին: Նաեւ ընկերս էր սովորել այստեղ: Նա մեծ սիրով էր խոսում ոչ միայն համալսարանի, այլեւ Հայաստանի մասին», պատմում է Վիվիեկ Կումարը, որը հայերեն սովորել է ընդամենը 6 ամսում:

Հայաստանի պետական բուհերում ուսանող դառնալու հնարավորություն է տրվում ոչ միայն սփյուռքահայերին, այլեւ արտերկրի քաղաքացիներին: ԵՊԲՀ-ում արտասահմանցի ուսանողների դեկանատը բացվել է 1957 թ.: Սկզբնական շրջանում ուսանողների գերակշիռ մասը սփյուռքահայեր էին, սակայն վերջին տարիներին մեծ է Հնդկաստանի, Սիրիայի, Իրանի քաղաքացիների թիվը: Հնդիկ ուսանողները գերադասում են ուսանել Երեւանի պետական բժշկական համալսարանում: Ներկայումս այստեղ սովորում է շուրջ 700 հնդիկ: Այս հանգամանքը բացատրվում է վճարների մատչելիությամբ: Համեմատության համար նշենք, որ նրանք այստեղ վճարում են միջինը 1500 դոլար, իսկ իրենց երկրումՙ մի քանի անգամ ավելի բարձր:

Ռավինդրա Ռարան Հնդկաստանում ապրում էր երեք հարկանի տանը իր 30 հարազատների հետ: Պատմում է, որ սկզբնական շրջանում դժվար է ընտելացել միայնակ կյանքին: Այցելել է Հայաստանի բոլոր տեսարժան վայրերը, սակայն նրան ամենից շատ հիացրել է ձյունը: «Հնդկաստանի այն քաղաքում, ուր ես էի ապրում, ձյուն հազվադեպ էր գալիս: Իսկ այստեղ այնքան գեղեցիկ է, երբ փողոցներում սպիտակ ձյուն է նստում», ասում է Ռավինդրա Ռարան:

Աղջիկներն իրենց հետ Հայաստան են բերել տարազներ, վառ զարդեր եւ տարբեր իրեր, որոնցով զարդարում են իրենց սենյակները: Սենյակներում փակցված են հնդիկ դերասանների մեծ լուսանկարները: «Ես շատ եմ սիրում տարազներ կրել: Թեպետ ինձ շատ է դուր գալիս, թե ինչպես են հագնվում հայ աղջիկները, այնուամենայնիվ ես գերադասում եմ Հայաստանում էլ կրել մեր ազգային հագուստները», ասում է Իվշա Սյեթը: Հնդկական վառ զարդերի կողքին, սակայն, սեղանին դրված է նաեւ հայկական նուռը:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4